Ռուսաստանում սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ 2022 թվականի երրորդ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը երկրորդ շաբաթվա համեմատությամբ կրկնապատկվել է:
«Ռուսաստանի Դաշնությունում շարունակվում է հիվանդացության աճը, երրորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 339 հազար 40 ախտահարում, դա կազմում է 231 դեպք 100 հազար բնակիչների հաշվով, և դա երկու անգամ գերազանցում է հունվարի երկրորդ շաբաթվա ցուցանիշը»,- հայտարարել է Պոպովան:
Նրա խոսքով, հիվանդացությունն աճում է Դաշնության 83 ռեգիոններում: Նոր դեպքերի կեսից ավելին գրանցվում է Մոսկվայում, Մերձմոսկովյան շրջանում և Սանկտ Պետերբուրգում:
«Բոլոր շրջաններում, որտեղ չեղարկել են սահմանափակումները, հիմա ախտահարումների շեշտակի աճ է»,- նշել է Պոպովան:
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի փոխանցմամբ, կորոնավիրուսի նոր ենթատեսակով՝ «օմիկրոնով» ախտահարվածների 70 տոկոսը չէր պատվաստվել: