Եթե անցած տարվա ապրիլ24-յան ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց էր բարձրացնում, թե ինչ պետք է անել, կամ չանել՝ «Մեծ եղեռնի հոգեցնցումը հաղթահարելու համար», ապա այսօր, Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում արդեն կարծես պատասխան է ձևակերպում իր այդ հարցին՝ նշելով, որ Ցեղասպանությունը վերապրելու միջոցը Հայաստանի Հանրապետությունն է:
«Զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան», - նշել է վարչապետը։
Ընդ որում՝ Փաշինյանն իր այս տարվա ուղերձում երկու անգամ շեշտում է, որ այդ ճանապարհով գնալը համարում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը, քանի որ նրանք իրենց քվեով են ձևավորել ներկայիս կառավարությունը: Ավելին, այդ ճանապարհով գնալը Փաշինյանը համարում է առաքելություն, և հնարավորություն, որը չպետք է բաց թողնել և վստահեցնում է, որ ժողովուրդը, և նրա ընտրած կառավարող թիմը՝ այսինքն իրենք՝ բաց չեն թողնի այդ հնարավորությունը:
«Մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետև այսպես ենք վերծանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը, այսպես ենք վերծանում Ձեզնից յուրաքանչյուրի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է Ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ», - ընդգծել է նա։
Վարչապետը Հայաստանի կառավարության ընտրած այս ճանապարհը նաև ժողովրդի ընտրությունն է համարում. Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ ուղերձի ամենաէական կետը Փաշինյանի հենց այս՝ շեշտադրումն է՝ որով վարչապետը Հայաստանի կառավարության ընտրած այս ճանապարհը նաև ժողովրդի ընտրությունն է համարում:
«Նիկոլ Փաշինյանն արտահայտելով իր արդեն բավական հայտնի դիրքորոշումները նաև հղում է անում հանրային քվեին, մեծամասնության քվեին, ներկայացնում, որ իր այդ մոտեցումները վայելում են հանրային մեծամասնության քվեն ու նաև ակնկալիք արտահայտում, որ շարունակվի այդ քվեի կամ այդ մանդատի հետագա պատվիրակումը: Այստեղ ես տեսնում եմ բավականին նկատելի տողատակ, ենթադրում եմ, որ հայ-թուրքական թեմատիկան ու այդ ուղղությամբ որոշակի քայլեր Նիկոլ Փաշինյանը կփորձի դարձնել իր նախընտրական քաղաքականության և կապիտալիզացիայի ենթակա հարցեր», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Բադալյանը, սակայն, նկատում է՝ ուղերձի այդ հատվածը իրականության հետ խնդիր ունի. ժողովուրդը Փաշինյանի կառավարությանը 2021 թվականին բոլորովին այլ ծրագրի հիման վրա է ընտրել:
«Արձանագրենք, որ այստեղ կա փոքր-ինչ նենգափոխում կամ նվազագույնն անճշտություն, որովհետև այն մանդատը, որն այսօր ունի Նիկոլ Փաշինյանը, այն քվեն, որ նա ստացել է 2021-ին, տրվել է բոլորովին այլ դիրքորոշումների պայմաններում, քան այն, ինչ արտահայտում է Փաշինյանն այսօր թե՛ Արցախի հարցի վերաբերյալ, թե՛ հայ-թուրքական հարաբերության և Ցեղասպանության հարցի վերաբերյալ, հետևաբար փաստական հիմք՝ ասելու, որ հասարակությունը քվե է տվել նրա այսօրվա դիրքորոշումների համար, այն դիրքորոշումների և մոտեցումների համար, որ նա արտահայտում է ուղերձի առաջին մասում, ես կարծում եմ, մեղմ ասած, այդքան էլ ճշգրիտ չէ», - նշեց նա:
2021 թվականին խորհրդարանական ընտրություններից երկու ամսի առաջ ապրիլ24 -յան ուղերձում, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ շեշտադրումներ էր անում, մատնանշում էր ցեղասպանության մեղավորներին ու պատասխանատուներին՝ որը «Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն էր՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը:
Փաշինյանը նաև իր ուղերձում հայտարարում էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։
2021 թվականին նեոպանթուրքիստական սպառնալիք անվանելով տեղի ունեցողը՝ Փաշինյանը նշում էր, որ այդ սպառնալիքի պատասխանը պետք է լինի Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, և ամուր, հզոր դաշնակիցներ ունեցող ժողովրդավար Հայաստանը:
Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը Վարչապետի ուղերձում կհիշատակվեն նաև 2022 թվականին՝ վերջին անգամ: Դրանից հետո 2023 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի ուղերձում սկսում են հնչել հարցեր՝ ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար, և 2024 թվականից հանգում կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցման գաղափարին:
Ի դեպ՝ նախագահի էջում մինչ այս պահը որևէ ուղերձ Ապրիլի 24-ի կապակցությամբ տեղադրված չէ, նշվում է միայն, որ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ նախագահականի կայքէջի՝ Վահագն Խաչատուրյանը միայն մեկ անգամ է ուղերձ հղել Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր ընտրվելու տարում՝ 2022 թվականին: