Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

10:00 8.7.2023

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կոլին Քոլը հաստատեց, որ ռազմական օգնության նոր փաթեթով Ուկրաինան կստանա նաև կասետային զինամթերք:

«800 միլիոն դոլարի փաթեթը ներառում է 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, դրանց թվում կա նան կասետային զինամթերք: Միացյալ Նահանգներն ոնի հարյուր հազարավոր նմանօրինակ զինամթերք, բայց մենք չենք հրապարակի Ուկրաինային տրամադրվող արկերի թիվը, որ տեղեկատվություն չտանք Ռուսաստանին»,- ասել է Քոլը:

Նրա խոսքով` այդ զինամթերքն Ուկրաինան կստանա հիմա իրականացվող հակագրոհի ընթացքում:

Փորձագետների կարծիքով` կասետային զինամթերքը կարող է որոշակի առավելություն տալ ուկրաինացիներին ռուսների ամուր պաշտպանական դիրքերը ճեղքելու հարցում:

22:40 7.7.2023

ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 9000 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ ավելի քան 500 երեխա։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կամ վիրավորվածների իրական թիվը, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ավելի մեծ է, քանի որ որոշ բնակավայրերում տուժածների մասին բազմաթիվ հաղորդումներ դեռևս ստուգման փուլում են։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ վերջին 500 օրվա ընթացքում Ուկրաինայում երեք անգամ ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել, քան երկրի արևելքում ռազմական գործողությունների ութ տարիների ընթացքում։

15:59 7.7.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ «իդեալական» կլիներ, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը ստանա» վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում, որը նախատեսված է հուլիսի 11-12-ը։

«Ինչ-որ մեկը դեռ նայում է Մոսկվային, ինչ-որ մեկը վախենում է Ռուսաստանից, թեև կարծում եմ, որ այս պահին մեծ է հնարավորությունը ցույց տալու ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համարձակությունն ու տոկունությունը։ Բայց, այնուամենայնիվ, մենք խոսում ենք հրավերի ուղղությամբ հստակ ազդանշանի մասին: Մեզ անհրաժեշտ է այդ մոտիվացիան: Մեզ պետք է ազնվություն մեր հարաբերություններում», - Պրահայում չեխ պաշտոնակցի հետ բանակցությունների հաջորդած ասուլիսի ընթացքում հայտարարել է Զելենսկին։

Անցած օրերին ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վիլնյուսում կայանալիք հավաքին Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում ներառված չէ։

«Վիլնյուսի գագաթնաժողովում և գագաթնաժողովի նախապատրաստման ժամանակ մենք չենք քննարկում պաշտոնական հրավեր տրամադրելու հարցը», - ասել Էր Ստոլտենբերգը:

15:57 7.7.2023

Մոսկվան շատ ուշադիր կհետևի Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցություններին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևելու ենք բանակցությունների արդյունքներին։ Մենք պահպանում ենք մեր կառուցողականությունը, Անկարայի հետ գործընկերային հարաբերությունները և արժևորում այդ հարաբերությունները։ Եվ մենք զգում ենք փոխադարձությունը թուրքական կողմից։ Ուստի, իհարկե, մեզ հետաքրքրում է, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև։ Դա կարևոր է», - ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ շփումներ Պուտինի և Էրդողանի միջև, ժամկետների և բանակցությունների ձևաչափի մասին Պեսկովը մանրամասներ չի հայտնել։

12:28 7.7.2023

Դնեպրոպետրովսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հաստատել է գիշերը հայտնված տեղեկությունները, որ մարզում կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ երկու մարդ է զոհվել։

«Դրանցից մեկի բեկորներն ընկել են ավտոմոբիլի վրա, որն ընթանում էր մայրուղով։ Ցավոք, երկու տղամարդ մահացել է», - գրել է Լիսակը Տելեգրամում։

Վարչակազմի ղեկավարն ասել է, որ շրջանի վրա 6 «Շահեդ» է խոցվել՝ չհստակեցնելով, թե դրանց ընդհանուր թիվը որքան էր։

Ուկրաինայի զինված ուժերը մանրամասներ են հայտնել երկրի վրա հարվածային անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման մասին։
Ըստ հաղորդագրության, Ուկրաինայի զինված ուժերն արձանագրել են 18 իրանական «Շահեդ-136/131» անօդաչու թռչող սարքերի արձակում հարավարևելյան ուղղությամբ, ոչնչացվել է դրանից12-ը, մյուս 6-ի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

12:27 7.7.2023

Լվովում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հինգշաբթի գիշերը Լվովին հասցված թևավոր հրթիռի հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել են բազմաբնակարան շենքի երեք մուտքերի վերին հարկերը։

07:41 7.7.2023

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հուլիսի 6-ին հեռախոսով զրուցել է իր ուկրաինացի պաշտոնակից Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այդ մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։

Զրույցը տեղի է ունեցել Լիտվայի մայրաքաղաքում հաջորդ շաբաթ կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից օրեր առաջ և զինամթերքի մասին ուրբաթ օրը սպասվելիք քաղաքական կարևոր հայտարարությանն ընդառաջ:

Ենթադրվում է, որ հուլիսի 7-ին ԱՄՆ-ը կհայտնի Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու որոշման մասին:

Ռայդերը հավելել է, որ Օսթինի և Ռեզնիկովի զրույցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կհրապարակվեն:

Ռայդերը չի հաստատել Կիևին կասետային զինամթերք փոխանցելու մասին տեղեկությունը: «Դրա մասին հիմա ասելիք չունեմ», - նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

07:39 7.7.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է Ուկրաինային տրամադրել կասետային զինամթերք: Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է New York Times օրաթերթը. որի համաձայն, նախաձեռնությանը հավանություն է տվել Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա:

Ենթադրվում է, որ համապատասխան որոշումն առաջիկայում կհրապարակվի:

Այս տարվա հունիսին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Լաուրա Կուպերը հայտնել է, որ կասետային զինամթերքը կարող է ազդել ռազմի դաշտում իրավիճակի վրա և նպաստել ուկրաինական բանակի առաջխաղացմանը հատկապես ռուսների կողմից գերամրացված պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

20:14 6.7.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը կմեկնի Թուրքիա, որտեղ Ստամբուլում իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի երկկողմ հարաբերություների զարգացման և «հացահատիկի գործարքի» շարունակման հարցերը:

Նա Թուրքիա կմեկնի Էրդողանի անձնական հրավերով: Այդ մասին հայտնել է Sabah պարբերականը:

Էրդողանը վերջերս հայտարարել է, թե Անկարայի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ անփոփոխ է մնում՝ Թուրքիան դատապարտում է ռուսների կողմից ուկրաինական տարածքների զավթումը, սակայն չի միանում հակառուսական պատժամիջոցներին:

20:13 6.7.2023

Ուկրաինան և Ռուսաստանն այսօր 45-ական ռազմագերիներ են փոխանակել: Բացի այդ, ռուսներն ուկրաինացիներին են վերադարձրել զավթված տարածքներից Ռուսաստան փոխադրված երկու քաղաքացիական չափահասների և երկու երեխաների:

«Մենք վերադարձնում նեք Մարիուպոլի և «Ազովստալի» պաշտպաններին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

Ռուսներն էլ հայտնել են, թե իրենց գերիներն Ուկրաինայում մահացու վտանգի տակ են գտնվել: Նրանց օդանավերով հասցրել են հայրենիք, որտեղ հետագայում վերականգնման նպատակով կուղարեն Պաշտպանության նախարարության բուժհաստատություններ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG