Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

13:20 11.1.2023

Թուրքիայում հանդիպել են Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ Վերջինս Տելեգրամի իր ալիքում գրել է, որ քննարկվել են երկու երկրների քաղաքացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը։

Ուկրաինայի օմբուդսմենն, իր հերթին, հայտնել է, որ հաջողվել է քննարկել հումանիտար խնդիրների և հարցերի լայն շրջանակ՝ կապված ուկրաինացիներին ու ռուսաստանցիներին իրավապաշտպան օգնություն տրամադրելու հետ։

12:57 11.1.2023

ԱՄՆ-ում կայացել է Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հատուկ տեսաուղերձը։

Նա հիշեցրել է, որ «Ոսկե գլոբուս» մրցանակը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և զուգահեռներ է անցկացրել Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հետ։ Զելենսկին ընդգծել է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում միլիոնավոր մարդիկ են զոհվել, և վստահեցրել, որ «երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի»։

«Ուկրաինան կկանգնեցնի ռուսական ագրեսիան իր հողի վրա»,- եզրափակել է Զելենսկին։

12:54 11.1.2023

Կանադան Ուկրաինայի համար կգնի ԱՄՆ-ի արտադրության առաջադեմ հակաօդային պաշտպանության հրթիռային NASAMS համակարգ, երեքշաբթի հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի գրասենյակը Մեխիկոյում նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո։

Թրյուդոն և Բայդենը Մեքսիկայում մասնակցում են Հյուսիսային Ամերիկայի առաջնորդների հանդիպմանը։

«Կանադան առաջին անգամ ՀՕՊ համակարգ կփոխանցի Ուկրաինային»,- Թվիթերում գրել է պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

ՀՕՊ համակարգերն Ուկրաինայի համար առաջնահերթություն են, երեկ ավելի վաղ ասել է նա իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում։

NASAMS-ը կարճ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ է, որը պաշտպանում է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և օդանավերի հարձակումներից: Ըստ Կանադայի պաշտպանության նախարարության՝ նվիրատվությունը կազմում է մոտ 406 միլիոն կանադական դոլար (302,6 միլիոն դոլար): Անցած տարվա փետրվարից Կանադան ավելի քան 1 միլիարդ կանադական դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։

12:53 11.1.2023

Ռուսական զորամիավորումները մի քանի շաբաթ տևած ակտիվ մարտերից հետո վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքի գրեթե ողջ տարածքը։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են նաև, որ քաղաքի կենտրոնը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Նույնը հունվարի 10-ի երեկոյան հայտարարել է Ռուսաստանի կողմից նշանակված այսպես կոչված «ԴԺՀ»-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Օրվա վերջում հակառակորդը շարունակում է լուրջ կորուստներ կրել ինչպես կենդանի ուժով, այնպես էլ տեխնիկայով, բայց միևնույն ժամանակ շարունակում է դիմադրել», - ասել է Դենիս Պուշիլինը։

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից հայտարարություն է տարածվել նաև այն մասին, որ մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները «հսկողության տակ են վերցրել Սոլեդարի ողջ տարածքը», իսկ քաղաքի կենտրոնում մարտերը շարունակվում են։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, իր հերթին, պնդում է, որ քաղաքը «կիսագրավված» է՝ արևելյան ծայրամասերը գրավված են ռուսական զորքերի կողմից, արևմտյան և հյուսիսայինները վերահսկում են ուկրաինացիները։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուս զինվորները հարձակում են իրականացնում՝ չնայած մեծ կորուստներին։ Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինական բանակը շարունակում է պաշտպանել քաղաքը։

21:46 10.1.2023

Գերմանիայի արտգործնախարարը այցելել է ռուսական հարձակումների թիրախում հայտնված Խարկով՝ խոստանալով շարունակել աջակցությունը Կիևին։

«Ուկրաինայի բոլոր անկյուններում՝ խարկովից մինչև Խերսոն ու Կիև, մարդիկ պետք է իմանան, որ կարող են ակնկալել մեր համերաշխությունն ու աջակցությունը», - ասել է Բերբոկը։

Ուկրաինական կողմը հորդորել է արագացնել հրասայլերի տրամադրումը, որի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում վերջին շրջանում։

«Որքան շուտ մենք ստանանք «Լեոպարդ»-ները, այնքան շուտ պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով, և Եվրոպայում այլևս պատերազմ չի լինի»,-հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Թեև օրերս հաղորդվել էր, որ Լոնդոնը ևս քննարկում է Կիևին տանկեր տրամադրելու հնարավորությունը, սակայն այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը հայտարարել է, թե «վերջնական որոշում այդ հարցով դեռ չկա»։

21:44 10.1.2023

Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավարները այսօր երրորդ համատեղ հռչակագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության մասին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին։

«Կրեմլը փորձում է փոխել անվտանգության կանոնակարգը Եվրոպայում և վերահսկել բոլոր իր հարևաններին», -հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգն ընդգծել է, թե անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը Եվրամիության ու ՆԱՏՕ-ի միջև, ինչպես նաև աջակցությունը Ուկրաինային։

