Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «Հարսնաքար»-ի հարցով արտահերթ նստաշրջան կնախաձեռնի


Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խմբակցությունը երեկ կայացած նիստի ժամանակ քննարկել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով ստեղծված վիճակը եւ այդ կապակցությամբ կատարվելիք քայլերը, «որոնք համահունչ կլինեն հասարակական ընդվզմանը»:

ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, նիստում որոշվել է նախաձեռնել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:

Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական խմբակցություններին առաջարկվել է Հայաստան ժամանող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին մեկական գրավոր հարցում ներկայացնել, նիստում որոշվել է դիմել Ռոմպոյին հարցով` արդյոք Եվրամիությունը մտադի՞ր է հետեւողականորեն պահանջել իր իսկ փաստաթղթերում առաջադրված պահանջների կատարումը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու վերաբերյալ:

«Մինչեւ օրս, դեպքերից ավելի քան չորս տարի հետո, մարտիմեկյան սպանությունները բացահայտված չեն, որեւէ մեկին սպանությունների առնչությամբ մեղադրանք չի առաջադրված», - ընդգծել է ՀԱԿ խմբակցությունը Եվրոպական խորհրդի նախագահին ուղղված հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG