Մատչելիության հղումներ

Վիճաբանություն և հրմշտոց՝ Ազգային ժողովում

Լրացված

Խորհրդարանում այսօրվա նիստի ընթացքում կրքերը թեժացան՝ պատգամավորների միջև կրկին հրմշտոց տեղի ունեցավ:

Նախ իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում թվարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըստ դատախազության, ապօրինի ձեռք բերված ունեցվածքը՝ մի քանի անգամ նրա որդուն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանին, անուղղակի կերպով անվանելով «փոքրիկ իշխան»:

Գոռգոռոցներն ու քաշքշուկը հետևեցին Լևոն Քոչարյանի ելույթին, երբ նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմադիր գործընկերներին «համբալ» է անվանում, ու հարցրեց. «Հաջորդ օրն ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր է՝ դուք, ինքը նայե՞լ եք այդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ էլի, կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից: Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի, երբ որ իրեն դուրս շպրտեմ էնտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»:

Անդրադարռնալով վարչապետի մեկ այլ հայտարարության, թե ամեն գյուղ գնալիս իրեն հարցնում են՝ «ինչո՞ւ {Ռոբերտ-խմբ.} Քոչարյանը նստած չէ», շեշտեց. «Գիտե՞ք՝ մեզ ինչ են ասում, ասում են՝ «էս անհայրենիք դավաճանները ո՞նց ա, որ մինչև հիմա ազատության մեջ են, մի բան էլ շարունակում են իշխանության մեջ մնալ»»:

Լևոն Քոչարյանին արտահերթ ելույթով արձագանքեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նրան դիմելով «արա՛, Լևոն»-ով:

«Ասեմ, թե ինչ են ասում մարդիկ Ռոբերտ Քոչարյանի մասին, ասում են, թե «հայրը թուրք է», բայց մենք երբեք տենց բան այստեղից չենք ասում, անունն էլ են ասում: Ասում են՝ «անհայրենիք դավաճան են», «Արցախը լքել են», «պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, գնացել, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ ղարաբաղցու համար չեն արել»: Բայց մենք տենց բան այստեղից չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները», - ասաց Հակոբ Արշակյանը:

Արշակյանի ելույթի ժամանակ սկսվեցին բանավեճն ու տեղից ելույթները «Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG