Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահին հորդորել է մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով։
Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության ոլորտի անանուն պաշտոնյայի, երեկ հաղորդում էին, որ իսրայելական զինված ուժերը պատերազմի ընթացքում գործել են Իրանին «մոտ» մի երկրում՝ առանց հստակեցնելու, թե, որ երկրի մասին է խոսքը։
«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։ Այդ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին», - այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է նա և հավելել, որ համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է իրանական հետախուզության կողմից։
Իրանի արձագանքը, շարունակեց դեսպանը, մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։ «Հնարավոր է, որ մեր թշնամին՝ սիոնիստական ռեժիմը, օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ։ Սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք սիոնիստական ռեժիմը. նրանք չեն հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք։ Հետևաբար, դեռևս կա հնարավորություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից», - ասաց նա։
Ըստ IRNA գործակալության` Իլհամ Ալիևի հետ այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել, մինչդեռ Իսրայելի ռեժիմը գործել է միջազգային իրավունքի խախտմամբ՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները:
Ի պատասխան, ըստ լրատվական գործակալության, Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Իսրայելի հարձակումների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ՝ վերահաստատելով Ադրբեջանի հարգանքը Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ալիևը նաև հերքել է մեղադրանքները, թե Ադրբեջանի օդային տարածքը իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվել է Իրանին հարվածելու համար:
«Ադրբեջանի կառավարությունը լիովին վերահսկում է իր օդային տարածքը և երբեք թույլ չի տա, որ այն օգտագործվի Իրանի դեմ», - ասել է Ալիևը: