ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինայում պատերազմ դադարեցնելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին պատրաստակամությունը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո՝ Միացյալ Նահանգներ վերադառնալիս, Թրամփը սոցիալական ցանցում պնդել է՝ «վերջին մի քանի օրերի ընթացքում Պուտինը քաղաքացիական տարածքների, քաղաքների և գյուղերի վրա հրթիռներ արձակելու որևէ պատճառ չուներ»։
«Դա ինձ մտածելու տեղիք է տալիս, որ գուցե նա չի ցանկանում դադարեցնել պատերազմը», - գրել է Թրամփը՝ ակնարկելով, թե Ամերիկան կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
Գրառումից ժամեր առաջ Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Հռոմի պապի հուղարկավորության արարողության շրջանակներում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե քննարկել են Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարը, որը պետք է լինի առանց նախապայմանների:
Սա երկու առաջնորդների առաջին շփումն էր փետրվարին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։