Մատչելիության հղումներ

Անվտանգային կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ, Սեպտեմբեր 29, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ, Սեպտեմբեր 29, 2024

Միաբանությունն է ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը, այսօր Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն: Վեհափառ Հայրապետը պնդեց, թե Հայաստանում անվտանգային մարտահարվերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը «առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով»։

Դիմելով Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ հետևորդներին՝ Կաթողիկոսը հորդորեց «ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից»։

«Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության ու ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս՝ որպես ազգ՝ ի Հայաստան և ի սփյուռս»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հայաստանի վարչապետը այս տարի էլ չի մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված Սուրբ Հարության պատարագին։ Նա նախօրեին էր շնորհավորել Սուրբ Զատիկը կառավարության շենքից՝ 5-րդ Սաղմոսով՝ ապահովության համար աղոթքով։

Հայաստանի նախագահը շնորհավորական իր ուղերձում խոսել է միասնականության ու ապագայի հանդեպ պատասխանատվության մասին։ «Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ»,-նշել է Վահագն Խաչատուրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG