«Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ», - հայտարարում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝ փաստաբանների միջոցով արված ուղերձով: Կարապետյանի ուղերձը կարդաց փաստաբաններից Արամ Վարդևանյանը:
«Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը», - նշել է Կարապետյանը:
Մինչ այդ Մաշտոցի պողոտայի Դիանա Աբգարի անվան այգուց Կարապետյանի աջակիցները մեկնարկել էին երթ դեպի ԱԱԾ շենք, որտեղ էլ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը:
Ելույթներ ունեցան նաև հոգևորականներ, նրանք պահանջում են ազատ արձակել Սամվել Կարապետյանին, նաև անդրադարձան բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանականների արդեն մեկ ամիս շարունակվող արշավին՝ այս ամենը որակելով հակասահմանադրական:
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն էլ միասնության կոչ արեց:
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 18-ին կայացրած որոշումը թողել է անփոփոխ. «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ:
Կարապետյանն իրավապահների ուշադրության թիրախում հայտնվեց, երբ քննադատեց վարչապետի գլխավորությամբ եկեղեցու դեմ սկսված արշավը: Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: