Եվրոպայում խաղաղություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չի միացել եվրալտանտյան անվտանգության կառույցներին: Այդ մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է The Times բրիտանական օրաթերթին տված հարցազրույցում, որն այսօր է հրապարակվել:
«Ուկրաինացի զինծառայողները կարող են լինել Եվրոպայում ամենամարտունակ բանակը: Նրանք համապատասխանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր պահանջներին: Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է»,- ասել է դանիացի քաղաքական գործիչը:
Նրա համոզմամբ, նպատակահարմար կլինի, որ ՆԱՏՕ-ն արագացված կարգով՝ առանց Անդամակցման գործողությունների ծրագրի, իր կազմ ընդունի Ուկրաինան:
«Քանի դեռ նրանք [ուկրաինացիները] չեն կարող մտնել ՆԱՏՕ, նրանց անվտանգության երաշխիքներ են պետք: Այդպես նրանք հանդես կգան որպես պատվար Ռուսաստանի դեմ, որը շարունակում է ագրեսիվ գործել: Չեմ կարծում, թե կկարողանանք հասնել կայուն խաղաղության, քանի դեռ Ուկրաինան չի ներառվում եվրատլանտյան կառույցներում։ Դա կարող եք «զսպման» քաղաքականություն անվանել», - ասել է Անդերրս Ֆոգ Ռասմուսենը:
Նրա համոզմամբ, չի կարելի կրկնել 2008 թվականի սխալը, սահմանափակվել դատարկ խոստումներով և ձգձգել Ուկրաինայի անդամակցումը:
«Ուկրաինան 15 տարի սպասասրահում էր, և մենք համոզվեցինք, որ դա վտանգավոր բան է: Ես շատ եմ լսել, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հեռանկարն է Վլադիմիր Պուտինին դրդել Ուկրաինայի վրա հարձակվելուն: Ես հակառակն եմ պնդում՝ Ուկրաինան ընդունելու մեր ձախողումն է Պուտինին համոզել, որ կարող է հարձակվել»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:
Անդերս Ֆոգ Ռասմուսենի համոզմամբ, նրանք, ովքեր պնդում են, որ Ուկրաինային չի կարելի տալ անդամի կարգավիճակ կամ անվտանգության երաշխիքներ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, գործնականում խթանում են այս պատերազմը շարունակելու Պուտինի ցանկությունը:
Բելառուսը միջնորդության չի ձգտում, բայց պատրաստ է իր դերը կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Այդ մասին հուլիսի 2-ին ասել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ամբրազևիչը։
«Մեր կարողությունները հայտնի են, եթե պետք լինի, մենք մեր դերը պատրաստ ենք կատարել: Միջնորդ դառնալու մասին չենք խնդրում, նախագահը բազմիցս է դա ընդգծել: Բայց պատրաստ ենք տրամադրել այն ամենը, ինչ ունենք, և արդյունք ապահովել», - ասել է Ամբրազևիչը:
Նրա խոսքով, Բելառուսը հետաքրքրված է ռուս -ուկրաինական խաղաղության գործընթացով սեփական անվտանգությունն ապահովելու համար:
«Մենք ուզում ենք, որ մեր երկինքը խաղաղ լինի, մեր տարածքը չռմբակոծվի, և մեր ժողովուրդը կարողանա լիարժեք զարգանալ», - ասել է Բելառուսի ԱԳ փոխնախարարը:
Հուլիսի 2-ի գիշերը ռուսական զինված ուժերը «Շահեդ» տիպի կամիկաձե անօդաչու սարքերով հարվածել են Կիևին։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է բոլոր անօդաչու սարքերը։
Հարվածի մասին հայտնել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունում։ Սա իրանական անօդաչու թռչող սարքերով առաջին հարձակումն է Կիևի վրա վերջին 12 օրվա ընթացքում։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անարդար է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Georgian Airways ավիաընկերության և նրա հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ կապված դեպի Ռուսաստան թռիչքների վերականգնման հետ։
«Վրաստանի քաղաքացի Թամազ Գաիաշվիլիի վերաբերյալ ուկրաինական իշխանությունների որոշ ներկայացուցիչների այսօրվա որոշումը առաջին դժվար և անարդար որոշումը չէր վրաց ժողովրդի դեմ այն համերաշխության ֆոնին, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինայի հանդեպ», - լրագրողներին ասել է Պապուաշվիլին։
Միաժամանակ խորհրդարանի խոսնակը նշել է, որ Թբիլիսին սովոր է Կիևի նման որոշումներին՝ հավելելով, որ Ուկրաինայի իշխանությունները նախկինում գործել են շատ ավելի վատ, մասնավորապես՝ իրենց տարածքում թաքցնելով հանցագործներին, որոնց նկատմամբ Վրաստանը հետախուզում է հայտարարել։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը այսօր կեսօրին ժամանել է Կիև։ Իսպանական կառավարության ղեկավարը Ուկրաինա է մեկնել Մադրիդի կողմից ԵՄ նախագահությունը ստանձնելու առաջին իսկ օրը։
«Որպես ԵՄ նախագահող պետություն կատարվող այս առաջին քայլով մենք նպատակ ունենք ի ցույց դնել եվրոպական ընտանիքի անվերապահ աջակցությունը Ուկրաինային բոլոր ոլորտներում՝ ռազմական, հումանիտար և տնտեսական», - հայտարարել է Իսպանիայի վարչապետը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հաստատել է վրացական Georgian Airways ավիաընկերության և դրա տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գայաշվիլու դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։
Ուկրաինայի իշխանությունները այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ ավիաընկերությունը սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել վրացական և ռուսաստանյան օդանավակայանների միջև։
Կիևի կողմից սահմանված պատժամիջոցներով նախատեսվում է արգելափակել Georgian Airways-ի՝ Ուկրաինայի տարածքում գտնվող ակտիվները, չեղարկել ուկրաինական պետական մարմինների կողմից ընկերությանը տված արտոնագրեր ինչպես նաև արգելել Georgian Airways-ի ինքնաթիռներին մուտք գործել Ուկրաինայի օդային տարածք։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության և ուժային կառույցների բարձրաստիճան ղեկավարների հետ և կարգադրել է ամրապնդել բանակը բելառուսական ուղղությամբ:
«Ընդունել եմ պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության, արտաքին հետախուզության ծառայության, Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավարների զեկույցները Բելառուսում ստեղծված վիճակի մասին: Այն պահում ենք մեր մշտական հսկողության տակ»,- Տելեգրամ ալիքում գրել է Զելենսկին:
Վերլուծաբանների փոխանցմամբ, Ուկրաինայի ղեկավարի այդ կարգադրությունը կարող է կապված լինել «Վագների» ձախողված հեղաշրջումից հետո մեծ թվով վագներականների Բելառուս տեղափոխվելու գործարքի հետ:
Պայմանավորվածությունը, որով «Վագները» դադարեցրել է ըմբոստությունը, համաձայնեցրել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ուկրաինան մտադիր է կատարել նոր ահաբեկչական գործողություն:
Այդպես Զախարովան արձագանքել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ճառագայթում գրանցող լրացուցիչ սարքերի տեղադրմանը և երկրի տարբեր շրջաններում անցկացվող վարժանքներին, որոնց ընթացքում մշակվում են Զապորոժիեի ատոմակայանի վթարի պայմաններում ձեռնարկվելիք գործողությունները:
«Կիևի ռեժիմը պատրաստվում է հերթական ահաբեկչությանը»,- Տելեգրամ ալիքում գրել է Զախարովան:
Ավելի վաղ «Ռոսէներգոատոմ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական Ռենատ Կարչաան ասել է, թե Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչություն ծրագրելու մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդումները կարող են վկայել հենց ուկրաինացիների կողմից նման ահաբեկչություն նախապատրաստելու մտադրության մասին, որի նպատակը կլինի ՆԱՏՕ-ի ներքաշումը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հրավիրած մամլո ասուլիսում նշել է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» {այդպես են Ռուսաստանում անվանում ռուս-ուկրաինական պատերազմը պատճառներից մեկը Մինսկյան համաձայնությունների անտեսումն էր:
«Մի՞թե բնականոն մարդասիրական վիճակ է, երբ Մինսկյան համաձայնությունների կնքումից և դրանք հավանության արժանացրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից հետո ռմբահարել են քաղաքացիական կառույցները՝ դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզները», - հայտարարել է Լավրովը:
Նրա խոսքով, մարդասիրական վիճակի կարգավորումը Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակներից մեկն է եղել:
Վաշինգտոնը մտադիր չէ զորամիավորումներ ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հունիսի 29-ի ճեպազրույցում ասել է պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Այդ մեկնաբանությամբ խոսնակն արձագանքել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությանն այն մասին, թե Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է զորք ուղարկել Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինա:
«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հստակ նկատել է տվել, որ ամերիկյան զորքերն Ուկրաինա չեն մեկնի»,- ասել է Մեթյու Միլլերը: