Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի և Պակիստանի դիվանագետները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպում են անցկացրել Աֆղանստանը գրաված «Թալիբանի» պատվիրակների հետ:
Չորս երկրների ներկայացուցիչները թալիբներին կոչ են արել կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները: Այդ մասին հաղորդել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ կարևոր է երաշխավորել մարդու իրավունքները, պաշտպանել Աֆղանստանում օտարերկրացիների և արտասահմանյան հիմնարկների անվտանգությունը և օրինական իրավունքները:
Բացի այդ, չորս երկրների ներկայացուցիչները թալիբներին կոչ են արել երաշխավորել Աֆղանստանի կանանց և աղջիկների աշխատելու և կրթություն ստանալու իրավունքը:
Հանդիպման մասնակիցները միջազգային համայնքին հորդորել են օգնել Աֆղանստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: