Մատչելիության հղումներ

Հացպանյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Հայկ Հարությունյանին


Անազատության մեջ գտնվող Սարգիս Հացպանյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` խնդրելով ծառայողական քննություն սկսել նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի նկատմամբ:

«Այս դիմումով ես ուզում եմ, որ, ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայկ Հարությունյանը իր` երեկ կատարած արարքի առթիվ ծառայողական քննություն նշանակվի եւ պատիժ ստանա: Սա ոչ միայն իմ պահանջն է, այլ բոլոր դատապարտյալների, որոնց ներկայությամբ է տեղի ունեցել, ինչ տեղի է ունեցել, որի թիվ մեկ ականատեսը հենց ինքը նախարարն է», - հավելեց Հացպանյանը:

Երեկ, հիշեցնենք, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել էր «Վարդաշեն», «Էրեբունի» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախարարը առանձնազրույց էր ունեցել Սարգիս Հացպանյանի հետ: Զրույցի ընթացքում Հացպանյանը նախարարին ասել էր, թե քրեակատարողական հիմնարկում խախտվում են դատապարտյալների իրավունքները: Ի պատասխան նախարարն առաջարկել է իրեն գրավոր տեղեկացնել «կատարվող բոլոր իրավախախտումների մասին»:

«[Թովմասյանը] խոստացավ, որ օրերս իր կողմից լիազորված մարդ կուղարկի «Վարդաշեն», որը կհանդիպի ինձ եւ մնացած բոլոր դատապարտյալների հետ», - ասաց Սարգիս Հացպանյանը:

Նրա խոսքով, հենց այդ առանձնազրույցի ժամանակ էլ «բավականին կոպիտ կերպով միջամտել է» Հայկ Հարությունյանը. - «Երբ ես ասացի, որ աշխատակազմը, երեւի, իր տեղում չէ, Հայկ Հարությունյանը հարձակվեց` գոռգոռալով, շատ կոպիտ, կոշտ, անպարկեշտ արտահայտություններով… Եթե ես իրեն համարժեք պատասխանեի` կռիվ կլիներ: Հրայրը [Թովմասյան] այդքան անակնկալ էր եկել, շշմած էր, մեզ էր բաժանում իրարից… Ինքը շատ անհարմար վիճակում հայտնվեց»:

Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը, հիշեցնենք, «սուտ մատնության» համար 2008 թվականի նոյեմբերին դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման:

Քրեական գործը Հացպանյանի նկատմամբ հարուցվել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որում Հացպանյանը պնդել էր, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG