Բաքվի ռազմական դատարանում այսօր դարձյալ առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների ներկայության հարցաքննվել են Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ու Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը։
Դատական նիստը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ պետական «Ազերթաջ»-ը հայտնում է, թե այսօրվա դատաքննությանը ցուցադրվել են տեսանյութեր, որոնցում Արկադի Ղուկասյանն է, լրատվամիջոցի ձևակերպմամբ, «Շուշիի օկուպացիայից անմիջապես հետո»։
Մյուս տեսանյութի կադրերում, «Ազերթաջ»-ի պնդմամբ, Դավիթ Իշխանյանն է երևում՝ իբրև, թե խոչընդոտում է ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացումը Շուշի։ Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մեղադրող դատախազները տեսանյութերի ցուցադրությունից հետո հարցեր են տվել Ղուկասյանին ու Իշխանյանին։
«Ազերթաջ»-ն Արցախի երկրորդ նախագահին վերագրվող խոսքեր է մեջբերել հրապարակման մեջ, որում Ղուկասյանն իբրև ասել է, թե ովքեր են իր հետ եղել Շուշիում՝ քաղաքը հայկական ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո։ Ըստ «Ազերթաջ»-ի՝ այնտեղ եղել է իր վարորդը, հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:
Ընդ որում՝ պետական լրատվամիջոցն այսօրվա դատավարությունից տեսանյութեր դեռ չի հրապարակել։ «Ազերթաջ»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Իշխանյանի ջոկատը Մոնթե Մելքոնյանի հրամանով փակել է Շուշի տանող ճանապարհը։ Պարզ չէ, թե խոսքն ինչ տեսանյութի մասին է, նշվում է, որ դրանում են այդ պնդումներն արվում։ Ինքը՝ Դավիթ Իշխանյանը, ըստ «Ազերթաջ»-ի հայտարարել է, որ տեսանյութում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և այն քարոզչական նպատակով պատրաստվել է 2020-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։
Պետական լրատվամիջոցն այս դեպքում էլ Իշխանյանին վերագրվող խոսքեր է մեջբերում է. Նա անհնար է համարել Շուշիի օպերացիային մասնակցությունը, քանի որ այդ ժամանակ ձեռնափայտով է եղել:
1992-ին հայկական ուժերի կողմից Շուշի ազատագրմանը Բաքվի ռազմական դատարանը սկսել է անդրադառնալ անցած շաբաթվանից։ Մեղադրող կողմը դեռ անցած նիստին պնդել էր, թե Շուշին, ադրբեջանական կողմի ձևակերպումն է, օկուպացնելու հրամանը տվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
1992-ի մայիսին Շուշիի ազատագրմանը մասնակցած Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Բաքվում ընթացող դատավարությունն անդրադառնալով՝ հայտարարել էր, որ Բաքուն այդկերպ ցանկանում է իր վրայից հանցագործի պիտակը Հայաստանի վրա դնել։ Օհանյանի անունն էլ է շրջանառվում քրեական գործում, ի թիվս Հայաստանի ու Արցախի մյուս նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների։ Նրանք ներկայացվում են իբրև Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի հետևում կանգնած անձինք։
«Ստեփանակերտ մայրաքաղաքը, որտեղից իրականացվում էր ամբողջ Արցախի Հանրապետության կառավարումը, կենսագործունեության ապահովումը, գտնվում էր անընդհատ ռմբակոծության, անընդհատ հարվածի տակ, և ողջ ժողովուրդը նկուղներում էր: Եվ Արցախի իշխանությունը որոշում ընդունեց այդ ռազմական հենակետերից ձերբազատվել՝ ճնշել այդ ռազմական հենակետերը», - ասել է Սեյրան Օհանյանը:
Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, որ այդ օրերի ականատեսն է, «Ազատության»-ը պատմել էր, որ Շուշիից խաղաղ բնակչությունը՝ հացի, ծխախոտի հերթ կանգնած մարդիկ պարբերաբար թիրախավորվում էին, արկեր էին տեղում բարձունքից։ Մինչդեռ Շուշիում ադրբեջանական բնակչություն չի եղել, գործողության ընթացքում ընդամենը մի քանի ֆերմերներ։
Հայաստանի իշխանությունը Բաքվում ընթացող դատավարությունները որակում է թատերականացված: Պաշտոնական Երևանը պնդում է՝ դրանք դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով են ընթանում։ Երևանից, սակայն, խուսափում են հրապարակավ ասել, թե կոնկրետ ինչ են անում՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։