Ձեռքը Ավետարանին դնելով ու Սուրբ գրքից պարբերաբար մեջբերումներ անելով Վարդան Ղուկասյանն այսօր երդմամբ 5-րդ անգամ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը: Լանջաշղթան աներոջ վիզը գցեց քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավականող Ավետիս Առաքելյանը:
20 տարվա ընդմիջումից հետո քաղաքապետի երդմնակալության ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով ուղերձ ուներ և՛ նորընտիր քաղաքապետին, և՛ բացակա քաղաքական ուժին՝ ընտրություններում ամենաշատ ձայները ստացած, բայց Գյումրիում իշխանությունը կորցրած Քաղաքացիական պայմանագրին:
«Քիչ գովեք պարոն քաղաքապետին, քիչ շողոքորթեք, մի քծնեք ... իսկ ավագանու ընդդիմադիր անդամների առաքելությունը խանգարելու մեջ չէ», - ասաց բարձրաստիճան հոգևորականը:
ՔՊ-ից բացի նիստին չէին մասնակցում նաև Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար պակասող ձայներն ապահովված «Մեր քաղաքը» դաշինքի անդամները, թեև մինչ արարողությունը դահլիճ մտան, բայց արագ դուրս եկան:
Պետական կառույցներից ևս ոչ ոք չկար, փոխարենը Ղուկասյանի հարազատ Սլաբոտկայից ու Գյումրիի այլ թաղերից հյուրեր կային, ներկա էին նաև նախկին պաշտոնյաներ, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարն ու Ռուսաստանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը: Կոմկուսի ցուցակով առաջադրված Ղուկասյանը նրանց կոմունիստական «տավարիշչ» դիմելաձևով ողջունեց:
Պաշտոնական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման ու ապօրինի ունեցվածք կուտակելու համար մեղադրվող Ղուկասյանն այսօր առիթը բաց չթողեց ու դարձյալ խոսեց իր դեմ հարուցված քրեական գործերից՝ նորից պնդելով, որ դրանք շինծու են: Հայտարարեց, թե գիտակացաբար է գնացել այս քայլին ու գիտի թե ինչ է իրեն սպասվում. - «Հավանական է՝ սա եզան լուծն է, եթե աշխատում է մարդը»:
Ընդդիմախոսներին Գրիգոր Տաթևացու խոսքով դիմեց ու զգուշացրեց. - «Շատ կարևոր է ընդդիմությունը: Եթե ուզում եք երկիրը զարգանա, անպայման պետք է երկրում լինի ընդդիմություն: Ծառի ընդդիմությունը քամին է, ինչի համար է քամին ծառին .... որպեսզի ծառը ուժեղացնի իր արմատները: Հիմա եթե առողջ ընդդիմություն է, ես կողմ եմ, բայց եթե պիտի Լևոն Իշտոյանի ֆինտերն անեն, ես էլ ոտ ջարդող եմ»:
Ղուկասյանն իշխանությունը մեղադրեց դրսից Գյումրի ընտրողներ բերելու մեջ: Գյումրիի ընտրություններին հետևած դիտորդական առաքելությունները թեև վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի, տեղամասերում կուտակումների դեպքեր էին արձանագրել, բայց եզրակացրել էին, որ խախտումները ընտրության վերջնական արդյունքների վրա չեն ազդել:
Ավագանու ամենափոքր՝ 2 մանդատ ունեցող «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը անդրադարձավ կառավարման ճգնաժամի մասին «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարություններին ու պնդեց, թե հենց ՔՊ-ն է ստեղծել կառավարման ճգնաժամը դեռ դեռ 2021-ին. - «Երբ որ ամբողջ քաղաքի առաջ դաշինք կազմելով «Բալասանյան» դաշինքի հետ, տապալեցին քաղաքի կառավարումը»:
Գյումրիի ավագանիում ընդդիմություն դարձած ՔՊ-ի առաջին համարը՝ Սարիկ Մինասյանը ճգնաժամի մասին իր պնդում հիմնավորում է այն հանգամանքով, որ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրած ընդդիմադիր չորս ուժերը կոալիցիոն հուշագիր չեն ստորագրել քաղաքի կառավարման պատասխանատվությունը կիսելու համար: Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ երբ որոշումներ ընդունելու հարցում վճռորոշ մանդատներ ունեցող «Մեր քաղաքը» դաշինքը արդեն այսօր ներկա չէր նիստին, մտավախություն չունի՞, որ ճգնաժամ ի վերջո կստեղծվի:
«Էստեղ Ղուկասյանի խնդիրը չէ, քաղաքի խնդիրն է, ժողովրդի խնդիրն է: Ով ժողովրդին ոտ է պահում, իր գնահատականը կստանա: Եվ ես էստեղ խառնվելու ինչ-որ բան չունեմ, ես կարող եմ աշխատել, գիտեմ ինչ պիտի անել, ես իմ խոստումների տերն եմ»:
Ղուկասյանը վստահ է՝ եթե Երևանից չխանգարեն, ապա տեղում ավագանի անցած բոլոր ուժերի հետ աշխատանքը կստացվի. - «Եթե էդ քաղաքական տերերը չխառնեն, որ ամեն մի կուսակցության գլուխգործոցը նստած է Երևանում, գյումրեցիները ինձ հետ շատ հանգիստ կաշխատեն»:
Նախորդ նիստին պոեզիայի օգնությանը դիմած Ղուկասյանն այսօր, ի դեպ, արվեստի այլ ճյուղ նախընտրեց՝ այս անգամ Գյումրիի հիմնը երգեց: Ապա թոռան ուղեկցությամբ բարձրացավ իր աշխատասենյակ, որտեղից դուրս էր եկել 13 տարի առաջ: Վերջում էլ լրագրողներին դուրս հրավիրեց, որ աշխատասենյակում աղոթի: