Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, քիչ առաջ հայտնեց ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը: Մյուս փաստաբանը՝ Լիանա Գասպարյանը հայտնեց, որ իրենց տեղեկություններով քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին, այս միջնորդությունը քննվելու է Ավանի դատարանում:
Փաստաբանները ապօրինի որակեցին մեղադրանքը, հայտնեցին, որ Կարապետյանը այն չի ընդունում:
«Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ», - ասաց փաստաբանը:
59-ամյա Կարապետյանը երեկ News.am-ին տված հարցազրույցում պաշտպանել էր Հայ առաքելական եկեղեցուն. - «Փոքրիկ խմբակը, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին», - մասնավորապես ասել էր գործարարը:
Նրա այս հայտարարությունից հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց սպառնալից գրառումներ անել Ֆեյսբուքում, երեք ժամ անց իրավապահները շրջապատեցին Կարապետյանի առանձնատունը, այնտեղ մինչև ուշ գիշեր գործողություն էր իրականացվում: Փաշինյանն այսօր արդեն խոսում է Կարապետյանին պատկանող «ՀԷՑ»-ը ազգայնացնելու մասին:
Քննչական կոմիտեից դուրս եկավ նաև Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, «Ազատության» հարցին, թե արդյոք այս ամենի մեջ քաղաքական հետք տեսնո՞ւմ են, «շատ զարմանալի ու հետաքրքիր» որակեց պետության ղեկավարի մոտեցումը արդարադատությանը: «Ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ, բոլորս էլ կարող ենք տեսնել ինչ մոտիվներով ինչ են մարդիկ ուզում անել», - նշեց կրտսեր Կարապետյանը, ով երեկ ձերբակալվել, ապա ազատ է արձակվել:
Կարապետյանի աջակիցներն հավաքված էին Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:
Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործից: