Մատչելիության հղումներ

Նարեկ Նալբանդյանն ընդլայնում է բիզնեսը. պատգամավորները հարցեր ունեն


Նարեկ Նալբանդյան
Նարեկ Նալբանդյան

Մինչ իրավապահները երեք տարի է փորձում են պարզել՝ ինչպե՞ս ստացվեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակը հապշտապ հանվեց կալանքից ու 2.5 միլիարդ դրամով վաճառվեց նորահայտ, ըստ մամուլի՝ իշխանամերձ գործարար Նարեկ Նալբանդյանին, վերջինս ընդլայնում է իր բիզնեսները:

Ըստ «Հետքի», այս անգամ Նալբանդյանը գնել է Նոր Հաճնի ադամանդի երբեմնի խոշոր գործարանը վարկային միջոցներով՝ 3 միլիոն դոլարով: Նալբանդյանը Փաշինյանի իշխանության օրոք ձեռք է բերել տարատեսակ բիզնեսներ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցը, Սևանի ափին գտնվող հյուրանոցներից մեկը, «Օազիս», «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը: Ընդ որում, ըստ «Հետքի», որոշ բիզնեսներ ձեռք է բերել կամ շուկայականից էժան գներով, կամ էլ՝ ամբողջ գումարը չի վճարել, օրինակ, «Օազիս» սուպերմարկետների ցանցի դեպքում 60 միլիոն դրամ չի վճարել, ու գործը հասել է դատարան:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այստեղ «քաղաքական և տնտեսական խավերի սերտաճում» է տեսնում:

Ինչո՞ւ է նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Աբրահամյանի ընտանիքի որդուն պատկանող առանձնատան գործը քննվում երեք տարի ու առանց արդյունք, ինչպե՞ս է ստացվում, որ կասկածելի պայմաններում խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցված առանձնատան նոր սեփականատերը դարձած նորահայտ գործարարն ընդլայնում է իր բիզնեսն այնպիսի միջավայրում, որից դժգոհում են երկարամյա գործարարները: Հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը մի պատասխան ունի՝ համակարգային կոռուպցիա, ոչ թե՝ ցանցային, ինչպես մեկ ամիս առաջ պնդել էր վարչապետ Փաշինյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար մի այդպիսի տղա, որի բիզնեսը ծաղկում էր, հետո Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի ժամանակ էլի տղաներ հայտնվեցին, որոնց բիզնեսը այդպես զարգանում էր: Հիմա էլ Փաշինյանի օրոք էլի տղաներ են հայտնվում, որոնց բիզնեսը զարգանում է», - ասում է փորձագետը:

Նարեկ Նալբանդյանի փաստաբանը հերքում է պնդումները, թե այս ընտանիքի բիզնեսը բարգավաճում է, քանի որ իշխանության հովանավորությունն ունեն: Կարեն Տոնոյանի խոսքով, Նալբանդյանն իր գործունեությունը ծավալում է վարկային միջոցներով:

«Ես Նարեկ Նալբանդյանին վաղուց եմ ճանաչում, ծանոթ եմ նրա բիզնես գործունեությանը շատ տարիներ առաջվանից: Իմ տեսածը կարող եմ ասել, որ Նարեկ Նալբանդյանը իր աշխատանքով, իր բիզնես կարողություններով հասել է էն ամենին, ինչը որ հիմա ունի», - փոխանցեց Տոնոյանը:

Մինչ փաստաբանը հերքում է Նալբանդյանի շուրջ կասկածները, նրա հարցը շաբաթներ առաջ հասել էր խորհրդարան: Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր գլխավոր դատախազին հարցնում, թե ի՞նչ են այդքան երկար քննում, որ չեն կարողանում պարզել՝ ինչո՞ւ Հակակոռուպցիոնի քննիչը շատ արագ, առանց գլխավոր դատախազության թույլտվության Աբրահամյանների դղյակը հանեց արգելանքից: Ընդ որում, քննիչը ո՛չ մեղադրյալի կարգավիճակ ունի, ո՛չ էլ հեռացված է համակարգից, շարունակում է նույն Հակակոռուպցիոնում գործեր քննել:

«Նախաքննական գաղտնիքի տակ երեք տարի թաքնված է իրավապահ համակարգը», - կարծում է Թովմասյանը:

Աբրահամյանների առանձնատունն արգելանքի տակ էր 2020 թվականից։ Դատախազությունը քննում էր՝ ինչ միջոցներով և ինչպես է նախկին վարչապետն այն կառուցել: Բայց քննիչն այն հանել էր արգելանքից ու թույլատրել վաճառքը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկնաբանմամբ՝ որպեսզի որևէ տվյալ չխանգարի քննությանը, իրավապահներն այս գործը քննում են գաղտնի ընթացակարգով և չեն ասում՝ ինչո՞ւ երեք տարի անց քննիչը մեղադրյալ չէ, արդյո՞ք դա նշանակում է, որ նա, այնուամենայնիվ, ճիշտ որոշում էր կայացրել:

Ընդդիմադիր պատգամավորը գլխավոր դատախազին հիշեցրել էր նաև 2018-ի հեղափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը նվեր տված «Գոլդեն փելես» հյուրանոցի մասին. - «Պետությունը նվիրատվություն է ստացել 15.8 միլիարդ դրամ, բայց այն վաճառել է 5 միլիարդով»:

Ինչո՞ւ է այդքան էժան վաճառվել, արդյո՞ք սա արժանացել է իրավապահների ուշադրությանը, հարցնում էր ընդդիմադիր պատգամավորը: Գլխավոր դատախազն արձագանքել էր, թե այս գործարքի հետ կապված կոռուպցիոն ահազանգեր չեն ստացել»:

Թովմասյանն «Ազատությանը» փոխանցեց՝ դեռ սպասում է գլխավոր դատախազի ամփոփ պատասխանին. - «Դատախազը ուղղակի չգիտի՝ ի՞նչ իրավական գործիքներ կիրառի, որպեսզի իշխանական որևէ գործիչ կամ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվի»,- ասում է նա:

«Գոլդեն փելեսի» դեպքում խնդիրներ չեն տեսել, բայց Աբրահամյաններից երեք տարի առաջ գնած դղյակը Նալբանդյաններին անհարմարություն է պաատճառում: Փաստաբանն ասաց, որ այժմ արգելված է նախկին վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին փոխանցել առանձնատան պարտքը: 6.5 միլիոն դոլարից փոխանցել են ընդամենը 145 հազար դոլարը: Պատճառը քրեական գործն է. որպեսզի առանձնատան փոխարեն գոնե պետությանը վերադարձվի դրա գումարը, դատախազությունը նաև արգելել է տան դիմաց գումար փոխանցել նախկին վարչապետի որդուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG