Միացյալ Նահանգների երկու ազդեցիկ սենատորներ ներկայացրել են երկկուսակցական բանաձևի նախագիծ, որը զգուշացնում է Ռուսաստանին, որ եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, դա կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա:
Նման սցենարը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի միջամտության հակամարտությանը։
Հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլումենթալը նախագիծը ներկայացրել են ի պատասխան ռուսական մարտավարական միջուկային զենքի Բելառուս փոխանցմանը։
Խորհրդային Միության փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ ռուսական միջուկային մարտագլխիկները տեղակայվում են երկրի սահմաններից դուրս։
Օրենսդիրների կարծիքով՝ այդ քայլը լուրջ վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգության համար՝ Ուկրաինայի պատերազմի պայմաններում:
Պատերազմական գոտիներում երեխաների իրավիճակի մասին ՄԱԿ-ի տարեկան զեկույցում կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին անվանել է մեղավոր 2022 թվականին Ուկրաինայում 136 երեխայի սպանության մեջ և ներառել ռուսական բանակը համաշխարհային իրավախախտների ցուցակում։ Այս զեկույցին ծանոթացել են Reuters-ը և France-Presse-ը:
Գուտերեշի խոսքով՝ իրեն «հատկապես ցնցել են» սպանված ու հաշմանդամ դարձած երեխաների մեծ թիվը, ինչպես նաև ռուսական բանակի կողմից դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները։ ՄԱԿ-ը հաստատում է, որ Ռուսաստանի զինված ուժերը և նրանց հետ կապված խմբերը նաև վնասվածքներ են հասցրել 518 երեխայի, օգտագործել 91 երեխայի որպես կենդանի վահան և իրականացրել 480 հարձակում դպրոցների և հիվանդանոցների վրա։
Գուտերեշը նաև ընդգծել է, որ ուկրաինական զինված ուժերի կողմից երեխաների նկատմամբ նման հանցագործությունների թիվն է իրեն խիստ անհանգստացնում։ Ըստ զեկույցի՝ ուկրաինական բանակը պատասխանատու է 80 երեխայի մահվան, 175 երեխայի վիրավորվելու և 212 դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների համար։ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, չկան համաշխարհային իրավախախտների ցուցակում:
Զեկույցը կենտրոնանում է հակամարտությունների գոտիներում երեխաների սպանության, հաշմանդամության, սեռական բռնության, առևանգման և հավաքագրման, օգնության մերժման և դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների վրա:
Զեկույցն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, որում Ռուսաստանն ունի վետոյի իրավունք և հաճախ կիրառում է այն, և պաշտոնապես կհրապարակվի հաջորդ շաբաթ, հաղորդում է France-Presse-ը։
Ուկրաինայում վիրավորված ռուս զինծառայողները հիվանդանոցներում դատական գործեր են սկսում բժշկական հանձնաժողովների դեմ՝ բանակ չվերադառնալու նպատակով։ Նրանք ձգտում են դատարանների միջոցով տեղեկանք ստանալ, ինչը նրանց կթույլատրի խուսափել կրկին ռազմաճակատ ուղարկելուց։
Այս մասին գրում է «Верстка» անկախ պլատֆորմը, որը վերլուծել է կայազորների զինվորական դատարանների տվյալները և առնվազն 120 նման գործ հայտնաբերել։
Սակայն նշվում է, որ գործնականում իրական չէ բողոքարկել բժշկական հանձնաժողովների որոշումները, որոնք զինվորականի վիրավորվելուց հետո նրան պիտանի են համարում ծառայության համար։ Բոլոր գործերի շարքում դատարանը ընդամենը մեկ զինվորի հայցն է բավարարել։
Ադրբեջանը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին՝ հիմնված Ուկրաինայի ինքիշխանության և տարածքային ամբողջականության վրա, երեկ Լոնդոնում, Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա հայտնել է, որ Բաքուն Ուկրաինային 10 միլիոն օգնություն կհատկացնի, որը ներառում է էլեկտրական սարքավորումների մատակարարում և օժանդակություն Իրպեն քաղաքի վերակառուցմանը։
Ուկրաինական բանակը հրթիռներ է արձակել Ղրիմն ու Խերսոնի շրջանը միացնող կամուրջների ուղղությամբ: Այս մասին իր Տելեգրամ ալիքում հայտնել է Խերսոնի շրջանի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Վլադիմիր Սալդոն։
Կամուրջների վրա վնասվել է ճանապարհի ծածկը, մարդիկ չեն տուժել։ «Խերսոնի շրջանի և Ղրիմի միջև հաղորդակցությունը շարունակում է գործել. ժամանակավորապես կազմակերպվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը պահեստային երթուղով», - գրել է Սալդոն։
Խերսոնի շրջանի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած հատվածում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով զոհվածների թիվը հասել է 46-ի, հաղորդում են ռուսական պետական գործակալությունները՝ Արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։
Շրջանի՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող Դնեպրի աջափնյա հատվածում, ըստ վերջին տվյալների, մահացել է 21 մարդ: Հունիսի 19-ին Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն գրել էր նաև, որ ամբարտակի փլուզումից հետո 31 մարդ անհետ կորած է համարվում։ Անցնող օրերին նա չի հստակեցրել, թե արդյո՞ք այդ թիվը փոխվել է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առցանց անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե ուկրաինական հակահարձակման ակտիվությունը նվազել է, նրանք վերախմբավորվում են, բայց դեռ պոտենցիալ ունեն հարձակողական գործողությունների համար։
Շոյգուն ասել է, որ կամավորների լրացուցիչ հավաքագրման կարիք չկա, նշելով, որ պայմանագրային հիմքերով 114 հազար մարդ ծառայության է անցել բանակում, ևս 52 հազարը կամավորներ են, բայց նա ժամկետներ չի նշել, թե երբ են նրանք միացել բանակին։
Վերլուծաբանները հայտարարում են, թե ուկրաինական հակահարձակումը թեև սպասվածից ավելի դանդաղ և դժվարությամբ, բայց առաջ է գնում։
Նախագահ Զելենսկին հակադարձում է․ - «Ոմանք կարծում են, թե սա հոլիվուդյան ֆիլմ է և արագ արդյունքներ են ակնկալում: Դա այդպես չէ»։
Հակահարձակման այս երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը կարողացել են հետ վերցնել ութ գյուղ Զապորոժիեի և Դոնեցկի մարզերում։ Զելենսկին ասում է, որ ռազմական գործողությունները հեշտ չեն ընթանում, քանի որ ուկրաինական տարածքի 200 հազար քառակուսի կիլոմետրը ականապատվել է ռուսական ուժերի կողմից. - «Ինչ էլ որ ոմանք ցանկանան, ներառյալ մեզ վրա ճնշում գործադրելու փորձերը, ամենայն հարգանքով, մենք կշարժվենք մարտի դաշտում այնպես, ինչպես մենք լավագույնն ենք համարում»։
Արևմտյան մամուլը, փորձագետները ուկրաինական այս հակահարձակումը վճռորոշ են համարում և պնդում, որ եթե այն ձախողվի, արևմտյան, հատկապես ամերիկյան աննախադեպ օգնությունը դժվար թե նույն թափով շարունակվի, և Ուկրաինան ստիպված կլինի նստել բանակցային սեղանի շուրջ։
Ուկրաինայի առաջնորդը սակայն պնդում է՝ կապ չունի, թե ինչ արդյունքներ կտա այս հակահարձակմումը, կապ չունի, թե ով կլինի Կրեմլում՝ Պուտինը թե մեկ ուրիշը, Կիևը չի համակերպվի սառեցված հակահամարտության գաղափարի հետ. - «Անկախ նրանից, թե որքան հեռու ենք մենք առաջ շարժվել մեր հակահարձակման մեջ, մենք չենք համաձայնի սառեցված հակամարտությանը, քանի որ դա պատերազմ է, դա անհեռանկար զարգացում է Ուկրաինայի համար»:
Արևմտյան փորձագետները միևնույն ժամանակ մտավախություն ունեն, որ եթե ռուսների վիճակը ռազմի դաշտում իսկապես վատանա և նրանք պարտվելու վտանգի առաջ կանգնած լինեն, կմեծանա միջուկային հարվածի հավանականությունը։ Ավելին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին զգուշացրել է, որ Վլադիմիր Պուտինի կողմից տակտիկական միջուկային զենք օգտագործելու սպառնալիքը իրական է։
Զելենսկին մինչդեռ ասում է, թե չի հավատում, որ Պուտինը կգնա նման քայլի. - «Նա խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, բայց ես չեմ կարծում, որ պատրաստ է դա անել, քանի որ վախենում է իր կյանքի համար։ Նա շատ է սիրում կյանքը։ Բայց ես չեմ կարող հստակ ասել, հատկապես որ խոսքը իրականության հետ կապ չունեցող, 21-րդ դարում իր հարևանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսած մի մարդու մասին է»։
Եվրոպական միության անդամ երկրների դեսպանները հաստատել են Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթը:
Այդ մասին Twitter-ում տեղադրած գրառամբ հայտնել է Եվրամիության շվեդական նախագահությունը:
«Այսօր հաստատվել է 11-րդ փաթեթը, դրանում ներառվել են սանկցիաների շրջանցման դեմ ուղղված միջոցներ»,- ասվում է հաղորդագրությունում:
11-րդ փաթեթի հաստատումը մինչ այդ ձախողվել է ԵՄ դեսպանների հունիսի 7-ի և հունիսի 14-ի ժողովներում, քանի որ առարկություններր են ներկայացրել Հունաստանի և Հունգարիայի պատվիրակները:
Նրանք, մասնավորապես, խնդրել են ցանկից դուրս հանել արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում ռուսներին աջակցող մի քանի ընկերություններ:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթով հնարավոր կլինի արգելափակել մոտ 11 միլիարդ 400 միլիոն եվրոյի հասնող առևտուրը Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած նախորդ՝ 10-րդ փաթեթը հաստատվել է փետրվարի 25-ին:
Ուկրաինային ռուսական ագրեսիայից վերականգնվելու համար առաջիկա մեկ տարում անհրաժեշտ է ավելի քան 6 միլիարդ դոլար: Այդ մասին Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերով միջազգային համաժողովում ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
«Մեր գործընկերներն արդեն խոստացել են մեզ տրամադրել առաջիկա 12 ամսվա ընթացքում արագ վերականգնման համար անհրաժեշտ 14 միլիարդ 100 միլիոն դոլարից 4 միլիարդ 300 միլիոնը, բայց մեզ տակավին պետք է ևս 6,5 միլիարդ: Հուսով ենք մինչև այս համաժողովի ավարտը երաշխավորել նաև այդ գումարը», - հայտարարել է վարչապետ Դենիս Շմիհալը:
Իր ելույթում նա ասել է նաև, որ ագրեսոր Ռուսաստանը պարտավոր է հատուցում վճարել: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի հաշվարկներով անցյալ տարվա փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում այս տարվա մարտ ամսվա դրությամբ վնասը կազմել է 411 միլիարդ դոլար և շատ
է, որ այդ գումարն ի վերջո կհասնի 1 տրիլիոնի:
«Վնասը պետք է փոխհատուցի Ռուսաստանը»,- Լոնդոնում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը: