Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու առանձին քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետի ու խորհրդարանի խոսնակի դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին հերքել իր մասին արված պնդումները. վարչապետին, մասնավորապես «դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» հայտարարության համար, իսկ Սիմոնյանին՝ լրագրողների հետ ճեպազրույցում արած պնդումների:
Քոչարյանի մասին նման պնդում Փաշինյանն արել էր կառավարության վերջին նիստերից մեկում:
Իսկ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին, արձագանքելով այդ օրը հրապարակված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, թե այս իշխանությունները «կոռուպցիոն հանճարներ են» ու որ իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը թերևս Հայաստանի ամենահարուստ մարդն է, լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահին հորդորել էր «դիմել բժշկի». - «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում երբևիցե եղած ամենաբաց ղեկավարն է, ՀՀ-ում բոլորը գիտեն, թե ով է երկրի ամենահարուստ ղեկավարը, և ավելի լավ կլիներ՝ ինքը խոսեր՝ այդ 200 միլիոն դոլարը վերջը Ղարաբաղի՞ց էին բերել, պա՞պն էր կտակել, Ալբանիայի՞ց էր ստացել որպես օգնություն, էլ չեմ ասում մնացած ունեցվածքը», - ասել է խորհրդարանի խոսնակը:
«Դատալեքս» տեղեկատվական հարթակի համաձայն՝ Քոչարյանը Փաշինյանից 6 միլիոն դրամ է պահանջում՝ զրպարտության համար, իսկ Ալեն Սիմոնյանից 6 միլիոն դրամ՝ զրպարտության և ևս 3 միլիոն՝ վիրավորանքի համար: Դատական նիստեր դեռևս նշանակված չեն: