Մատչելիության հղումներ

Թումանյանի դպրոցում ժամանակին 1000-ից ավելի աշակերտ է սովորել, այժմ՝ 10 անգամ պակաս


«Էս երկրում արդեն ոչ մի բանի հետ հույս չունես, եթե մի պուճուր բան ձեռնարկես, որ աշխատես, նաղդ գլխիդ տվող են, եթե անթիկունք մարդ ես»,- ասում է քաղաքում բիզնես սկսելու փորձ արած բնակիչներից մեկը:

Արտադրական երբեմնի հզոր կարողություներ ունեցող Թումանյան քաղաքում այսօր մի գյուղի չափ բնակչություն է մնացել։ Լոռու մարզի այս բնակավայրում վերջին տարիներին բնակիչների թիվը գրեթե կրկնակի նվազել է: Քաղաքի հրակայուն նյութերի գործարանում ժամանակին 700 մարդ է աշխատել: Այսօր ահռելի, բայց քարուքանդ մասնաշենքերով այդ գործարանն ընդամենը 20 աշխատատեղ ունի։

Գործարանի ղեկավարությունը հույս էլ չունի, թե երբևէ կվերականգնվի եղած աշխատատեղերի գոնե մի փոքր մասը։ Հայաստանում կաթսայատների վերացման և արդյունաբերական արտադրանքի ծավալների նվազմանը զուգահեռ, ռուսաստանյան հումքով արտադրվող հրակայուն աղյուսի ու հարակից այլ արտադրանքի երբեմնի պահանջարկն այլևս չկա։ Այժմ աշխատանքի փնտրտուքը քաղաքի շատ բնակիչների հասցրել է Երևան, իսկ ավելի հաճախ՝ Ռուսաստան։

Թումանյանի դպրոցում ժամանակին 1000-ից ավելի երեխաներ են սովորել, նրանց թիվն այժմ գրեթե 10 անգամ պակաս է: 11-ամյա Ռաշիդն ասում է, թե իրենց դասարանում 6 աշակերտ կա։ Անցած տարիներին համադասարանցիների թիվն ավելի է պակասել․ «հիմնականում Ռուսաստան են գնացել»։ Կայծակն արդեն 25 տարի թումանյանցիներին Վանաձոր է տեղափոխում ու հետ բերում։ Ասում է՝ այսօր հատուկենտ ուղևորներով է մարզկենտրոն հասնում, գնացողներն էլ հիմնականում բանկերի հետ գործ ունեցողներն են։

«Սաղ Հայաստանն ինչի՞ վրայա հիմնված՝ բանկերի, մուծումներ անելու, վարկ վերցնելու, ստիպված են, բա ի՞նչ անեն, սոված-ծարավ մարդիկ են»,- ասում է Կայծակը: Երկու տարի առաջ Թումանյան քաղաքի հետ միավորվեցին շրջակա վեց համայնքները։ Քաղաքի 35 միլիոն դրամի չափով բյուջեն ավելի քան երեք անգամ մեծացավ։ 20 տարվա քաղաքապետ Լևոն Զավարյանը հավաստիացնում է՝ խոշորացումից հետո որոշ խնդիրներ լուծվել են՝ աղբահանություն են կազմակերպել, գյուղական բնակավայրերում մանկապարտեզներ են բացել, ճանապարհների որոշ հատվածներ են բարելավել, բայց բնակիչների ակնկալած աշխատատեղերի հարցն առայժմ չեն կարողացել լուծել:

«Դա Հայաստանի ընդհանուր արդյունաբերության զարգացման հետ ա կապված: Եթե Արդյունաբերությունը սկսի զարգանալ, Թումանյանը հաստատ կզարգանա, քանի որ էն, ինչ-որ էստեղ ժամանակին արտադրվել է, պահանջարկ ունի հիմնականում արդյունաբերության մեջ»,- ասաց քաղաքապետը:

Թումանյանցի Ներսես Շահվերդյանն ասում է՝ տարիներ առաջ փորձել է ինքն իր համար աշխատատեղ ստեղծել՝ առևտրի բիզնես սկսել։ Բայց Հայաստանում մանր ու միջին բիզնեսի համար գործող գրված ու չգրված օրենքները մեծ խոչընդոտներ են ստեղծել իր համար։ «Գործ էի ուզում ձեռնարկել, անընդհատ փորձեցին մեկը մյուսով ճնշում դնեն, ես էլ բրախեցի: Էս երկրում արդեն ոչ մի բանի հետ հույս չունես, եթե մի պուճուր բան ձեռնարկես, որ աշխատես, նաղդ գլխիդ տվող են, եթե անթիկունք մարդ ես»,- ասում է Շահվերդյանն ու հավելում՝ ձեռնարկած գործը հինգ տարի առաջ թողել ու այսօր անգործ նստել է։ Արած ներդրումներն էլ միայն վնասներ են բերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG