Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:18 23.3.2023

Կիևի մարզի Ռժիշչև քաղաքում զոհերի թիվը հասել է 9-ի։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ չորեքշաբթի գիշերը Կիևի շրջանը և երկրի այլ շրջանները ենթարկվել են կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։

«Հարձակման զոհերի ընդհանուր թիվը 9 է, Ռժիշչևում որոնողափրկարարական գործողությունն ավարտվել է»,- «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիևի վարչության ներկայացուցիչ Վիկտորյա Ռուբանը։

Փրկարարական աշխատանքներն ավարտվել են մարտի 23-ին՝ ժամը 00:52-ին, նշել են ծառայությունից։

14:17 23.3.2023

ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում ասել է, որ գագաթնաժողովը նվիրված է լինելու «հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներին և գլոբալ մարտահրավերներին», ներառյալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը:

Դա, նրա խոսքով, ներառում է ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը։ Նույն համատեքստում կքննարկվի պարենային գլոբալ անվտանգության հարցը։

Ինչպես նշել է Միշելը՝ «մեր նպատակն է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում»։

Դա անելու համար, ինչպես նա ասում է իր նամակում, «մեզ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների մեծացման համար»։

Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, տեղի կունենա եվրագոտու գագաթնաժողովը, որին կմասնակցեն միության բոլոր 27 երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը և Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն՝ քննարկելու համար տնտեսական և ֆինանսական իրավիճակը։

14:16 23.3.2023

Արևմուտքը պետք է պատրաստվի Կիևին երկար ժամանակ զենք և զինամթերք մատակարարելուն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The Guardian-ին տված հարցազրույցում։

Ստոլտենբերգի խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և արևմտյան այլ երկրներ պետք է պատրաստ լինեն «երկար ժամանակ զենքով, զինամթերքով և պահեստամասերով աջակցել Ուկրաինային»։

«Դրա անհրաժեշտությունը կշարունակվի, քանի որ սա քայքայման բերող պատերազմ է», - ասել է գլխավոր քարտուղարը՝ շարունակելով. - «Խոսքը վերաբերում է աջակցությունը շարունակելու արդյունաբերական ներուժին»:

«Զինամթերքի ընթացիկ օգտագործման տեմպերն ավելի բարձր են, քան արտադրության ներկայիս տեմպերը», - հավելել է նա։

ՆԱՏՕ-ի ղեկավարը չի բացառել նաև, որ դաշինքի անդամները կարող են Ուկրաինա ուղարկել F-16 կործանիչներ կամ այլ ռեակտիվ ինքնաթիռներ։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու Չինաստանի ցանկության մասին՝ Ստոլտենբերգը հորդորել է Պեկինին՝ փորձել «հասկանալ Ուկրաինայի հեռանկարները» և «ուղղակիորեն համագործակցել նախագահի (Վլադիմիր Զելենսկիի) հետ»:

17:40 22.3.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնբասի շրջան՝ Բախմուտ, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինծառայողներին:

Նա զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ և նրանց մեդալներ է հանձնել խիզախ ծառայության համար:

«Ինձ համար պատիվ է լինել այստեղ, Ուկրաինայի արևելքում, Դոնբասում», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, այս պատերազմում պետք է խնայել հնարավորինս մեծ թվով ուկրաինացի զինվորների կյանքեր:

«Դուք անհրաժեշտ եք մեր երկիրը պաշտպանելու համար: Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Զելենսկին:

Հանդիպումից հետո զինծառայողները լուսանկարվել են Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

17:38 22.3.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արդիականացումը կավարտվի այս տարվա ընթացքում: Այդ մասին նա ասել է պաշտպանական գերատեսչության խորհրդի նիստում:

Ռուսաստանը մի քանի անգամ Ուկրաինային մեղադրել է պատերազմի մեկնարկից ի վեր բուն Դաշնության տարածքում անօդաչուներով գրոհներ իրականացնելու համար:

«Մեզ համար առաջնահերթություն է օդային և տիեզերական ուժերի զարգացումը, նոր համակարգեր բանակին փոխանցելը: Այս տարում մենք ամբողջությամբ կավարտենք Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացումը», - հավաստիացրել է Շոյգուն:

Նա հայտնել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 հազար ուկրաինական ռազմական թիրախներ:

17:38 22.3.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արդիականացումը կավարտվի այս տարվա ընթացքում: Այդ մասին նա ասել է պաշտպանական գերատեսչության խորհրդի նիստում:

Ռուսաստանը մի քանի անգամ Ուկրաինային մեղադրել է պատերազմի մեկնարկից ի վեր բուն Դաշնության տարածքում անօդաչուներով գրոհներ իրականացնելու համար:

«Մեզ համար առաջնահերթություն է օդային և տիեզերական ուժերի զարգացումը, նոր համակարգեր բանակին փոխանցելը: Այս տարում մենք ամբողջությամբ կավարտենք Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացումը», - հավաստիացրել է Շոյգուն:

Նա հայտնել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 հազար ուկրաինական ռազմական թիրախներ:

16:28 22.3.2023

Ռուսական ուժերն այսօր հրթիռակոծել են Զապորոժիե քաղաքը: Հրթիռներից մեկը հարվածել է 9-հարկանի բնակելի շենքին, որը մասամբ ավերվել է: Սկսվել է հրդեհ, այն տարածվել է հարևան շենքի վրա:

Տուժել են 18 բնակիչներ, այդ թվում` երեխաներ: 11 չափահասներ փոխադրվել են հիվանդանոց, նրանցից 4-ը ծանր վիճակում են, 7-ի վիճակը միջին ծանրության է:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ ալիքում տեղադրել է շենքին հրթիռի հարվածելու պահն արձանագրած տեսանյութը:

«Ռուսաստանը գազանի դաժանությամբ հրթիռակոծում է քաղաքը, հրթիռները հարվածում են բնակելի թաղամասերին, որտեղ ապրում են շարքային մարդիկ, երեխաներ: Ահաբեկիչ պետությունը փորձում է ոչնչացնել մեր քաղաքները, մեր պետությունը, մեր մարդկանց»,- գրել է Զելենսկին տեսանյութի տակ:

15:06 22.3.2023

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը մոսկովյան բանակցությունների ընթացքում չեն քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման Կիևի առաջարկած ծրագիրը:

Խոսնակի փոխանցմամբ, քննարկումների առանցքում եղել է ուկրաինական հիմնահարցի կարգավորման չինական տարբերակը:

«Այսպես կոչված «Զելենսկու ծրագիրը» պետք է դիտել ուկրաինա-չինական երկկողմ հարաբերությունների համատեքստում», - ասել է Պեսկովը:

15:05 22.3.2023

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե որոշելով շարունակել Սև ծովի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքները՝ Միացյալ Նահանգները դրդում է ռուսական կողմին հակամիջոցներ ձեռնարկել:

Նա ասել է, թե անցած շաբաթվա ընթացքում Սև ծովում կործանված անօդաչուն հայտնվել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» անցկացման կապակցությամբ ռուսների սահմանած թռիչքների արգելման գոտում:

«Ամերիկացիները ցուցադրաբար, ցինիկորեն և ակնհայտ հրապարակային մակարդակով մերժում են այդ քայլի {օդային տարածքում հատուկ ռեժիմ սահմանելու} օրինականությունը, հայտարարում են, թե կշարունակեն իրենց գործողությունները: Մենք նրանց կոչ ենք անում չփորձել խաղալ մեր նյարդերի հետ, պետք չէ չարաշահել մեր համբերությունը», - հայտարարել է Ռյաբկովը:

15:03 22.3.2023

Չինաստանի խաղաղության պլանը կարող է հիմք ընդունվել կարգավորման համար, «երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքն ու Կիևը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը երեկ Չինաստանի նախագահի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ:

Սի Ծինպինի Մոսկվա պետական այցի երկրորդ օրվա արդյունքներով Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսից պարզ է դառնում, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, կամ այդ պայմանավորվածություններն այնպիսին են, որ երկու նախագահները որոշել են հրապարակայնորեն չխոսել դրանց մասին։

Չինաստանի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ Պեկինն առաջնորդվում է ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներով և անաչառ դիրքորոշում ունի ուկրաինական ճգնաժամի նկատմամբ, հանդես է գալիս խաղաղության և երկխոսության օգտին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG