Ռուսական ուժերը հունվարի 14-ին երկրորդ անգամ են հրթիռակոծել Ուկրաինայի բնակավայրերը:
Դնեպր քաղաքում հրթիռը հարվածել է բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, կան մոտ 30 վիրավորներ, նրանց թվում՝ 6 երեխաներ:
Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտնել է, որ քաղաքի այդ թաղամասում ամբողջությամբ անջատվել են էլեկտրականությունը և կենսապահովման համակարգերը:
Ամբողջ գիշերվա ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայությունը պետք է մաքրի շենքի ավերակները:
Հրթիռային հարվածը վերապրած այդ շենքի բնակիչներին տարհանում են կռունկների միջոցով:
Ուկրաինան քրեական գործ է հարուցելու պատերազմի օրենքները և կանոնները խախտելու հոդվածով:
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը մտադիր է հրաժարական ներկայացնել: Այդ մասին է հայտնում Bild գերմանական օրաթերթը:
Bild-ի համոզմամբ, հրաժարականը նոր բարդություններ կստեղծի Ուկրաինային ռազմական օգնության ծավալը բարձրացնելու մտադրություն ունեցող կանցլեր Օլաֆ Շոլցի համար:
Թերթը գրում է, թե «Շոլցի առաջնորդած սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Լամբրեխտը որոշել է հեռանալ և մեկ այլ թեկնածուի ընձեռել գերատեսչությունը ղեկավարելու հնարավորություն: Հրաժարականի ստույգ ժամկետի մասին տեղեկություններ չկան»:
Թերթը նշել է, որ Պաշտպանության նախարարության խոսնակը Լամբրեխտի հրաժարականի մասին խոսակցություններն անվանել է «ասեկոսեներ» և ավելացրել, թե գերատեսչությունը դրանք մեկնաբանելու մտադրություն չունի:
Գերմանիայի քաղաքական շրջանակներում և մամուլում վերջին ժամանակաշրջանում Լամբրեխտին քննադատել են այն բանի համար, որ գերատեսչությունը չի կարողացել արագ վերականգնել երկրի բանակի՝ Bundeswehr-ի հզորությունը, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո պետությունն այդ նպատակով 100 միլիարդ եվրո է հատկացրել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր հեռախոսով զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Սունակը տեղեկացրել է, որ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի «Challenger 2» տեսակի հրասայլեր, ինչպես նաև հրետանային լրացուցիչ համակարգեր:
«Վարչապետն ընդգծել է, որ Բրիտանիայի կառավարությունն ակտիվորեն աշխատելու է գործընկեր պետությունների կառավարությունների հետ և ամեն բան կանի Ուկրաինային սատարելու, նվաճումներն ամրապնդելու, հաղթելու ու հարատև խաղաղության հասնելու համար»,- ասվում է պաշտոնական Լոնդոնի հրապարակած մամլո հաղորդագրությունում:
Հունվարի 6-ին Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Մինչ այդ Գերմանիան և Ֆրանսիան հայտնել են զրահամեքենաներ և հրասայլեր Ուկրաինա ուղարկելու նախաձեռնության մասին:
Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայի իշխանությունները հայտնել են ռուսների կողմից հրթիռային հարվածների մասին: Կիևի և Չերնիգովի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել: Մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում հրթիռներ են պայթել:
«Թիրախավորվել է ենթակառուցվածքը, տեղում արտակարգ իրավիճակների ծառայությունն է աշխատում, պաշտպանվեք ռմբապաստարաններում»,- Տելեգրամ-ալիքում գրել է Ուկրաինայի մայրաքաղաքի ղեկավարը:
«Զերկալո նեդելի» ուկրաինական լրատվական կայքը հաղորդել է նաև Բուչայում և Ուկրաինայի հսկողության տակ գտնվող Զապորոժիեում տեղի ունեցած պայթյունների մասին:
Խարկովում C-300 տեսակի երկու հրթիռներ ընկել են Ինդուստրիալնի շրջանում: Իշխանությունները զգուշացրել են, որ մի շարք թաղամասերում հնարավոր են հոսանքի հարկադիր անջատումներ:
Մարդկային կորուսների մասին հունվարի 14-ի առավոտյան դրությամբ տեղեկություններ չեն եղել:
Մինչ ռուսները երկար ամիսների ձախողումներից հետո հաջողություն են արձանագրում ճակատում, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան արդեն դե ֆակտո դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ. - «Ուկրաինան՝ որպես երկիր, և Ուկրաինայի զինված ուժերը դարձել են ՆԱՏՕ-ի անդամ։ Դե ֆակտո, բայց ոչ դե յուրե։ Որովհետև մենք ունենք զենք և հասկանում ենք, թե ինչպես օգտագործել դրանք: Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք դե յուրե կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ»
Ռեզնիկովը չհամաձայնեց այն ենթադրությանը, որ իր հայտարարությունը դժգոհություն կառաջացնի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ՆԱՏՕ-ի երկրներում, որոնք փետրվարի 24-ից ի վեր անդադար շեշտում են, որ դաշինքը ռուս-ուկրաինական հակամարտության կողմ չէ։ «Սա ճշմարտություն է, սա փաստ է»,- ասել է նա։
Ռեզնիկովը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան տանկեր, մարտական ինքնաթիռներ և հեռահար հրթիռների կայաններ կստանա Արևմուտքից, քանի որ արևմտյան երկրները սկսել են փոխել իրենց վերաբերմունքը Ուկրաինայի Զինված ուժերին զենք մատակարարելու հարցում։
Տասը ամսից ավելի տևով պատերազմը նոր թափ է առնում, իսկ կողմերը շարունակում են պնդել, թե բանակցությւոններն այսօր հնարավոր չեն։ Կիևը ասում է, թե ռուսները պետք է դուրս գան Ուկրաինայի տարածքից, այդ թվում Ղրիմից, ինչից հետո կբանակցեն, իսկ ռուսներն ասում են, թե բանակցություններ կսկսեն Կիևի հետ, եթե վերջինս ընդունի, որ գրավված տարածքները մնալու են Ռուսաստանի կազմում։
Մինչ այդ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Համաշխարհային «խաղաղության գագաթնաժողովը», որն առաջարկել էր անցկացնել Կիևը, տեղի կունենա փետրվարի 24-ին՝ պատերազմի մեկնարկի տարելիցին։ Ըստ Բոդնարի, գագաթնաժողովը կանցկացվի Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Ռուսաստանում տեղեկություններ են ի հայտ եկել, որոնց համաձայն՝ երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբը վերացրել է երեք երեխաների հայրերի համար գործող տարկետումը։ Այս մասին այսօր հայտարարել է Պետդումայի պատգամավոր, ընտանիքի կանանց և երեխաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նինա Օստանինան։
Ռուսաստանում գործող օրենքի համաձայն՝ զորակոչից տարկետումը տրամադրվում է անչափահաս չորս և ավելի երեխա ունեցող տղամարդկանց։ Նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն, մասնակի զորահավաքի մեկնարկին Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարեց, որ տարկետումը տարածվելու է նաև երեք երեխաների հայրերի վրա՝ այդ քայլը «բարի կամքի դրսևորում» որակելով։
Օստանինայի պնդմամբ, սակայն, Գլխավոր շտաբը դեկտեմբերի վերջին չեղարկել է այս որոշումը։ Ռուսաստանի ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ երեք անչափահաս երեխաների հայրերին տարկետումից զրկելու հարցի շուրջ աշխատանքներ են տարվում։
Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, Վիկտոր Մեդվեդչուկին և ռուսամետ հայացքներով հայտնի ևս չորս պատգամավորների այսօր զրկել է մանդատներից։ Այս մասին տեղեկացրել է ուկրաինական խորհրդարանի պատգամավորներից մեկը։
Ռուսամետ հայացքներով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապերով հայտնի Վիկտոր Մեդվեդչուկը ղեկավարում էր Ռադայում ներկայացված խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ «Ընդդիմադիր պլատֆորմ-հանուն կյանքի» դաշինքը, որի գործունեությունը կասեցվել էր 2022-ի ամռանը։
Ինքը՝ Մեդվեդչուկը ձերբակալվել էր պետական դավաճանության մեղադրանքով և մի քանի ամիս ուկրաինական բանտում անցկացնելուց հետո՝ 2022-ի սեպտեմբերին, փոխանակվել էր Մարիուպոլում գերեվարված «Ազով» գնդի մարտիկների հետ։
Մոսկվան պաշտոնապես հայտարարում է Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքի գրավման մասին։ «Սոլեդարի ազատագրումը ավարտին է հասցվել հունվարի 12-ի երեկոյան», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Սոլեդարի գրավումը «կարևոր նշանակություն կունենա Դոնեցկի մարզում հարձակողական գործողությունների շարունակության տեսանկյունից»։
Մոտ 10 հազար բնակիչ ունեցող քաղաքի գրավման մասին տեղեկությունները շրջանառվում էին շաբաթասկզբից։ Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Սոլեդարի ուղղությամբ հարձակմանը հիմնականում մասնակցում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինի կողմից ստեղծված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները։
Պաշտոնական Կիևը Սոլեդարի գրավման մասին լուրերն առայժմ չի մեկնաբանում։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է կրկին այցելել Կիև, գրում են բրիտանական The Guardian և Times թերթերը։
Ուկրաինական աղբյուրները նույնպես հաստատել են Ջոնսոնի ծրագրած այցը, սակայն նշել են, որ ժամկետների մասին կոնկրետ տեղեկություններ չունեն։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ իր հերթական զեկույցում առաջին անգամ նշում է, որ «ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի տարածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, և նրանց, ըստ երևույթին, հաջողվել է ուկրաինական զորքերը դուրս մղել բնակավայրի արևմտյան ծայրամասերից»։
Միևնույն ժամանակ, ինստիտուտի փորձագետները կարծում են, որ «հունվարի 11-ին Սոլեդարի հավանական գրավումը իրավիճակի օպերատիվ կարևոր զարգացում չէ, և այն չի հանգեցնի Բախմուտի շրջապատմանը»: