Արտահոսքի արդյունքում համացանցում հայտնված ամերիկյան փաստաթղթերի համաձայն՝ ամիսներ առաջ Պուտինի մտերիմ Եվգենի Պրիգոժինին պատկանող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ուկրաինական պատերազմի համար փորձել է զենք գնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։
The Washington Post թերթի լրագրողները վերլուծել են արտահոսքի արդյունքում հրապարակված գաղտնի փաստաթղթերը: Նրանք գրում են, թե ամերիկյան հետախույզները կարողացել են տեղեկություն ստանալ «Վագներ»-ի ծրագրերից գաղտնալսման արդյունքում։ Հետախույզների զեկույցներից մեկի համաձայն՝ փետրվարի սկզբին «Վագներ»-ի ներկայացուցիչները հանդիպել են «Թուրքիայում գտնվող զրուցակիցների հետ՝ թուրքական կողմից զենք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով», ընդ որում, ըստ այդ փաստաթղթերի, «Վագներ»-ն ուզում էր զենք գնել Ուկրաինայում և Մալիում ռազմական գործողությունների համար:
Փաստաթղթերից հայտնի չէ, թե ինչպես են ավարտվել բանակցությունները՝ գնե՞լ է «Վագներ»-ը զենք թուրքական կողմից, թե՞՝ ոչ, և արդյո՞ք Թուրքիայի իշխանությունները որևէ բան գիտեն այդ բանակցությունների մասին։
The Washington Post-ի լրագրողները վերլուծել են ԱՄՆ ազգային անվտանգության գաղտնի ավելի քան 50 էջ փաստաթղթեր, որոնց վերջերս են հրապարակային դարձել արտահոսքի հետևանքով: Համաձայն այդ փաստաթղթերի՝ Պուտինի մերձավոր զինակցի ղեկավարած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը փորձել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից զենք գնել։
«Փետրվարի սկզբին «Վագների» ներկայացուցիչները հանդիպել են թուրքական կոնտակտների հետ՝ հույս ունենալով զենք և տեխնիկա ձեռք բերել Մալիում և Ուկրաինայում «Վագների» գործողությունների համար», - ասվում է փաստաթղթում, գրում է WP-ն։
Ենթադրվում է, որ Մալիի ժամանակավոր նախագահը հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է Թուրքիայից զենք գնել «Վագների» անունից։
Փաստաթղթերից հայտնի չէ, թե ինչպես են ավարտվել բանակցությունները, և արդյոք Թուրքիայի իշխանությունները որևէ բան գիտեն դրանց մասին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ավանդական Սուրբ Զատիկի ուղերձը նվիրել է Ուկրաինայի խաղաղությանը։
Կիրակի օրը ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ հավաքվել էր շուրջ 100 հազար մարդ, նա հիշեցրել է աշխարհի դժբախտությունների մասին։
Հռոմի պապը խաղաղության կոչ է արել։
«[Տեր], օգնիր սիրելի ուկրաինացի ժողովրդին գալ խաղաղության և Սուրբ Զատկի լույս սփռի ռուս ժողովրդի վրա», - ասել է հովվապետը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հորդորել է ռուսներին պարզել իրականությունը Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման մասին, նշում է Reuters-ը։
Զապորոժիեի հերթական հրթիռակոծության հետևանքով բնակելի շենքը մասամբ ավերվել է բռնկված հրդեհից։ Պայթյունը մասամբ վնասել է հարևան տները, ջարդվել են ապակիները։
Ժամը 08:00-ի դրությամբ տեղեկությունների համաձայն՝ զոհվել ՝ երկու հոգի՝ 50-ամյա հայրը և նրա 11-ամյա դուստրը։
Փլատակների տակից Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փրկել է 46-ամյա մորը, ավագ դուստրը տանը չի եղել:
Ուկրաինայի արևելք անցած տարվա փետրվարի 24-ին ներխուժած ռուսական ուժերը երեկվա ընթացքում նախաձեռնել են մոտ 60 գրոհներ, որոնք ուկրաինացիները կարողացել են հետ մղել: Այդ մասին այսօր հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, որի փոխանցմամբ, ռուսները Դոնեցկի շրջանում հարձակումներ են իրականացնում Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ:
«Անցած 24 ժամում թշնամին նախաձեռնել է 2 հրթիռային և 35 օդային գրոհներ և ավելի քան 40 հրթիռահրետանային հարվածներ»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրութունում:
Ուկրաինացիների փոխանցմամբ, դատելով Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռուսների գործողություններից, նրանք պատրաստվում են քաղաքացիական բնակիչներին տարհանել գրավված Ղրիմի թերակղզի:
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են, որ այսօր Ֆեոդոսիայում ռուսական ուժերը վայր են գցել մեկ ուկրաինական հրթիռ:
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում քննարկման են ներկայացվել Քրեական օրենսգրքի լրամշակումներ, որոնք ենթադրում են ցմահ ազատազրկում պետական դավաճանության համար և առավել խիստ պատժաչափեր ահաբեկության համար:
Նախօրեին այդ լրամշակումների մասին հայտնել է Պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը: Նրա խոսքով՝ լրամշակումների քննարկումը կիրականացվի արագացված կարգով:
Այսօր գործող օրենքով ահաբեկչական գործողության համար նախատեսվում է առավելագույնը 15 տարի, մինչդեռ, լրամշակումը ենթադրում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Բացի այդ, նախատեսվում է խստացնել պատժաչափերն ահաբեկչական գործուղություններին նպաստելու, ահաբեկչական կազմակերպություններ ստեղծելու, ինպես նաև դիվերսիաների համար:
The Bell կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինը կառավարության պաշտոնյաներին արգելել է առանց հատուկ թույլտվության հեռանալ Ռուսաստանի տարածքից:
Արգելքը տարածվում է նախարարների, նրանց տեղակալների, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների և վարչությունների պետերի վրա:
Փորձագետների համոզմամբ, իշխանությունները ցանկանում են կանխել այդ կատեգորիայի քաղաքացիների հնարավոր փախուստն արտասահման:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ բանակցել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցի շուրջ:
«Ռուսաստանը պետք է հասնի այն պահին, երբ պատրաստ կլինի ներգրավվել կառուցողական բանակցություններում: Հրադադարի գաղափարն, իհարկե, շատ գրավիչ է, բայց եթե այն հիմա հաստատվի, դա կնշանակի վավերացնել Ուկրաինայի տարածքի զգալի մասի գրավումը Ռուսաստանի կողմից», - ասել է Բլինքենը:
Медиазона կայքի և BBC ռադիոկայանի ռուսական ծառայության անցկացրած համատեղ հետազոտության տվյալներով` 2023 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ուկրաինայում զոհվել է 19 հազար 688 ռուսաստանցի զինծառայող:
Խոսքն անուն-ազգանուններով հայտնի զոհված մարդկանց մասին է, որոնց մահվան փաստը հաստատվել է պատկան ատյանների կողմից:
Զոհվածներից ավելի քան 2 հազար 200-ը սպաներ են, 220-ը գնդապետի կամ ավելի բարձր կոչում են ունեցել:
Ամենից շատ զոհեր են Կրասնոդարի երկրամասից, Սվերդլովի, Չելյաբինսկի և Վոլգոգրադի շրջաններից, Բաշկիրիայից և Բուրյաթիայից զորակոչվածների շրջանում:
Առնվազն 1783-ը մասնակի զորակոչի հրամանով են տարվել բանակ: Ուկրաինայում վիրավորում ստացած կամ անհետ կորած ռոուսաստանցիների թիվը հայտնի չէ:
Ըստ զեկույցը կազմած լրագրողների, Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների իրական թիվն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել է մի շարք պատժամիջոցների ռեժիմը, որոնք սահմանվել են, մասնավորապես, ամերիկյան ընտրական գործընթացներին ռուսական միջամտության առնչությամբ, ինչպես նաև Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած փաստաթղթում։
Նշվում է Մոսկվայի ջանքերի մասին՝ խոչընդոտելու ազատ և արդար ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և խարխլելու ԱՄՆ-ի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նրա և նրա դաշնակիցների ու գործընկերների տարածքում, ինչպես նաև ԱՄՆ-ի դեմ ուղղված կիբեր գործողություններին։
Վաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ պետությունների տարածքային ամբողջականությունը։