Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը թեև դեմ է, որ ընդդիմությունն իրեն առաջադրի վարչապետի պաշտոնում, միևնույն է, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն այս հարցում կոնսենսուս ունեն:
«Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահության գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,- երեկ հայտարարել էր խորհրդարանի 2-րդ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ գրառում է արել ու հայտարարել, թե սրբազանը գուցե մտափոխվի՝ հիմքում ունենալով մեծ թվով պատգամավորների պատրաստակամությունն ու հասարակական պահանջը։
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը մինչ այս տեղից չի շարժվել հենց ընդդիմության ներսում տարակարծությունների պատճառով։ Ի՞նչ է փոխվել այսօր. - «Դրա հետ կապված դրական մոտեցում արտահայտել են մարդիկ կամ ուժեր, որոնք մինչև այս պահը դա համարում էին անլուրջ գործընթաց կամ որևէ տեղ չտանող պրոցես։ Հիմա, երբ հնարավոր է եղել քաղաքական պրոցեսները բերել, հասնել մի կետի, երբ այն ուժերը, որոնք անլուրջ էին համարում կամ որևէ տեղ չտանող էին համարում, բայց այսօր սկսել են այն դիտարկել, արդեն իսկ այս ճանապարհին 1-2 քայլ առաջ է»,- պարզաբանում է Աբրահամյանը:
Երբ անվստահության գործընթացի թեման նոր էր մտնում քաղաքական օրակարգ, շատերը, այդ թվում՝ մենք, զգուշավոր էին,- նշեց «Պատիվ ունեմի» պատգամավորը, բայց գործողություններ դեռ այս ընթացքը չէին ստացել, որ ձերբակալվեն հոգևորականներն ու գործարարները։
Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու միտքը արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջ քաշեց։ Աջապահյանը արձագանքեց ձեռագիր նամակով. - «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»:
Թեև արքեպիսկոպոսը դեռ Քննչական գնալու ճանապարհին էր ասել, որ դեմ է այս գաղափարին, Էդմոն Մարուքյանն «Ազատություն»-ի հետ զրույցում պնդեց՝ Միքայել սրբազանն արդեն ձերբակալվածի կարգավիճակով է իր գրավոր հայտարարությունն արել։
«Ի՞նչ պայմաններում է գրել, ո՞նց է գրել, ո՞վ է համոզել, ո՞վ չի համոզել, ես էդ դաշտ չեմ մտնում»,- ավելեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ։
Իրեն քննադատողներին՝ հատկապես եկեղեցականներին, Մարուքյանը չանդրադարձավ, բայց շեշտեց՝ Միքայել սրբազանին չկալանավորվելու միակ տարբերակը նրան վարչապետի թեկնածու առաջադրելն է եղել, ովքեր դեմ են եղել՝ հանձնել են Սրբազանին։
Ի՞նչ է փոխվել քաղաքական դաշտում, որ հույս կա վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն ի վերջո կյանքի կոչել. Մարուքյանը նշեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աննախադեպ կոնսոլիդացիան, հատկապես, որ ժողովուրդը թույլ չտվեց ձերբակալել սրբազանին, կոնսոլիդացիա եղավ փողոցում և քաղաքական ուժերում միաժամանակ։
«Տեղի է ունեցել մի բան, որը մինչ օրս չէր եղել, մինչ օրս իշխանությունը որևէ հարցում հետքայլ չի արել։ Սա առաջին դեպքն է, որ հետքայլ արեց։ Նաև մինչ օրս չի եղել առաջադրված թեկնածու, որն ունենա համապատասխան փաստաթղթեր՝ այսինքն՝ քաղաքացի լինի, Հայաստանում բնակվող լինի և այլն, և այլն։ Նկատի ունեմ մարդ, որի շուրջ եղավ այդքան ուժերի կոնսոլիդացիա։ Հիմա պարզ է, գիտեք, որ իմ թեկնածուն նույնպես առաջադրվել էր, բայց այդ կոնսոլիդացիան չեղավ»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:
Սրբազանի վարչապետի թեկնածու դառնալու միտքին գրառմամբ անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը, նշել՝ «քաղաքական ուժերը վարքագծով ավելի շուտ հիշեցնում են խաղացողների, քան իրավիճակի լրջությունը գիտակցող առաջնորդների, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ...»:
«Դուք այս ի՞նչ անկյալ հոգիներ եք, դուք այս ի՞նչ վաճառականներ եք, այս ի՞նչ զզվելի առևտուր եք անում և այս ամենի մեջ ներքաշում հոգևորականությանը։ Լսեք, ապաշնորհներ, բավական է ձեզ, բավական է հոլովեք Հայոց Հայրապետի անունը և ստեղծեք այն պատրանքը, որ իբր Սուրբ Եկեղեցին է պատճառը, որ ունենք այսօրվա այս խարանը։ Արիություն ունեցեք և արժանապատվություն՝ խոստովանելու ձեր անկարողությունը և հրավիրելու այլ շնորհընկալ գործիչների, որոնք պատվով կստանձնեն և կիրագործեն այդ գործը։ Հեռու՛ գնացեք, հեռու՛ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները». հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք, և թույլ չենք տա ստվերել Հայոց Հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը»,- գրել էր Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Ժամանակն է, որ ազգը տեսնի ու ճանաչի՝ ով է իրապես ազգասեր, հայրենասեր ու աստվածավախ, և այդ իսկական զավակների միջից դուրս բերի նոր առաջնորդություն՝ այնպիսի գործիչների, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել պետության ճակատագիրը, եզրափակել է աբեղան։