Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում 478 երեխա է զոհվել, 960 երեխա էլ վիրավորվել է։ Ընդ որում, դատախազությունը շեշտում է, որ թվերը վերջնական չեն:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին զեկույցի համաձայն, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի ապրիլի 23-ը Ուկրաինայում սպանվել է 8574 խաղաղ բնակիչ։
Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը այսօր, այցելելով առաջնագիծ, խոստացել է շարունակել մարտերը Բախմուտի համար։
Դոնեցկի մարզի այս ոչ մեծ քաղաքի համար մարտերը ավելի քան կես տարի շարունակվում են։ Ռուսական կողմից հիմնականում կռվում են Պրիգոժինի «Վագների» վարձկաններն ու դեսանտային զորքերի ստորաբաժանումները։ Վերջին շրջանում նրանք գրավել են Բախմուտի մի մասը։
«Չնայած բոլոր խորհուրդներին և կանխատեսումներին, մենք կշարունակենք պահել մեր դիրքերը Բախմուտում՝ ոչնչացնելու «Վագների» վարձկաններին և ռուսական բանակի առավել մարտունակ ստորաբաժանումներին», - այսօր ասել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Տեսանյութի հետ հրապարակված տեքստում Սիրսկին ասել է, որ մի շարք անհրաժեշտ որոշումներ է կայացրել արդյունավետ պաշտպանություն ապահովելու և թշնամուն առավելագույն կորուստներ պատճառելու համար։
Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, թե Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել սպառազինությունների արտադրությունը արագացնելու համար՝ բավարարելու ռուսական բանակի կարիքները ուկրաինական պատերազմում: Նա հավաստիացրել է, որ բանակը անհրաժեշտ սպառազինությունն ունի 2023 թվականին մարտի դաշտում օգտագործելու համար։ Նա միաժամանակ հրթիռներ արտադրող ձեռնարկություններին կոչ է արել կրկնապատկել գերճշգրիտ հրթիռների արտադրությունը։
Շոյգուն հայտնել է, որ 2022-ի սկզբի համեմատ Պաշտպանության նախարարության կողմից զենքի գնումները աճել են 3 անգամ, իսկ հատուկ պահանջվող զինատեսակների գնումները՝ 7 անգամ։
ՌԴ պաշտպանության նախարարի ասելով՝ ռուսական ուժերը հաջողությամբ հարվածում են ուկրաինական զինապահեստներին, որտեղ պահվում է արևմտյան զենքը։
Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր արդեն 478 երեխա է մահացել, այսօր հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Ուկրաինայի դատախազության հաշվարկներով՝ ևս 960 երեխա վիրավորվել է։
«Այս թվերը վերջնական չեն: Շարունակվում են աշխատանքները պատերազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում», - ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին զեկույցի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023-ի ապրիլի 23-ը Ուկրաինայում սպանվել է 8 հազար 574 խաղաղ բնակիչ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բենդորֆում, հանրության հետ երկխոսության ընթացքում, ասել է, որ Գերմանիայից ստացած զենքը Ուկրաինան չպետք է օգտագործի Ռուսաստանի տարածքը հրետակոծելու նպատակով։
Նա նշել է, որ մյուս երկրները ևս Կիևի առաջ այդպիսի պայման են դնում։
Շոլցը պարզաբանել է, որ Կիևին օգնությունն անհրաժեշտ է, բայց այն չպետք է հանգեցնի հակամարտությունում ՆԱՏՕ-ի ներգրավմանը։
Ուկրաինայում գործարկվել է անհետ կորածների միասնական ռեեստրը, որտեղ մուտքագրվում են նրանց վերաբերող բոլոր տվյալները։
Անհետ կորածների հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն ապրիլին հայտնել էր, որ շուրջ 7 հազար ուկրաինացի զինծառայող անհետ կորած է համարվում։ Նա նշել էր, որ անհետ կորած զինծառայողների սովորաբար 60-65 տոկոսը գերեվարվածներ են լինում, մնացածը՝ զոհվածները։
Ռուսաստանի պատերազմական գործողությունների հետևանքով պաշտոնական տվյալներով անհետ կորած է համարվում մոտավորապես 23 հազար ուկրաինացի։
Դուբլինում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել բոյկոտել իռլանդական Jameson վիսկին՝ արտադրող ընկերության կողմից Ռուսաստանի տարածքում այդ խմիչքի վաճառքը չդադարեցնելու համար։
Իռլանդիայի հանրային RTE հեռուստաընկերության փոխանցմամբ՝ «դեսպան Լարիսա Գերասկոն մեղադրել է Jameson-ին Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆինանսավորման հարցում դերակատարություն ունենալու համար»։
Jameson ապրանքատեսակի սեփականատեր Pernod Ricard ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ շարունակում է վաճառել վիսկին ռուսաստանյան շուկայում՝ «չխախտելով այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների մասին որոշումներից և ոչ մեկը»։
Անցած գիշեր Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանում պայթեցվել է այստեղով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերից մեկը։ Այս մասին տեղեկացրել է Լենինգրադի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Դրոզդովը։
Պաշտոնյայի խոսքով, պայթյունի վայրի հարևանությամբ ևս մեկ՝ «անհայտ իր է հայտնաբերվել, ենթադրաբար` պայթուցիկ սարք»։
Միջադեպը, ըստ ռուսաստանյան մամուլի, տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց։ Այս պահին դեպքի վայրում են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։
«Մարզի և Սանկտ Պետերբուրգի էլեկտրամատակարարումը տեղի ունեցած դեպքի պատճառով չի խաթարվել», - հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Վատիկանը մասնակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու փորձերին։ Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը լրագրողներին ասել է Հունգարիա այցից վերադարձին՝ օդանավում։
Ֆրանցիսկոսը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
«Բոլորին հետաքրքրում է խաղաղության հասնելու ճանապարհը: Առաքելությունը շարունակվում է, բայց այն դեռ հրապարակային չէ: Երբ հրապարակային դառնա, ես ձեզ կտեղեկացնեմ», - նշել է Պապը։
Հինգշաբթի օրը Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ։ Ուկրաինայի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք քննարկել են նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը», որը, ի թիվս այլ հարցերի, ներառում է Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքների ազատագրումը, ռազմական հանցագործների պատիժը և Ռուսաստանի կողմից հասցված վնասի փոխհատուցումը։ Շմիհալը նաև ասել է, որ Հռոմի Պապին հրավիրել է Կիև։
Այս գիշեր ռուսական զորքերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայում, հայտնել են ուկրաինացի զինվորականները։ Նրանց տվյալներով՝ 18 թևավոր հրթիռ է արձակվել, դրանցից 15-ը խոցվել են։ Կիևի իշխանությունները հայտնում են, որ մայրաքաղաքի օդային տարածքում ոչնչացվել են ռուսական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։
Ռուսական կողմն այս հաղորդումները դեռ չի մեկնաբանել:
Կիրակի երեկոյան ռուսական բանակը հարձակում է իրականացրել Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքի վրա։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ քաղաքում ավերվել են արդյունաբերական ձեռնարկություն և բնակելի շենքեր, տուժել է 25 մարդ, նրանցից 3-ը երեխաներ են։
Ռուսական կողմը հաղորդում է, որ Ուկրաինայի կողմից Բրյանսկի շրջանի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 4-ի: Երեկ հաղորդվել էր 2 զոհի մասին: