Մատչելիության հղումներ

Բաքուն Մոսկվայից պարզաբանում է պահանջում


Ռուսաստանը այսօր նախ ձերբակալել, ապա արգելել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովի մուտքը երկիր՝ ստիպելով նրան հայրենիք վերադառնալ, հաղորդում է ադրբեջանական Ապա-ն։ Ըստ գործակալության, ադրբեջանցի պատգամավորը ռուսական կողմի հրավերով ուղևորվել է Աստրախան՝ Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն ռուսական կողմը Մոսկվայի օդանավակայանում նրան թույլ չի տվել նստել դեպի Աստրախան թռչող ինքնաթիռ։ Բադամովին, ըստ ադրբեջանական կողմի, Մոսկվան որևէ բացատրություն չի ներկայացրել։

«Մենք դիմել ենք Ռուսաստանի ԱԳՆ, պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ դեպքը կհետաքննվի, բայց պատճառները չի բացատրել»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։ Հաջիզադեն պնդել է, թե «Բաքուն սա համարում է ոչ բարեկամական քայլ և սպասում է Ռուսաստանից պարզաբանումների»։

Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին Բադամովի հայտարարությունների պատճառով։ Ամիսներ առաջ, երբ Բաքուն որոշեց փակել «Ռուսաստանի տունը», Վալուևը իր Telegram ալիքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ադրբեջանցիների հասցեին։ Բադամովը նույն տոնով հակադարձել էր նրան՝ Ֆեյսբուք-ի իր էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG