62-ամյա արքեպիսկոպոսն Ազգային անվտանգության ծառայության նկուղում է՝ «Կենտրոն» քրեակատարողականում:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան երկու ամիս կանցկացնի բանտում, այսպիսի որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը՝ գիշերը 5 ժամ շարունակված քննությունից հետո:
«Սահմանափակվել են շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների: Մենք տասնօրյա ժամկետ ենք ունենալու՝ բողոքարկելու այս որոշումը»,- առավոտյան դատարանի բակում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Փաստաբանների փոխանցմամբ՝ Միքայել սրբազանը լավ է տրամադրված, վերջապես կհանգստանա բանտախցում: Նրա փաստաբանական թիմը երկամսյա կալանքի որոշումն «իրավական խայտառակություն, բացահայտ ապօրինություն» է որակում:
Դատախազությունը «գիտակցված գործողություն» է տեսնում
Ըստ դատախազության՝ Միքայել սրբազանի դեմ հարուցված քրեական գործի հիմքում նրա հայտարարություններն են ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին: Այս բանը սրբազանն ասել է թե՛ այս տարի, թե՛ անցյալ ու թե նախանցյալ տարի:
Դատախազություն եզրահանգել է, որ սա ուրեմն ոչ թե հուզական կոչ է, այլ գիտակցված գործողություն՝ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ. - «Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում», - հայտարարել է դատախազությունը:
Արքեպիսկոպոսի փաստաբանական թիմը վստահ է՝ սա ուղղորդված հետապնդում է, Միքայել սրբազանն այս հարցազրույցներում ոչ թե կոչ է անում, այլ պատմում, թե ինչ է ասել պատերազմի ժամանակ, ու սրանից բացի նա որևէ գործողություն չի պլանավորում, չի կազմակերպում:
Ըստ Արա Զոհրաբյանի՝ Սահմանադրական դատարանը դեռ 2008-ին բացել է Քրեական օրենսգրքի այդ հոդվածը՝ իշխանությունը զավթելու կոչերը պիտի լինեն իրական, պարունակեն նախապատրաստություն. - «Անհասցե կոչը, որքան էլ ես դա ասեմ, որևէ հետևանք չի տալու»:
Պարզվում է՝ այն, ինչի համար այսօր մեղադրում են Շիրակի թեմի առաջնորդին, իրավապահների աչքում բոլորովին էլ հանցագործություն չի եղել մեկ տարի առաջ: Իրավապաշտպան Դանիել Իոննիսյանը երեկ հրապարակեց երկու փաստաթղթեր, դրանցից մեկով ինքն է հաղորդում ներկայացնում տիկին Վարդապետյանին՝ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին. թեման Աջապահյանի նույն՝ «ռազմական հեղաշրջում պիտի արվի» նախադասությունն է, որ 2023-ի հարցազրույցում է: Եվ մեկ տարի առաջ իրավապահները իշխանությունը զավթելու կոչ չեն համարել այդ նախադասությունը ու գործ չեն հարուցել:
Մեկ տարի առաջ հանցակազմ չկար, այժմ կա, իսկ հարցազրույցների բովանդակությունը նույնն է. փաստաբաննները կասկած չունեն՝ սրբազանին հետապնդում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
«Եթե 2023-ի մասով դատախազությունն ասել է, որ սա օրինական վարքագիծ է՝ «դու որևէ տեսակի իրավախախտում չես կատարել», սրբազանի մոտ գալիս է օբյեկտիվ ընկալում, որ սա հանցագործություն չէ», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Արա Զոհրաբյանի խոսքով. - «Մենք դա ընկելեցինք որպես պատժիչ գործողություն»:
Փաստաբանները շեշտում են՝ այս պայմաններում շատ փոքր էր ակնկալիքը, թե սրբազանը չի կալանավորվի, հատկապես որ դատավորը արքեպիսկոպոս Գալստանյանին բանտ ուղարկած Մասիս Մելքոնյանն է: Կալանքը՝ ամենածանր խափանման միջոցն, ընտրվել է այսպիսի հիմնավորմամբ. - «Իրենք ասում են՝ կթաքնվի քննությունից, կխոչընդոտի գործի քննությանը»:
Սրբազանի պաշտպանները սա խտրական են համարում, որովհետև, ասում են, Միքայել արքեպիսկոպոսն այդ հայտարարությունները արել ու երբեք չի թաքնվել, շրջել է հանգիստ, ավելին հենց երեկ նա նորից վերահաստատել է ասածը, թե «ասել եմ, լավ եմ արել»:
Սրբազանն՝ ինքը տարակուսած էր, իրավապահները եթե իրեն էին փնտրում, ինչո՞ւ տեղյակ չի եղել, և զորախմբեր էին հասել Վեհարան. եզրակացությունն այն էր, որ իշխանությունն ուժի ցուցադրություն էր կազմակերպել:
Էջմիածնում աղմկոտ իրադարձություններից հետո արքեպիսկոպոսը սկզբում ոտքով, հետո մեքենայով՝ ինքնակամ հասավ Քննչական կոմիտե:
«Դասական քաղաքական հետապնդում, անձնական վրեժ». Մայր Աթոռը հորդորում են անհապաղ ազատ արձակել սրբազանին
Շիրակի թեմի առաջնորդին վերագրվող քրեական հոդվածը մինչև 5 տարով ազատազրկում է նախատեսում: Այսօր Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, հորդորել դատական մարմիններին անհապաղ ազատ արձակել արքեպիսկոպոսին: Էջմիածնականները սա «քաղաքական հետապնդում» են որակում և «Փաշինյանի անձնական վրեժ»:
«Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ», - շեշտել են Մայր Աթոռից:
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսն է հայտարարություն տարածել՝ «ամոթալի ու անպատվաբեր համարել անվտանգության ուժերի Վեհարանի տարածք խուժելը»: Պատրիարքի ձևակերպմամբ՝ իրականությունը պայթեց ռումբի չափ ուժգին, ցնցիչ սաստկությամբ: Հորդորն է՝ կանգ առնել. - «Կոչ կ’ընենք անյապաղ երկուստեք նահանջել, գէթ կանգ առնել այն կէտին՝ ուր մեզ հասցուցած են վերջին դէպքերը։ Եւ կանգ առնել՝ հանդարտութեամբ եւ խաղաղութեամբ, առանց նոր լարուածութիւն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգիով, այլապէս այս ճանապարհը, եթէ շարունակուի, մեզի անդունդ պիտի տանի»:
Մխիթարյան միաբանությունից աղոթքներ են տարածում՝ անսասան պահելու Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն Կաթողիկոսն ու հայ ազգը։ «Ամէնակալ Տէր Աստուած, թող փրկէ մեզ չարէն եւ անոր բոլոր արբանեակներէն», - հայտարարում են Մխիթարյանները Վենետիկից:
Նիկոլ Փաշինյանի «հրադադարը»
Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի շրջանակներում արդյոք իրավական նոր հետևանքներ կլինե՞ն. մամուլում առայժմ ենթադրություններ են՝ գուցե ուժայինները առաջիկայում Գուգարքի թեմի առաջնորդին որոնեն, նա էլ էր վարչապետին հակաճառել: «Սպասում եմ, պատրաստ եմ», - ասաց Հովնան եպիսկոպոսը: Նա քննչական կոմիտեի շենքի մոտ Միքայել սրբազանին աջակցելու էր եկել:
Լավ լուրն այն է, որ վարչապետ Փաշինյանը որոշել է «Ֆեյսբուք»-ում արձակուրդ վերցել. հուլիս 1-ից մինչև 5-ը վատ բառեր չի օգտագործելու:
Ըստ Փաշինյանի ՝ հայհոյախոսությունից անցնում են քաղաքակիրթ բանավեճի, հիմնվում միայն ստուգված փաստերի վրա: Ի դեպ, «Ֆեյսբուքն» արգելափակել էր Փաշինյանի վիրավորական գրառումներից մեկը, որում պոռնկության մեջ են մեղադրվում մի կաթողիկոս, մի սրբազան ու մի քահանա: Հայհոյախոսության սառեցումն այս արգելափակման հետ կապ ունի՞, թե՝ չէ. Աստված գիտի: