Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման` նոր սահմանափակումները տարածվելու են էներգետիկայի և բանկային ոլորտների, մասնավորապես «Գազպրոմի» և բնական պաշարների ոլորտում աշխատող այլ ընկերությունների վրա։
Գործակալության աղբյուրները հայտնում են, որ պատժամիջոցների նպատակն է մեծացնել Մոսկվայի վրա ճնշումը, որպեսզի Պուտինը համաձայնի նախագահ Թրամփի՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նախաձեռնությանը։ Դեռևս պարզ չէ՝ Թրամփը կհաստատի այս առաջարկները, թե՝ ոչ։
Bloomberg-ի տեղեկություններով էլ՝ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու մի քանի տարբերակ է դիտարկում: Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը հրաժարվել է այս մասին մանրամասներ հայտնել։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ևս առայժմ չի հաստատել և չի հերքել այս տեղեկությունները։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ ավելի քան 70 սենատորներ աջակցեցին Ռուսաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառելու օրինագծին։ Փաստաթղթում, մասնավորապես, առաջարկվում է մինչև 500 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք Ռուսաստանից նավթ, գազ և ուրան են գնում։