«Պուտինը չի հրաժարվել Ուկրաինայի վերաբերյալ իր ծրագրերից, ուստի դաշնակիցները պետք է «պատրաստ լինեն երկարատև պատերազմի»,- ասել է նա։

ԵՄ առաջնորդները՝ Եվրահանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները հայտարարել են, թե Ուկրաինան պետք է ստանա անհրաժեշտ զինամթերքը, սակայն ուղիղ չեն հստակեցրել՝ հնարավոր է արդյո՞ք հրասայլերի մատակարարում, որի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում վերջին շրջանում։

13:20 10.1.2023

Ռուսաստանը սաստկացրել է հարձակումները ուկրաինական Սոլեդարի ուղղությամբ, ըստ բրիտանական հետախուզության, քաղաքի մեծ մասն անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ։

Նախագահ Զելենսկին վերջին ուղերձում հաստատել է, որ իրավիճակը լուրջ է, և տեղում «կանգուն պատեր չեն մնացել»։

Քաղաքը գտնվում է Բախմուտի մերձակայքում, որը ռուսական ուժերը փորձում են գրավել արդեն մի քանի ամիս։

Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները հայտարարել են, թե պատրաստվում են հավելյալ ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա։ Կրեմլը պնդել է, թե այդ օգնությունը միայն կերկարաձգի հակամարտությունն ու ուկրաինական կողմի տառապանքները։

11:50 10.1.2023

«Դոժդ» հեռուստաալիքը Նիդեռլանդներում հեռարձակման արտոնագիր է ստացել։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին լրագրող Ալեքսանդր Պլյուշևին պատկանող «Պլյուշև» Տելեգրամ ալիքին տված հարցազրույցում ասել է դրա գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն։ Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից:

Անցյալ տարի հունիսին ՌԴ իշխանությունների կողմից հետապնդվող և Ռուսաստանում արգելափակված «Դոժդ» հեռուստաալիքը լիցենզավորվեց Լատվիայում, սակայն դեկտեմբերի սկզբին այդ երկրի իշխանությունները լրատվամիջոցին զրկեցին արտոնագրից «ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով»։

Պատճառը հաղորդավար Ալեքսեյ Կորոստելյովի՝ ուղիղ եթերում ասված խոսքերն էին։ Նա հեռուստադիտողներին կոչ է արել հաղորդագրություններ ուղարկել ուկրաինական պատերազմի համար ռուսների մոբիլիզացիայի ժամանակ հնարավոր խախտումների մասին՝ ասելով. «Մենք հուսով ենք, որ շատ ռուս զինծառայողների ռազմաճակատում կարողացել են օգնել տեխնիկայով և պարզապես տարրական հարմարություններով»: Հաջորդ օրը հաղորդավարը վերապահումով բացատրել է իր խոսքերը:

Հեռուստաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել և հայտարարել հաղորդավարի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Միևնույն ժամանակ, ի նշան հաղորդավարին աջակցության և «բոլորի սխալվելու իրավունքի», հեռուստաընկերության երեք աշխատակիցներ լքել են ալիքը։ Ալեքսեյ Կորոստելյովին արգելվել է մուտք գործել Լատվիա։

17:34 9.1.2023

Ուկրաինայի արևելքում ծանր մարտեր են ընթանում Սոլեդար քաղաքում։ Ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ ռուսական ուժերը մտել են քաղաքի տարածք ու չնայած մեծ կորուստներին փորձում են առաջ շարժվել։ Նա հայտնում է, որ մշտապես լսվում են պայթյունների և հրազենային կրակոցների ձայներ, գրոհային խմբերի միջև մարտերն ընթանում են 20-30 մետրի վրա։

Դոնեցկի մարզի Սոլեդար փոքր քաղաքը գտնվում է Բախմուտից հյուսիս-արևելք։ Ռուսական կողմի հայտնում է, որ գրավել է քաղաքին մոտ գտնվող Բախմուտսկոե գյուղը։

Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին հանդիպել է Բախմուտն ու Սոլեդարը պաշտպանող ստորաբաժանումների հրամանատարներին։

17:12 9.1.2023

Ուկրաինան Վրաստանից խնդրել է իրեն փոխանցել «Բուկ» համակարգերը, որը Կիևը ուղարկել էր Վրաստան 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Այս մասին գրել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։

Կիևը նաև հակատանկային Javelin հրթիռային համակարգեր է խնդրել, որ Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից։ Կասյանովը նշել է, որ Վաշինգտոնը համաձայն էր, առաջարկելով դրանց փոխարեն ավելի ժամանակակից համակարգեր։

«Չնայած Վրաստանի կառավարությունը կտրականապես հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել, Ուկրաինան դեմ է այդ հարցի օգտագործմանը ներքաղաքական վեճերում և հերքում է Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձերի ցանկացած մեղադրանք»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։

Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» պատգամավոր Գիվի Միկանաձեն ասել է, որ Կասյանովի հայտարարությունը կարող է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG