Հարավային Կորեան ավելի շատ ականազերծման սարքավորումներ կտրամադրի Ուկրաինային, կիրակի օրը հայտարարել է հարավկորեացի պաշտոնյան՝ շաբաթավերջին նախագահ Յուն Սուկ Յոլի Կիև կատարած այցից հետո: Յուն Սուկ Յոլը խոստացել էր ավելի շատ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ռուսաստանի դեմ պայքարում:
«Մենք մտածում ենք ընդլայնել ականների որոնիչների և ականազերծման սարքավորումների աջակցությունը, քանի որ Ուկրաինայի պահանջարկը մեծ է», - ճեպազրույցում ասել է Յունի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Կիմ Թաե Հյոն:
Հուլիսի 16-ի գիշերը ռուս զինվորականները հարվածել են Ուկրաինայի տարածքի ուղղությամբ, զորս մարդ զոհվել է, կան վիրավորներ, հայտնում են Կիևից։
Դոնեցկի մարզում երկու մարդ է մահացել Չասով Յար քաղաքում և Ալեքսանդրո-Շուլտինո գյուղում։ Մեկ մարդ վիրավորվել է, մեկը զոհվել է Խերսոնում, մյուսը՝ Խարկովի մարզում։
Գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա՝ մեկ մարդ վիրավորվել է։ Վնասվել են ենթակառուցվածքներ, պայթյունի ալիքից պատուհաններ են պայթել հարակից շենքերում։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնել գիշերային հարձակման մասին, զոհերի մասին չի հաղորդվում։
Ռուսաստանին դեռևս անհրաժեշտ չի եղել օգտագործել կասետային զինամթերք, բայց «եթե դրանք կիրառվեն մեր դեմ, մենք իրավունք ենք վերապահում հայելային գործողություններին», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մինչ այժմ մենք դա չենք արել, չենք օգտագործել և նման կարիք չենք ունեցել, չնայած հայտնի դեֆիցիտին որոշակի ժամանակահատվածում, ունենք նաև զինամթերք, բայց դա չենք արել։ Բայց, իհարկե, եթե դրանք օգտագործվեն մեր դեմ, մեզ վերապահում ենք հայելային գործողությունների իրավունքը», - ասել է Պուտինը։
Ուկրաինայի հարավում ուկրաինական զորքի առաջխաղացման մասին Կիևի պնդումներին ֆոնին այսօր ռուսական կողմը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել այդ երկրի բնակավայրերին։
Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ռուսական զինուժը թիրախավորել է հյուսիս-արևելքում գտնվող Սումի նահանգի սահմանային շրջանները, որտեղ բազմաթիվ պայթյուններ են գրանցվել, զոհերի մասին տվյալներ չկան։ Սումիի շրջանային ռազմական վարչակազմը հայտնել է, որ վնասվել են մի քանի բնակելի շենքեր և գյուղատնտեսական տեխնիկա:
Ռուսաստանին սահմանակից այդ մարզը վերջին շրջանում հաճախ է հրթիռակոծությունների ենթարկվում։ Հուլիսի 4-ին նույն մարզկենտրոն Սումիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 21-ը վիրավորվել է։
Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Աֆրիկայի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հացահատիկի գործարքի հարցը, որով ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներով արտահանվում է համաշխարհային շուկաներ՝ չնայած շարունակվող պատերազմին։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստան-ՄԱԿ համապատասխան հուշագրով նախատեսված պարտավորությունները՝ վերացնելու ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները, դեռևս չկատարված են», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ուկրաինական հացահատիկի արտահանման պայմանագրի ժամկետը կրկին ավարտվում է հուլիսի 17-ին։ Մոսկվան պարբերաբար սպառնում է խզել անցյալ ամռանը կնքված գործարքը, սակայն, ինչպես հուլիսի սկզբին նշել էր Financial Times-ը, այս անգամ Ռուսաստանի սպառնալիքներն ավելի լուրջ են թվում, քան նախկինում։
Չնայած ՌԴ նախագահի հայտարարություններին, ՄԱԿ-ը և թուրք պաշտոնյաները, որոնց միջնորդությամբ կնքվել է գործարքը, Ռուսաստանին կոչ են անում երկարաձգել այն, ինչը կարևոր է պարենային ապրանքների համաշխարհային շուկայի կայունության համար։
Ռուսաստանյան իրավապահները պնդում են, որ կանխել են Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանությունը։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Մոսկվայում և Ռյազանի շրջանում ձերբակալվել են «նեոնացիստական խմբավորման անդամներ», որոնք, ըստ գերատեսչության, նախապատրաստում էին Russia Today պետական քարոզչական ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև հայտնի հեռուստաաստղ Քսենիա Սոբչակի սպանությունը։
Ռուսաստանյան հատուկ ծառայության պնդմամբ, սպանության պատվիրատուն Ուկրաինան է։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր նախապես չազդարարված այցով ժամանել է Ուկրաինա, որտեղ նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մինչ այդ, ինչպես հայտնում է հարավկորեական առաջնորդի գրասենյակը, Յուն Սուկ Յոլն այցելել է Բուչա։
ՄԱԿ-ը Բուչայում ռուս զինվորների կողմից խաղաղ բնակիչների 50 կանխամտածված սպանության դեպք է արձանագրել
Հարավային Կորեան աշխարհում զենքի իններորդ խոշոր արտահանողներից է, սակայն այդ երկրի կողմից տասնամյակներ առաջ որդեգրված քաղաքականության համաձայն, Սեուլը զենք չի տրամադրում ակտիվ հակամարտությունների գոտիներին և մինչ օրս էլ հավատարիմ է մնացել այդ սկզբունքին՝ չնայած ԱՄՆ-ի, եվրոպացի դաշնակիցների և հենց Ուկրաինայի բազմաթիվ խնդրանքներին։
Ուկրաինան արդեն ստացել է կասետային զինամթերք, ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների կառվարման ղեկավար Դուգլաս Սիմսը, նշելով, որ կասետային ռումբերի մի մասը հատկացրել է ԱՄՆ-ն, մյուս մասը դաշնակիցները։
Ուկրաինային նման զինամթերք տրամադրելու որոշման մասին վերջերս հայտնել էր նախագահ Ջո Բայդենը։
Ուրկրաինան այս գիշեր հարձակման է ենթարկվել իրանական արտադրության 17 «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարքերով,ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ նրանցից 16-ը ոչնչացվել են։
Բացի այդ, գիշերը հակաօդային պաշտպանությունը խոցել է մեկ հետախուզական անօդաչու թռչող սարք։
Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի ունեցած տվյալներով՝ մեկ կամիկաձե անօդաչու թռչող սարք չի հաջողվել ոչնչացնել, այն ընկել է Կրիվոյ Ռոգի ձեռնարկություներից մեկի վրա։
«Վնասվել է կոմունալ ձեռնարկություն: Դրա տարածքում ավերվել է մեկ վարչական շենք, ևս երեքը՝ վնասվել։ 56-ամյա տղամարդը վիրավորվել է։ Նա կբուժվի տանը»,- գրել է Դնեպրոպետրովսկի նահանգապետը Telegram-ի իր ալիքում։
Այս գիշեր ռուս զինվորականները հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Կիևում դրա հետևանքով մեկ մարդ մահացել է, հայտնում են տեղական իշխանությունները։ «Պոդոլսկի թաղամասում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհը մարելիս հայտնաբերվել է մահացածի մարմինը», - ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Տեղի իշխանությունների տվյալներով, Դարնիցկի թաղամասում վիրավորվել է երկու մարդ՝ 18-ամյա աղջիկ և 25-ամյա մի երիտասարդ։ Երկուսն էլ վնասվածքներ են ստացել ապակու բեկորներից։
Ռուս զինվորականների արձակած անօդաչու սարքերի մեծ մասը հարձակվել է Կիևի և Կիևի շրջանի վրա։
«Այս գիշեր իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը զանգվածային է եղել։ Անօդաչու թռչող սարքերը տարբեր ուղղություններով ներխուժել են մայրաքաղաք։ Կիևի օդային տարածքում հակաօդային պաշտպանության ուժերի և միջոցների կողմից հայտնաբերվել և ոչնչացվել են մոտ մեկ տասնյակ թշնամական թիրախներ», - գրել է Կիևի մարզային զինվորական վարչություն ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Հուլիսի լույս 13-ի գիշերը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում՝ բացառությամբ Օդեսայի և Խարկովի։ Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում նշվում է 15 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մասին, որոնցից 11-ը խոցվել են պաշտպանության ուժերի կողմից։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, 60-ից ավելի ավիահարվածներ են հասցվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Ուկրաինայի տարածքին հասցված հարվածները։