Միացյալ Նահանգների իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ուկրաինային ավելի քան 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որն առաջին անգամ ներառում է Bradley հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և Sea Sparrow զենիթային հրթիռներ:
ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ռազմական օգնության խոշորագույն փաթեթներից մեկում 2,85 միլիարդ դոլարը նախատեսված է Պենտագոնի պահեստներից սպառազինության տրամադրման համար, ևս 285 միլիոնը կհատկացվի Ուկրաինայի զինված ուժերի արդիականացման արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորմանը:
Փաթեթում ներառված են, մասնավորապես, 50 Bradley հետևակի մարտական մեքենաներ՝ 500 հակատանկային հրթիռներով և 250 հազար 25 մմ տրամաչափի արկերով, 100 միավոր M113 զրահամեքենա, 18 ինքնագնաց հաուբից, հարյուրավոր հրթիռներ և ավիահրթիռներ, այդ թվում՝ բարձր ճշգրտության, տասնյակ հազարավոր արկեր, HIMARS համակարգերի զինամթերք, Sea Sparrow զենիթային հրթիռներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ, հակահետևակային ականներ և այլ սպառազինություն:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի վեց քաղաքացիների նկատմամբ, որոնք կապված են ռուսական բանակին «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պատժամիջոցների սահմանափակումներ են մտցվել վեց գործադիրների և իրանական պաշտպանական արտադրանքի հիմնական արտադրող «Qods Aviation Industries» (QAI) տնօրենների խորհրդի անդամների նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության տնօրեն Նադեր Խուն Սիավաշի նկատմամբ, որը «պատասխանատու է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի վերահսկման համար»։
Գերմանիան ցանկանում է 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Ուկրաինային փոխանցել Marder տեսակի շուրջ 40 զրահամեքենաներ:
«Ինչ վերաբերում է Marder-ներին, մենք մտադիր ենք մոտ մեկ գումարտակի հաշվով ուղարկել, դա մոտ 40 մեքենա է: Դրանք պատրաստ կլինեն առաջին եռամսյակում: Փորձագետների կարծիքով, ուսումնական շրջանը կտևի երկու ամիս, ուկրաինացի զինծառայողների համար դասընթացները տեղի կունենան Գերմանիայում»,- ասել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը:
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի նաև Patriot տեսակի ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը Սուրբ Ծննդյան կապակցությամբ հունվարի 6-ին միակողմանի հրադադար է հայտարարել՝ Ուկրաինան շարունակել է ռազմական գործողությունները:
Նրա փոխանցմամբ, «Կիևի ռեժիմը չի ընդունել սուրբծննդյան հրադադարը և շարունակել է մարտական գործողությունները: Ուկրաինական բանակը հրետանային կրակ է բացել բնակելի թաղամասերի և ռուսական ուժերի վրա Բելոհրիվկա, Նովոպալիվկա ավանների շրջանում»:
Կոնաշենկովը հավաստիացրել է, որ ռուսական կողմը պատասխան կրակով «լռեցրել է հակառակորդին»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիներ դեռ չեն ուրվագծվում: Այդ մասին նա խոսել է Պորտուգալիայի մայրաքաղաքում Լիսաբոնի համալսարանի 2020 թվականի մրցանակը ստանալուց հետո:
«Ըստ իս, մենք դեռ շատ հեռու ենք այն պահից, երբ կարող ենք լրջորեն խոսել խաղաղության բանակցությունների մասին: Հիմա պետք է ամեն բան անել պատերազմի բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտւղարը:
Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Անկարան պատրաստ է միջնորդել պատերազմը դադարեցնելու գործում:
«Բայց մի օր խաղաղությունը կգա, և այն հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»,- ասել է Գուտերեշը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մոլորակի ուղղափառներին շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ և կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար:
Այդ ուղերձով կաթոլիկ եկեղեցու հովվապետը դիմել է Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում երեկ կիրակնօրյա պատարագին ներկա տասնյակ հազարավոր հավատացյալներին:
«Հատկապես ուզում եմ խոսքս ուղղել Ուկրաինայում մեր տառապող քույրերին և եղբայրներին, ուզում եմ շնորհավորել Սուրբ Ծնունդի առիթով: Թող Փրկչի Ծնունդը հույս տա, ոգևորի և հուշի քայլերը, որոնք կտանեն դեպի պատերազմի ավարտ և խաղաղության հաստատում: Աղոթենք Ուկրաինայի համար»,- ասել է Հռոմի քահանայապետը:
Անցյալ տարվա փետրվարի 24-ից սկսած, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրեթե բոլոր հանրային ելույթներում անդրադարձել է պատերազմին և Մոսկվային կոչ է արել ավարտել արյունահեղությունը: Նա այդ հարցով դիմել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Բրեստի շրջանում՝ Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին գտնվող «Օբուզ-Լեսնովսկի» հրաձգարան, որտեղ վարժանքներ է անցկացնում ռուս-բելառուսական միացյալ զորամիավորումը:
«Ընդհանուր գործ ենք անում»,- դրվատանքով ասել է Լուկաշենկոն՝ ռուսաստանցի սպայի զեկույցը լսելուց հետո:
Նա ընդգծել է, որ համատեղ վարժանքը կարևոր նշանակություն ունի նաև բելառուսական բանակի համար:
«Սա օգնում է նրանց, ովքեր վառոդի հոտ դեռ չեն առել, սա դպրոց է, դաս է, ուզում եմ պատմեք այդ հարցերի մասին»,- ասել է Լուկաշենկոն:
Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններին մասնակցում է միացյալ զորամիավորումը, որի կազմում են մոտոհրաձգային, հրասայլային, հատուկ նշանակության և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:
Վերլուծաբանները չեն բացառում, որ Բելառուսը՝ Կրեմլի ճնշման տակ, կարող է Ուկրաինայի դեմ պատերազմի ինչ-որ փուլում միանալ Ռուսաստանին: Ինքը Լուկաշենկոն մի քանի առիթներով հավաստիացրել է, որ Մինսկը նման մտադրություններ չունի:
Այսօր Բելառուսի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ համատեղ զորավարժությունների համար Ռուսաստանից Բելառուս է բերվել ռազմամթերքի և զինտեխնիկայի հերթական խմբաքանակը:
Բելառուսը 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված այդ պատերազմում առնվազն անուղղակի սատարում է Ռուսաստանին: Այդ կապակցությամբ արևմտյան երկրները մի շարք խիստ պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի նկատմամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թոքաթ նահանգի նույնանուն վարչական կենտրոնում այսօր ասել է, որ Անկարան միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
«Մենք դեմ ենք Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական առճակատման գոտու վերածելուն, Թուրքիան ձգտում է Ուկրաինայում կրակի դադարեցմանը և հարատև խաղաղությանը», - հայտարարել է Աքարը:
Նախօրեին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ընթացող հակամարտությունների կարգավորման հարցերը:
Այսօր այդ խնդրին է անդրադարձել նաև Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը:
Նրա փոխանցմամբ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ առաջիկա ամիսներին ռուս-ուկրաիինական պատերազմը կսաստկանա:
«Դա նշանակում է նոր մահեր, ավերներ և լայնածավալ երկարատև ճգնաժամ: Թուրքիան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել {Ռուսաստանի և Ուկրաինայի միջև} բանակցությունների ճանապարհ հաթելու համար»,- ասել է Քալընը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի 2 միլիարդ 850 միլիոն դոլարի ռազմական օգնություն:
Այդ նոր փաթեթով Կիևը կստանա Bradley տեսակի մի քանի տասնյակ ՀՄՄ-ներ (հետևակի մարտական մեքենաներ):
Ենթադրվում է, որ այսօր Վաշինգտոնը պաշտոնապես կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին: Դա կլինի ցայսօր փոխանցված ամենախոշոր փաթեթը:
Վաշինգտոնը մտադիր է օգնությունը հասցնել մինչև գարուն, քանի որ, ըստ վերլուծությունների, գարնանը կմեկնարկի ռազմական գործողությունների ակտիվ փուլը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները և Գերմանիան պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել Bradley և Marder տեսակի ՀՄՄ-ներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր:
Ուկրաինան թևակոխում է պատերազմի վճռական փուլ, և նրա միակ նպատակը հաղթանակն է, հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Կարող է լինել միայն մեկ նպատակ՝ Ուկրաինայի հաղթանակը։ Սա միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն և արդար խաղաղություն և անվտանգություն Եվրոպայում»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Կուլեբայի խոսքով՝ այս տարի Ուկրաինան դաշնակիցներից կստանա զենք, որը հնարավոր չէր ձեռք բերել 2022 թվականին։ Այդ նպատակով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամենօրյա բանակցություններ է վարում համաշխարհային առաջնորդների հետ, և զենքի մատակարարման վերաբերյալ որոշ որոշումներ կայացվում են հենց այդ խոսակցությունների ընթացքում, ասել է նախարարը։
«Ֆրանսիայից տանկեր և զրահատեխնիկա, ԱՄՆ-ից և Գերմանիայից «Բրեդլի» և «Մարդեր» զրահափոխադրիչներ, լրացուցիչ գերմանական Patriot մարտկոց, զինամթերք և այլն։ Եվ սպասեք ամերիկյան նոր փաթեթի հայտարարությանը։ Նախագահի դիվանագիտական թիմին հաջողվել է համոզել դաշնակիցներին, որ զենքի դեմ տաբուի ժամանակն անցել է»,- գրել է Կուլեբան։
Երկար տատանումներից հետո Ֆրանսիան, հետո ԱՄՆ-ն Ուկրաինային զրահամեքենաներ են խոստացել, ինչը Վլադիմիր Զելենսկին վաղուց էր խնդրում Արևմուտքից։ Փորձագետների կարծիքով՝ դա վկայում է Կիևի արևմտյան դաշնակիցների քաղաքականության փոփոխության մասին։