Մատչելիության հղումներ

ՀՀ-ն հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ միջավայր. ԱԳՆ


Հայաստանն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր, ասված է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը», - նշում է պաշտոնական Երևանը:

Արտգործնախարարությունը նկատում է, որ Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ:

«Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն և այդ հանցագործությունները բացառելուն», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնելով Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ՀՀ քայլերը՝ ԱԳՆ-ն ընդգծում է, որ այդ բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ այսօր վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG