Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:32 29.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով պատասխանատվություն է ենթադրվում զինվորական փառքի խորհրդանիշներից մեկը՝ Գեորգևյան ժապավենը պղծելու համար:

Այդ օրենքով Գեորգևյան ժապավենը հրապարակավ պղծելու համար մեղադրված անձին կարող են պարտադրել վճարել մինչև 5 միլիոն ռուբլու տուգանք կամ դատապարտել ընդհուպ 5 տարվա ազատազրկման:

Փաստաթղթում ասվում է, որ ժապավենը կարող է օգտագործվել բացառապես պատմական հիշողության համատեքստում, և դրանից դուրս դրա օգտագործման ցանկացած փորձ պետք է կասեցվի:

Իշխանությունները, սակայն, կարող են արտոնել Գեորգևյան ժապավենի օգտագործումը հանրային միջոցառումների անցկացման ժամանակ:

Ռուսաստանում Գեորգևյան ժապավենը որպես Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի խորհրդանիշ սկսել են կիրառել 2000-ական թվականներից, և գործնականում այն աստիճանաբար վերածվել է Կրեմլի հանդեպ հավատարմության խորհրդանիշի:

Այդ նարնջագույն և սև գծերով ժապավենը մեծ տարածում է ստացել հատկապես Դոնեցկի անջատականների շրջանում և Ուկրաինայում ընկալվում է Ղրիմի բռնակցումը գովաբանելու իմաստով:

Գեորգևյան ժապավենն օրենքով արգելված է Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում և Լիտվայում:

20:31 29.12.2022

ԲելՏա բելառուսական պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր առավոտյան Բելառուսի տարածքում S-300 տեսակի հրթիռ է ընկել:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 10-ի և 11-ի սահմաններում: Տուժածների մասին տեղեկություն չկա: Պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, հրթիռն ընկել է Բրեստի շրջանի Իվանովո գյուղի մոտակայքում:

Պատկան ծառայություններն այդ միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Բելառուսի ուժային կառույցները վերլուծել են երկու հնարավորություն: Ըստ առաջինի, ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռը շեղվել է հետագծից և ընկել է Բելառուսի տարածքում: Վերջերս Լեհաստանում նման միջադեպ է տեղի ունեցել: Ըստ երկրորդի՝ ընկած հրթիռը խոցվել է Բելառուսի ՀՕՊ համակարգի կողմից:

Ավելի ուշ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ S-300 հրթիռը բելառուսական ՀՕՊ համակարգն է վայր գցել:

Ռուսաստանը և Ուկրաինան առայժմ չեն մեկնաբանել Բելառուսի տարածքում S-300 տեսակի հրթիռի ընկնելու թեման:

16:01 29.12.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան «խելագարություն» և «Վաշինգտոնի փիառ ակցիա» է անվանել ՄԱԿ-ի հարթակում Ուկրաինայի խաղաղության հարցով միջազգային համաժողով գումարելու Կիևի առաջարկը:

«Խոսքը փետրվարի 24-ին՝ հատուկ ռազմական գործողության առաջին տարեդարձի օրը, ՄԱԿ-ի հովանու ներքո ինչ-որ «խաղաղության գագաթնաժողով» անցկացնելու մասին է, այն պետք է թույլ տա իրականացնել «խաղաղության բանաձևը», որը հեղինակել է [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանը դա գնահատում է որպես «խելագարություն և վերջին շրջանում խաղաղարարի դերում հանդես գալու փորձեր անող Վաշինգտոնի ևս մեկ փիառ ակցիա»:

«Ոչ մի ուրիշ բացատրություն չկա, նրանք հասել են այն վիճակին, որ հորինում են հերթական խենթ գաղափարը, դրան տալիս են ինչ-որ միջազգային-իրավական տեսք, բայց իմաստը մեկն է՝ ամեն բան անել փրկվելու և ակնհայտը չճանաչելու համար», - հայտարարել է Զախարովան:

16:00 29.12.2022

Կիևում հրթիռ է խոցվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ բեկորներն ընկել են առանձնատներից մեկի վրա: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

«Լիցքավորեք հեռախոսները և այլ սարքերը, ջրի պաշար հավաքեք», - գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում։

Խարկովում դադարեցվել է մետրոյի գնացքների երթևեկությունը։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը գրում է, որ քաղաքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել:

Ուկրաինայի զինված ուժերից հայտնում են, որ հրթիռ է խոցվել Սումիի շրջանի երկնքում։

Նիկոլաևի շրջանի ղեկավար Վիտալի Կիմը գրում է, որ մի քանի հրթիռներ են խոցվել շրջանի մոտ՝ ծովի վրա։

Լվովի մարզում օդային տագնապ է հայտարարված։ Հաղորդվում է Լվովում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին։

Երկու-երեք պայթյուն եղել է նաև Օդեսայում։

Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում հոսանքի կանխարգելիչ անջատումներ են՝ կորուստները նվազագույնի հասցնելու համար։

15:58 29.12.2022

Ուկրաինայի նախագահը երեկ ավանդական ամենամյա ուղերձ է հղել Գերագույն Ռադային։ Վլադիմիր Զելենսկին իր ելույթը սկսել է նրանով, թե ինչպես են վերջին տասն ամիսները փոխել Ուկրաինան և աշխարհը։

«Մեր նպատակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ազատել բոլոր նրանց, ովքեր այժմ գտնվում են գերության մեջ», - հայտարարել է նա և տեղեկացրել, որ պատերազմի սկզբից ի վեր 1456 հոգի է վերադարձվել։

Ըստ Զելենսկու՝ ուկրաինացիներն օգնել են Արևմուտքին վերագտնել իրեն և վերադառնալ համաշխարհային ասպարեզ, և այժմ Արևմուտքում այլևս ոչ ոք չի վախենում Ռուսաստանից։ Հենց Ուկրաինան միավորեց Եվրամիությունը, պնդել է նա:

Ուկրաինան, ըստ երկրի նախագահի, գնում է դեպի հաղթանակ, և կա ազգային միասնություն, գործող պետություն ու աշխարհի աջակցությունը։

Զելենսկին ասել է, որ պետք է լինի միջազգային տրիբունալ՝ «օկուպանտների ռազմական հանցագործների համար»:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի վերականգնումը կլինի Եվրոպայի ամենամեծ տնտեսական նախագիծը։ «Մենք կվերականգնենք կյանքի նորմալ ընթացքը Դոնբասի և Ղրիմի տարածքում», - ասել է նա:

«Արտերկրում գտնվող մեր միլիոնավոր մարդիկ չպետք է փախստական դառնան։ Մենք պետք է նրանց տուն բերենք», - նաև հայտարարել է Զելենսկին։

22:19 28.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մերձավոր համարվող Եվգենի Պրիգոժինի հիմնադրած «Վագներ» ռազմականացած ընկերության վարձկանները վիրավորական արտահայտություններով մեղադրել են երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Ուկրաինական Բախմուտ քաղաքի մատույցներում զինվորական համազգեստով երկու վարձկան տեսանյութ են ձայնագրել՝ դեմքերը ծածկած, որտեղ ասում են․ «Գլխավոր շտաբի պետին, դու․․․ (այստեղ վիրավորական բառ են օգտագործում-խմբ.) մենք արկեր չունենք, այնտեղ տղաները զոհվում են մեզ համար, իսկ մենք այստեղ նստած չենք օգնում։ Մենք այստեղ Բախմուտի տակ կռվում ենք ուկրաինական ամբողջ բանակի դեմ, ո՞ւր ես դու, օգնիր մեզ վերջապես։ Քեզ անվանելու ուրիշ ոչինչ չկա, բացի մեկ բառից… (այստեղ նրանք կրկին վիրավորական բառ են օգտագործում-խմբ.)»։

Հաուբիցի ֆոնին, արկերի համար նախատեսված արկղերի, քողարկիչ ցանցի մոտ նկարահանված տեսանյութը «Վագներին» առնչվող Տելեգրամ կանալներում սկսվել է տարածվել դեկտեմբերի 26-ից։

Ուկրաինական պատերազմում անհաջողությունների համար Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներին մեղադրելու, վիրավորելու առաջին դեպքը չէ սա, բայց առաջին անգամն է, որ մեղադրանքներն ուղղվում են գլխավոր շտաբի պետին։ Ռուսական ռազմահայրենասիրական ալիքները տեսանյութի տարածվելուց հետո սկսեցին գրել, որ այն սարքված է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։

Սակայն «Վագների» ղեկավար, պետերբուրգյան բիզնեսմեն Եվգենի Պրիգոժինը պաշտպանեց իր վարձկաններին։ Իր հետ կապված Տելեգրամ ալիքներով տարածվեց նրա աուդիոհաղորդագրությունը, ուր Պրիգոժինն ասում է․ «Հատուկ ձեր հարցերին պատասխանելու համար ես գնացել եմ տղաների մոտ բինդաժներ։ Դուք հիմա ուկրիանացի ազգայնականներից որևէ մեկին տեսե՞լ եք։ Ես էլ չեմ տեսել։ Մեր հիմնական խնդիրն է գնալ և վերցնել Բախմուտը։ Կարծում եմ՝ Բախումտի գրավումը վաղուց սարերի հետևում չէ։ Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, որոնք, ցավոք, յուրաքանչուր քայլափոխին առաջանում են, հույս ունեմ, որ մենք դրանք կուծենք։ Կլուծենք և կստիպենք լուծել։ Այդ աղմկալից տեսանյութում ազգայնականներ չկան»:

Պրիգոժինը, ըստ էության, հաստատել է արևմտյան վերլուծական կենտրոնների վերջին շրջանի դիտարկումները, որ ռուսական բանակի ռազմամթեքրը վերջանում է։ «Երբ նստած ես տաքուկ կաբինետում, ապա առաջնագծի խնդիրները վատ են լսվում, զինամթերք շատ է ահրաժեշտ, և ցանկալի է, որ բոլորը տեղից շարժվեն»,- առանց անուններ տալու ասել է նա։

«Վագների» մարտիկներից մեկը իր անունը չհրապարակելու պայմանով BBC-ին ասել է, թե կարծում է, որ դա Պրիգոժինի և Պաշտպանության նախարարության միջև հակասությունն է, որը գնալով աճում է։

22:18 28.12.2022

Այսօր օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում Խարկովում։ Ըստ տեղից ստացվող հաղորդումների, ռուսները շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը։ Գիշերն էլ ռմբակոծության տակ էր Խերսոնը, որտեղ հրթիռակոծվել էր նաև ծննդատունը։ Թեժ է իրավիճակը նաև Բախմուտի արվարձաններում։

Արդեն հինգ ամիս է, ռուսական բանակը գրոհում է Դոնեցկի մարզի այս քաղաքը, հրետակոծությունները չեն դադարում, գրեթե բոլոր շենքերը ավերված են, իսկ բնակիչների մեծ մասը հեռացել է։ Մինչև պատերազմը Բախմուտում յոթանասուն հազար մարդ էր ապրում, այսօր մի քանի հազարն է մնացել, հիմնականում ծերեր ու երեխաներ, որոնք գրեթե դուրս չեն գալիս նկուղներից։

Նրանց թվում է Գլեբը, ով երազում է պարզապես դուրս գալ և զբոսնել ընկերների հետ. - «Երազում եմ, որ պատերազմն ավարտվի։ Սա իմ ամենամեծ երազանքն է։ Հետո հնարավոր կլինի ուրիշ բաների մասին երազել։ Երազում եմ ընկերներիս հետ զբոսնել, բայց նրանք չկան, հեռացել են քաղաքից»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցի համաձայն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր գրեթե յոթ հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ է զոհվել։ Վիրավորների թիվն էլ մոտենում է 11 հազարի։

ՄԱԿ-ը հավելում է, թե իրական զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ակտիվ ռազմական գործողությունների գոտուց տեղեկությունը գալիս է ուշացումով։

Մինչդեռ տասը ամիս տևող պատերազմի վերջը չի երևում։ Կիևը բոլոր ամբիոններից հայտարարում է որ ազատագրելու է գրավված բոլոր տարածքները՝ նեռարյալ Ղրիմը, իսկ Մոսկվան շարունակ կրկնում է՝ գրավված տարածքները Ռուսաստանի անբաժան մասն են։ Եվ միայն այս իրողության ներքո է Կրեմլը պատրաստ բանակցել պատերամին վերջ տալու համար։

«Առայժմ խաղաղ կարգավորման որևէ ծրագիր գոյություն չունի», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, որ խաղաղ համաձայնագրի ցանկացած նախագիծ, որը կշրջանցի չորս նոր ռուսական տարածաշրջանների մուտքը Դաշնության կազմ, «ընդունելի լինել չի կարող»։

16:26 28.12.2022

«Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ցանկացած խաղաղ պլան պետք է հաշվի առնի Ռուսաստանի կազմ մուտք գործած նոր տարածքների առկայությունը», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ խաղաղ կարգավորման որևէ ծրագիր գոյություն չունի», - նշել է Պեսկովը՝ պնդելով, որ խաղաղ համաձայնագրի ցանկացած նախագիծ, որը կշրջանցի չորս նոր ռուսական տարածաշրջանների մուտքը Դաշնության կազմ, «ընդունելի լինել չի կարող»։

16:25 28.12.2022

«Ինտերֆաքս-Ուկրաինայի» փոխանցմամբ, այսօր էլեկտրականության դեֆիցիտը երկրի միասնական էներգետիկ համակագում սրվել է։

Գործակալության փոխանցմամբ, պատճառը ռուսական ուժերի կողմից երկրի արևելքում գտնվող մի շարք գազային ենթակառույցներին հասցված հրթիռային հարվածներն են։

«Ուկրէներգո» ընկերության փոխանցմամբ, չնայած համեմատաբար տաք եղանակի պատճառով չորրորդ գիշերն անընդմեջ հովհարային անջատումներ չեն իրականացվում, այնուհանդերձ «Ուկրաինայի էներգետիկ համակարգը բոլոր սպառողներին էլեկտրականությամբ ապահովել չի կարող»։

16:24 28.12.2022

«Այն ռուսաստանցիները, որոնք իրենց երկրին պարտություն են ցանկանում, պետք է զրկվեն մինչև կյանքի վերջը Ռուսաստան վերադառնալու իրավունքից, ինչպես նաև հայրենիքում առկա բոլոր եկամտի աղբյուրներից», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Անբարո այս իրավիճակին, երբ դավաճանները տենչում են սեփական պետության պարտությունը, բայց դրան զուգահեռ նաև գումար են վաստակում Ռուսաստանի հաշվին, պետք է մեկընդմիշտ վերջ տալ», - գրել է Մեդվեդևը իր Տելեգրամ ալիքում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG