Ռուսական զինուժը անցած գիշեր կրկին թիրախավորել է Կիևը անօդաչու թռչող սարքերով։ Մայրաքաղաքի երեք շրջաններում բռնկվել են հրդեհներ, կան փլուզումներ։ Արտակարգ իրավիճակների ծառայության վերջին տվյալներով, վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Օբոլոնսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհ է բռնկվել բնակելի շենքի վերին հարկի բնակարանում։ Կիևում այրվել են նաև մասնավոր տներ և մեքենաներ, վնասվել է առևտրի կենտրոն։
Ռուսական կողմի հրետակոծությունների հետևանքով վերջին 24 ժամում Խարկովի մարզում զոհվել է մեկ մարդ, Դոնեցկում՝ երեքը, իսկ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում կան վիրավորներ։
Մոսկվան պնդում է, թե խաղաղ բնակավայրերը չի թիրախավորում։