Բելառուսի նախագահը, ԱՄՆ միջնորդությամբ, ներում է շնորհել 14 քաղբանտարկյալների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդ Սերհեյ Տիխանովսկուն և «Ազատության» թղթակից Իհար Կարնեյին։
ԱՄՆ դեսպան Քիթ Քելլոգի տեղակալ Ջոն Քոուլը X-ում գրել է, որ գործարքը տեղի է ունեցել Լիտվայի կառավարության հետ համագործակցության շնորհիվ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քելլոգը մեկնել էր Մինսկ, հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
46-ամյա Տիխանովսկին ճաղերի ետևում էր 2020 թվականից, երբ փորձեց առաջադրվել օգոստոսին կայացած նախագահական ընտրություններում։ Ամուսնու ձերբակալությունից հետո նրա կինը՝ Սվետլանան, ստանձնեց ընդդիմության առաջնորդությունը։
«Փառք Աստծո, մենք միասին ենք և շարունակում ենք պայքարը մեր հայրենիքի և մյուս քաղբանտարկյալների ազատության համար», - այսօր Վիլնյուսում հայտարարել է Տիխանովսկայան։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին։ «Առանց նրանց այս պահը անհնար կլիներ», - ասել է Տիխանովսկայան։
Ազատ է արձակվել նաև «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության նախկին լրագրողը, ով ճաղերի ետևում էր 2023 թվականից՝ «ծայրահեղականության» մեղադրանքներով։ Պատճառը նրա կապն էր Բելառուսի լրագրողների ասոցիացիայի հետ։
Անցած դեկտեմբերին Լուկաշենկոյի վարչակազմը երկարաձգել էր նրա պատիժը ևս ութ ամսով։ Բելառուսի իրավապաշտպան համայնքը Կարնեյին դասել էր քաղբանտարկյալների շարքում։
«Մենք խորապես շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ բելառուսական իշխանությունների ձեռքում տառապած այս քաջարի լրագրողի ազատ արձակելու համար», - հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահը։ Սթիվ Կապուսը հանդիպել է Կարնեյի հետ նրա ազատ արձակումից անմիջապես հետո։
«Շնորհակալություն ենք հայտնում պետքարտուղար Ռուբիոյին և նրա թիմին, Լիտվայի կառավարությանը և միջազգային հանրությանը մեր բանտարկված լրագրողներին ցուցաբերած աջակցության համար»,-հայտարարել է նա։
Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Կանադան և արևմտյան այլ երկրներ հրաժարվել են ճանաչել 2020 թվականի նախագահական ընտրությունները՝ պատժամիջոցներ են սահմանելով հերթական անգամ նախագահ հռչակված Լուկաշենկոյի և Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ քվեարկությունը կեղծելու, զանգվածային ցույցերը բռնությամբ ճնշելու և ընդդիմախոսներին ազատազրկելու համար։