Մատչելիության հղումներ

«Սոցիալական մանր-մունր հարցերից մինչև մեծ ասպարեզ». «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը Մատենադարանում


«Այն, ինչ եղել է Մատենադարանի շենքում, երբեք չի եղել պատմության մեջ», - «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցը հանդիպումից դուրս է գալիս այս համոզմունքով:

«Ազատության» զրուցակիցը մանկավարժ ներկայացավ ու չհավանեց «ի՞նչ սովորեցիք» հարցը. - «Մենք չենք գնացել էստեղ այս պահին սովորելու, սա մեծ գաղափարախոսություն է, որի մասին պիտի լսեք»:

Վարչապետի ու նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար Լոռու մարզի Թումանյան համայնքից Երևան էր հասել Սվետլանա Եգանյանը, այնքան ոգեշնչված է, որ սպասում է հաջորդ հանդիպմանը: Նա նույնպես նշանակալի է համարում երկրի առաջին դեմքին ու նրա տիկնոջը լսելու և հարց տալու շանսը:

Մարգարիտ Հովսեփյանը եկել էր «Մալաթիա-Սեբաստիա» համայնքից՝ պակաս ոգևորված չէ, ահա թե ինչ կար կրթական նորաձևության օրակարգում:

Մասնակիցների տպավորությունները այնքան հախուռն էին, որ պարզ չդարձավ՝ ինչ նորարարություն կար ներսում, պարզ էր այն, որ ոգևորված էին բոլորը:

Մասնակիցներից Արեգնազ Հովսեփյանին տպավորել էին առաջին տիկնոջ մեջբերումները: Ինչ մեջբերում էր, չհիշեց: Աննա Հակոբյանի բանախոսության հենց այդ հատվածն էր մեծ աղմուկ բարձրացրել մի քանի օր առաջ, երբ «Կրթվելը նորաձև է» շարժումը հասել էր Արմավիրի մարզ. «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական էջում հանդիպման լուսանկարներն են, դրանցից մեկում առաջին տիկինը Հրանտ Մաթևոսյան նկարի ու նրան վերագրված «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս» խոսքի ֆոնին։ Գրողի որդին Հրանտ Մաթևոսյան կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ահազանգեց՝ այդպիսի բան Հրանտ Մաթևոսյանը չի գրել:

«Վերագրելով էդ հատվածը և այդ հոդվածը Հրանտ Մաթևոսյանին՝ ասել, որ Մաթևոսյանը պարտվողականության գաղափարախոս է, ապացուցելու համար սեփական պարտվողականության խնդիրը, անհրաժեշտությունը՝ երկրի վզին դա փաթաթելու համար: Նախ, Մաթևոսյանն այդ հոդվածի հեղինակը չէ, Մաթևոսյանից ցիտատ է բերված և ցիտատը բերել է Վանո Սիրադեղյանը», - նշեց նա:

Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ 25 տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ում է տպագրվել Վանո Սիրադեղյանի հոդվածը, որում եզրահանգում կա ըստ Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» գործի: Սիրադեղյանը գրել է՝ «Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի»:

Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ մեջբերումը սխալ հեղինակի են վերագրել և աղավաղել՝ պարտվողականությունը հիմնավորելու համար. - «Ուզում են հիմնավորել մի բան, որ էդ մարդիկ երբևէ կենդանի լինեն, մեռած լինեն, էն աշխարհում լինեն, թե՝ էս, էդ մարդիկ երբեք էդ բանը չէին ասի, էդ մարդիկ պարզապես էդպես չեն մտածել»:

Մաթևոսյանը կրթական արշավի մարտիկներին առաջարկում է Հրանտ Մաթևոսյանից ու Վանո Սիրադեղյանից հեռու՝ հայ գրականության այլ օրինակներում փնտրել պարտության գաղափարախոսների: Արմավիրի հանդիպումից հետո՝ Մատենադարանի սրահում արդեն Հրանտ Մաթևոսյանի լուսանկարին իր իսկ միտքն է՝ «Մեծամոր» էսսեից, սխալն այսինքն շտկվել է:

Ինչպե՞ս է ստացվել, որ կրթելու բարձ գործով զբաղվածները սխալ ու աղավաղված տեղեկատվություն են փոխանցում կրթվելու եկածներին՝ երեկ փորձեցինք ճշտել Աննա Հակոբյանից, նա, սակայն, հասկացրեց՝ հարցերի չի պատասխանում: Փոխարենն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ բացատրեց՝ 4 տարի շարունակ այդ տեքստը շրջանառվել է Հրանտ Մաթևոսյանի անունից:

«Այս 4,5 տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, և առավել ևս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը», - նշել է Հակոբյանը։

Դավիթ Մաթևոսյանի նշած՝ բովանդակությունը կեղծելու մասին գրառման մեջ անդրադարձ չկա:

Երեկ Մատենադարանի նոր մասնաշենքում հրավիրված հավաքը տևեց շուրջ երեք ժամ, ողջ ընթացքում վարչապետ Փաշինյանի շարասյան տասնյակ մեքենաներ էին այդտեղ, անվտանգության աշխատակիցները տարածքը պահպանվող էին հռչակել:

Հանդիպմանը չմասնակցողներին նախ խորագիրն էր զարմացնում. - «Կուզեի, որ բացի ցուցադրականից նաև խորքային լիներ այդ ամեն ինչը»:

Արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանն էր գործից՝ Մատենադարանից տուն գնում, կրթական այս արշավից տեղյակ չէր, բայց Փաշինյանի մյուս՝ իրական Հայաստանի քարոզի կողմնակիցն էր, միայն թե ասաց՝ տարիքի բերումով ժողովների վրա ժամանակ չի ծախսում. 95 է:

Տարիքի ու ժամանակի հարց չկա, ուսուցչուհի Պետրոսյանի համար կրթվելը մշտական պրոցես է, «կրթվելը նորաձև է» արշավը՝ խորթ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG