Մատչելիության հղումներ

Առևանգե՞լ են, թե՞ գետն է տարել. 5-րդ օրն է՝ փրկարարները և ջրասուզակները փնտրում են 2 տարեկան Տիգրանին


5-րդ օրն է փրկարարաները, ջրասուզակները ոտքերով ձեռքերով շոշափում են Մարմարիկի ջրերի մեջ ամեն թուփ, բետոնի կտոր, քար՝ 2 տարեկան փոքրիկը դեռ չգտնվել: Ջրասուզակ Վահե Մելքոնյանն արդեն չի հիշում, թե քանի անգամ է գետով վերուվար արել:

Վերջին անձրևներից Մարմարիկը վարարել է, հունը բարձրացել, ամենամեծ խնդիրն այս պայմաններում, ըստ ջրասուզակի, այն է, որ որոնում են ընդամենը երկու տարեկանի, շատ փոքրամարմին տղայի՝ շատ վարար գետում:

Փոքրիկ Տիգրանը մայիս 4-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 11-ին է անհետացել, հայրն ու պապիկը մեքենայի վրա գործ էին անում, տան կողքին: Տղան քույրիկի հետ նույն տարածքում էին, քույրը տուն է գնացել: Երեխայի պապիկը մտաբերել չի կարողանում ՝ 5 թե 10, 15 րոպե անց են նկատել, որ երեխան ոչ բակում է, ոչ էլ տանը: Այժմ քննվող վարկածներից մեկն այն է, որ նա գետն է ընկել. Պետրոսյանների տնից մինչև ջուրը՝ մոտ 50 մետր է՝ փոքրիկը կարող էր այդտեղ հասնել տան կողքի ճանապարհով կամ հենց իրենց տնամերձ հողամասով:

Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը ցույց է տալիս այն ճամփան, որով կարող էր անցած լինել երեխան ու հասնել գետին: Ընտանիքը, սակայն, փոքրիկի տնամերձով անցնելը հավանական չի համարում, որովհետև, ըստ պապիկի, նա առանց ծնողների այդքան մետրեր չէր գնա:

Տան կողքով պտտվող ճանապարհով կգնա՞ր, Վոլոդյա Պետրոսյանն ասում է՝ «հենց այդտեղ էինք աշխատում, կտեսնեինք»: Գետի մյուս ափին խանութ կա, որ տեսախցիկ ունի՝ հենց այդ ճամփան երևում է. դեպի գետը գնացող Տիգրանին կադրերում չեն տեսել:

Փոխգնդապետ Սեդրակյանի խոսքով՝ որոնումները միայն ջրում չեն, գյուղն ու հարակից տարածքները, բոլոր շենք շինությունները, խորշերը նայում են: Անօդաչուներ են աշխատել, առաջին երեք օրերեին նաև կինոլոգներ, սակայն անձրևից հետո շների ներգրավումն ասում է՝ այլևս արդյուանվետ չէ: 218 փրկարար ու 170 ոստիկան է ներգրավված երեխայի որոնման աշխատաննքերում, գյուղում նաև բազմաթիվ կամավորներ կան:

Առաջին օրերից քննվում է նաև փոքրիկի առևանգման վարկածը: մայիսի 4-ի առավոտյան ժամերի գյուղի անցուդարձը Պետրոսյաննների տան հատվածում ուսումնասիրվել է, ասում է Սեդրակյանը:

Փոխգնդապետի խոսքով՝ հիմնական կասկածը, սակայն, գետն է մնում ՝ Տիգրանենց տան մոտից մինչև Աղբյուրակի ջրամբար՝ մոտ 15 կիլոմետր, ջրասուզակները շարունակում են որոնումը, մի մասը սուզվում է, մյուսները ափամերձ թփուտներն ու ծառերի արմատները քրքրում: Փոքրիկի ընտանիքը փրկարարների աշխատանքը բարձր է գնահատում, միայն խնդրում են սոցցանցային կյանքով ապրողներին չճշտված տեղեկություններ չտարածել, կասկածելի զանգեր չեն ստացել, էքստրասենսների կանխատեսումներով տարված չեն, իրենք ծանր սպասման մեջ են:

Գյուղում արդեն հինգ օր է միայն անպատասխան հարցեր են՝ գե՞տն է տարել, թե՞ մարդը ..ու էլի մի շարք հարցեր ունեն. բնակավայրով անցնող ու վարարումների ժամանակ վտանգավոր դարձող Մարմարիկը պատնեշ պիտի՞ ունենար:

Մարմարիկցի Աղվան Հարությունյանն ասում է՝ գյուղում բոլորն են կարկամած, սպասելուց բացի ոչինչ անել չեն կարողանում:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG