Օգոստոսի 1-ից երևանցիներն այլևս չեն կարողանա տրանսպորտի համար վճարել թղթային QR տոմսերով: Քաղաքապետարանը դարձյալ խոշոր փոփոխություն է անում տրանսպորտի վճարման համակարգում՝ վերացնում է մեկանգամյա տոմսերի թղթային տարբերակները: Դրա փոխարեն քաղաքացիները պիտի տրանսպորտային քարտ գնեն ու լիցքավորեն, վճարեն բջջային հավելվածով, կամ էլ բանկային քարտով:
Քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ չէին նախատեսում, որ քաղաքացիները հենց այդ 150 դրամանոց թղթե տոմսերից ավելի շատ կօգտվեն, դրանք ավելի հարմար տարբերակ կհամարեն: Հիմա թղթե տոմսերը շրջանառությունից հանելով ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասում է՝ Երևանցիներին կմղեն հասկանալու, որ իրենց առաջարկած փաթեթներն ավելի հարմար են:
Քաղաքային իշխանություններն այս նոր որոշման պատճառների թվում նշում են էկոլոգիական ու տեխնիկական խնդիրները. - «Դրանք աղբ են դառնում, էկոլոգիական առումով խնդրահարույց է, հետո հաճախ հերթեր են գոյանում տերմինալ սարքերի մոտ, երբեմն խնդիր է առաջանում դրանք տպվելու, որոշակի խնդիրներ են լինում, ու սարքերը դժվարությամբ են կարդում, որը նաև հերթ է առաջացնում արդեն ավտոբուսների մեջ»:
Համակարգը ներդնելուց առաջ հենց այս քննադատությունն էին հնչեցնում նաև ընդդիմադիրները, նշելով, որ տրանսպորտային ռեֆորմը լավ մտածված չէ և պետք է այլ լուծումներ որոնել:
«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը ժամանակին հենց թղթային QR կոդերի ստեղծած բնապահպանական խնդիրների մասին էր խոսում, հիմա ասում է՝ կասկածում է, որ քաղաքային իշխանություններին հանկարծ սկսեց հետաքրքրել էկոլոգիան:
Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ ի սկզբանե տրանսպորտային ռեֆորմը վատ է պլանավորվել, ու հիմա երևում են դրա արդյունքները:
«Մայր Հայաստան» խմբացկության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ կարծում է՝ քաղաքային իշխանությունները դարձյալ առանց հաշվարկի փոփոխություններ են անում, միասնական փաթեթների արդյունավետությունը կարելի կլիներ ստուգել, եթե 100 դրամանոց տոմսը պահպանվեր ու փորձնական ժամանակահատված տրվեր հաշվարկների ու իրական տրանսպորտային բարեփոխում պլանավորելու համար:
Արդյոք օգոստոսին դարձյալ ականատես կլինե՞նք այնպիսի քաոսային իրավիճակի, ինչպես 100 դրամանոց մետաղադրամները վերացնելու ժամանակ, Արմեն Գալջյանը կարծում է, որ ամեն ինչ հարթ կանցնի: