Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:53 4.1.2023

«Ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը Ուկրաինային կփոխանցվեն որքան հնարավոր է արագորեն։ Դրան ուղղված նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են», - այսօր հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը Patriot համակարգերի փոխանցումը Ուկրաինային հեղափոխական որոշում է անվանել։

Կիևին Patriot համակարգեր տրամադրելու որոշման մասին Սպիտակ տունը հայտարարել էր անցած տարեվերջին՝ Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության 2 միլիարդանոց փաթեթի շրջանակներում։

16:41 4.1.2023

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ուկրաինացիներին ցուցաբերել ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը։

«Մեր աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացիներին մնում է անփոփոխ: Ես դա պարզ ասացի նախագահ Զելենսկուն այսօր, երբ մենք խոսեցինք հեռախոսով, և ես հասկացրեցի նրան, որ մենք կհոգանք, որ նրանք ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձմռան համար՝ այնքան, որքան անհրաժեշտ կլինի», - գիշերը Թվիթերում գրել է Թրյուդոն։

Երեկոյան ուղերձում Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին աջակցության համար և ասել, որ Թրյուդոյի հետ զրույցը չորրորդ միջազգային զանգն է, որ նա կատարել է տարվա սկզբից։ Ուկրաինայի նախագահն արդեն հասցրել է շփվել նաև Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի վարչապետների հետ։

16:38 4.1.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախատեսում է այսօր հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ ու քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ճեպազրույցում հայտարարել է Կիմիհիրո Իսիկանեն՝ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում հունվարին նախագահող Ճապոնիայի մշտական ներկայացուցիչը։

16:37 4.1.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական հարվածից Մակեևկայում ռուս զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի։

Երկուշաբթի օրը նախարարությունը հաղորդել էր 63 զոհի մասին։

ՌԴ ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալը։

Ըստ գերատեսչության՝ զինվորական անձնակազմի կողմից բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումը թույլ է տվել ուկրաինական կողմին տեղորոշել նրանց գտնվելու վայրը:

17:20 3.1.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը այսօր ասել է, որ ռուսական ուժերը Դոնեցկի մարզում շարունակում են հարձակողական գործողությունները մի շարք ուղղություններով։

Գումարելով նրա հայտնած տվյալները՝ ստացվում է, որ վերջին օրվա ընթացքում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ուկրաինացի 280 զինծառայող է սպանվել կամ վիրավորվել, ոչնչացվել է երկու տանկ, 15 զրահամեքենա, շուրջ երկու տասնյակ մեքենաներ, այդ թվում՝ պիկապներ։ Խարվոկի մարզում էլ երկու դիվերսիոն-հետախուզական խումբ է ոչնչացվել։

Ուկրաինական կողմը հաղորդում է դեկտեմբերի 31-ին մեկ այլ հրթիռակոծության մասին, պնդելով, որ ռուսաստանցի հարյուրավոր զինծառայողներ են ոչնչացվել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Անդրեյ Կովալևը այսօր հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին հարվածել են Խերսոնի մարզի Չուլակովա գյուղում տեղակայված ռուսական ստորաբաժանումներին, որի արդյունքում մոտավորապես 500 ռուսաստանցի զինծառայող է սպանվել կամ վիրավորվել։

Ավելի վաղ հաղոդվել էր նույն օրը Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում ռուսական ուժերի ոչնչացման մասին։ Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է, որ Մակեևկայում 63 զինծառայող է կորցրել։ Տելեգրամ ալիքները հաղորդում էին մինչև 500 զոհի մասին։

17:17 3.1.2023

Շախմատի աշխարհի չեմպիոնուհի ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը 2024 թվականի հունվարից հանդես կգա Շվեյցարիայի դրոշի ներքո։ Նա կդառնա Շվեյցարիայի շախմատի կանանց հավաքականի անդամ, անհրաժեշտության դեպքում հանդես կգա նաև տղամարդկանց հավաքականում։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո նա ռուսաստանցի բարձր մակարդակի առաջին մարզիկն է, ով փոխում է սպորտային քաղաքացիությունը։

2022 թվականին նա ստորագրել էր Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող բաց նամակը։

38-ամյա Կոստենյուկը կանաց շախմատի աշխարհի չեմպիոնուհի է (2008-ից մինչև 2010 թվականը), Ռուսաստանի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն, ազգային հավաքականի կազմում շախմատային համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող։

Ամուսնությունից հետո նա նաև Շվեյցարիայի քաղաքացիություն ունի, երկու անգամ հաղթել է Շվեյցարիայի կանանց առաջնությունում։

Աշխարհի ուժեղագույն կանանց շախմատիստների վարկանիշային աղյուսակում նա հիմա 9-րդ տեղում է, հանդես է գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո։

15:31 3.1.2023

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն առաջին մեղադրանքներն է ներկայացրել Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներին՝ ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները հրթիռակոծելու հրամաններ տալու համար։ Նրանք են՝ Ռուսաստանի հեռահար ավիացիայի հրամանատար Սերգեյ Կոբիլաշը և Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Իգոր Օսիպովը։

Նրանք մեղադրվում են ագրեսիվ պատերազմ նախապատրաստելու և վարելու, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու հոդվածներով։

15:30 3.1.2023

Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ այս ամսվա ընթացքում հանդիպելու է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։

Ուկրաինական հեռուստատեսության եթերում նա ասել է, որ նախատեսվում է քննարկել քաղաքացիական անձանց ազատ արձակելու հարցերը։

«Մեր կողմից մշակված շատ տարբերակներ կան, բայց չգիտենք` արդյո՞ք Ռուսաստանը դրանց հետ համաձայն կլինի», - ասել է Ուկրաինայի օմբուդսմենը։

15:29 3.1.2023

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են գիշերը Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Դրուժկովկա քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման մասին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն Տելեգրամի իր ալիքում գրել է, որ «մեկ հրթիռ ընկել է հենց քաղաքի վրա, հայտնի է, որ երկու վիրավոր կա, և մեկ հրթիռ խոցել է Յակովլևկա գյուղը»:

Ըստ ուկրաինական Տելեգրամ ալիքների՝ հարվածից հետո հրդեհվել է քաղաքում տեղակայված Altair սառցե արենայի շենքը։

15:28 3.1.2023

Ուկրաինան և Եվրամիությունը մեկ ամսից գագաթնաժողով կանցկացնեն Կիևում՝ քննարկելու ԵՄ ֆինանսական և ռազմական աջակցությունը, ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ Վլադիմիր Զելենսկին այս տարվա իր առաջին հեռախոսազրույցում խոսել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման մանրամասների մասին։

«Կողմերը քննարկել են փետրվարի 3-ին Կիևում անցկացվելիք ԵՄ-Ուկրաինա հերթական գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները և պայմանավորվել են ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները», - ասվում է հաղորդագրությունում։

Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի հետագա հզորացման ուղիները՝ «համապատասխան զենք մատակարարելու միջոցով», ինչպես նաև Ուկրաինային 19 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության նոր ծրագիրը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին պնդել է, որ առաջին տրանշը պետք է ուղարկել այս ամիս, ասվում է հաղորդագրությունում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG