Մատչելիության հղումներ

Տրանսպորտի բարելավման փորձեր Ալավերդիում՝ կարկուտնից մինչև քաղաքական փոթորիկ


Օրերս Ալավերդի համայնքի ավագանին որոշեց համայնքի համար ձեռք բերած 5 նոր ավտոբուսն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ալավերդու ավտոբուս» համայնքային կազմակերպությանը: Չինական «Ժոնգ-տոնգ» մակնիշի ավտոբուսները, որոնք առնվազն 22 նստատեղ ունեն, համայնքապետարանի և կառավարության վրա 180 միլիոն դրամ են նստել:

Հետաքրքիրն այն է, որ նոր ավտոբուսների մասին Ալավերդիում դեռ երկու տարի առաջ էր խոսվում: Այն ժամանակվա համայնքապետ, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի պաշտոնավարման ժամանակ «Ապրելու» հիմնադրամն էր Ալավերդի համայնքին 6 միկրոավտոբուս տրամադրել, որոնք հանդիսավորությամբ, կարմիր ժապավեններով քաղաք էին հասցվել:

Ավագանին էլ, որտեղ «Ապրելու երկիր»-ը մեծամասնություն ուներ, այդ 6 միկրոավտոբուսներն «Ապրելու» հիմնադրամից անհատույց օգտագործման իրավունքով ստանալու մասին որոշում էր կայացրել և այդ ժամանակվա համայնքի ղեկավարին հիմնադրամի հետ պայմանագիր կնքելու իրավունք տվել:

«Ապրելու երկիր» կուսակցությունը, մինչդեռ, չէր թաքցնում, որ ավտոբուսները ոչ թե նվիրում են, այլ տալիս են անհատույց օգտագործման, քանի դեռ իշխանությունն իրենց ձեռքին է: Ավագանու նիստում այդ ժամանակ համայնքը ղեկավարող Արկադի Թամազյանը հենց այդպես էլ ասել էր. - «Կառավարումն ինչքանով կկատարի «Ապրելու երկիր» կուսակցությունը, էդքան 100 տոկոս եմ ասում, էդ տրանսպորտներն աշխատելու են»:

Ի վերջո՝ 2023-ի հուլիսի 28-ին այս կարևոր որոշմանը ոչ միայն «Ապրելու երկիր» խմբակցության անդամներն էին կողմ քվեարկել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները, որոնք դրանից առաջ արդեն երկու նիստ բոյկոտել ու չէին ներկայացել՝ քաղաքական դրդապատճառներով: Սա առաջին լուրջ քայլն էր՝ համայնքի տրանսպորտային համակարգը բարելավելու ուղղությամբ, քանի որ գործող «Պազիկ»-ների վիճակն այնպիսին էր, որ ուղևորներն ստիպված էին անձրևանոցներ օգտագործել՝ ավտոբուսների ներսում անձրևից պաշտպանվելու համար։

Բայց մինչ հիմնադրամի հետ միկրոավտոբուսներն ընդունելու պայմանագիրը կկնքվեր, Ալավերդիում ավերիչ կարկուտ տեղաց: Կայանած ու գործարկմանն սպասող միկրոավտոբուսների դիմապակիները, պատուհանները, հայելիները կոտրվեցին ու դրանք՝ անօգտագործելի դարձան: Մինչ «Ապրելու» հիմնադրամը պլանավորում էր վերանորոգել վնասված միկրոավտոբուսները, 2023-ի աշնանը՝ կարկուտից հետո քաղաքական փոթորիկ եղավ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Թամազյանին պաշտոնանկ անելու գործընթաց նախաձեռնեց. նախ տապալեցին ավագանու աշնանային նստաշրջանը, իշխող «Ապրելու երկիր» խմբակցությունից մեկ անդամ անցավ «Քաղաքացիական պայմանագրի» կողմը, հետո արդեն մեծամասնություն ունենալով, անվստահության գործընթաց սկսեցին ու հաջողության հասան: Իշխանափոխությունից հետո կարկտահարված միկրոավտոբուսները հանկարծակի անհետացան։

Արկադի Թամազյանը պաշտոնանկությունից հետո հերքեց լուրերը, թե ավտոբուսները հետ են վերցվել։ Նախկին համայնքապետը պնդում էր, որ դրանք դեռ վերանորոգվում են «Ապրելու» հիմնադրամի միջոցներով, և, որ պահեստամասերի ներկրման ժամկետով պայմանավորված՝ գործընթացը ձգձգվում է։

Անկախ ամենից, բացառում եմ, որ բնակիչները տուժեն որոշ պատեհապաշտների կամայական ցանկությունների պատճառով», հայտարարել էր նա։ Այնուամենայնիվ, ավտոբուսներն այդպես էլ Ալավերդի չվերադարձան: Թամազյանը լրատվամիջոցներին ասել էր, թե համայնքի նոր ղեկավարը պետք է դիմեր հիմնադրամին պայմանագիր կնքելու համար, չեն դիմել:

Մինչ ալավերդցիները սպասում էին «Ապրելու» հիմնադրամի տրամադրած ավտոբուսների վերադարձին, նոր իշխանությունը որոշեց հույս չդնել իր քաղաքական հակառակորդների վրա։ Համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Ղումաշյանի հայտարարությամբ, նոր ձեռք բերված ավտոբուսներն արդեն Երևանում են, և մաքսազերծումից հետո՝ մոտ մեկ ամսից, Ալավերդի կհասնեն:

Ալավերդու նոր իշխանությունները որոշեցին իրենք ավտոբուսներ գնել՝ ծախսելով մոտ 180 միլիոն դրամ։ Մնում է հուսալ, որ այս անգամ չինական ավտոբուսները կկարողանան խուսափել թե՛ եղանակային ու թե՛ քաղաքական փոթորիկներից, և վերջապես կսկսեն սպասարկել ալավերդցիներին, որոնք դեռ ստիպված են խորհրդային տարիների դեղին «Պազին»-ներով ու հին «Գազել»-ներով տեղաշարժվել սեփական քաղաքում:





XS
SM
MD
LG