Իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանը ճաղերի հետևում ավելի քան 2 շաբաթ անցկացնելուց հետո փաստաբանների միջոցով ուղիղ հայտարարում է իշխանափոխության անհրաժեշտության մասին: Իշխող ուժից արձագանքում են՝ դրսից է ուղղորդված:
«Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագահի հետ...», - երեկ հայտարարել էր ԱԱԾ մեկուսարանում պահվող միլիարդատերը:
«Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքում է. - «Չգիտեմ՝ Ֆիլիպ Կիրկորովը քանի անգամ հայտարարություն անի կամ Մարգարիտա Սիմոնյանը կամ չգիտեմ էլ ով կար... որ ավելի հստակ լինի, որ դրսից է ուղորդվում»:
Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ ուղերձը նախօրեին ներկայացրեց նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ Կարապետյանի պահման վայրի՝ ԱԱԾ շենքում գտնվող Երևան քրեակատարողական հիմնարկի դիմաց: Կարապետյանի աջակիցները երթով էին հասել այնտեղ:
«Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը», - Կարապետյանի ուղերձը ընթերցեց փաստաբանը:
Ի՞նչ ուժի մասին է խոսքը, Կարապետյանը նոր կուսակցությու՞ն է հիմնում, պատրաստվու՞մ է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների՞ն, ինչպե՞ս են հասնելու իշխանությունների հեռացմանը: Կարապետյանը վարչապետի պաշտոնին հավակնել չի կարող, քանի որ նաև Ռուսաստանի քաղաքացի է: Այս հարցերին հանրահավաքի ընթացքում անդրադարձ չեղավ: Մինչդեռ, գործարարն արդեն իր տեսլականն է ներկայացնում՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանը. օրինակ, ներքին համերաշխություն, արցախցիների իրավունքների պաշտպանություն. - «Իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից և արժանապատվությունը վերակագնած երկիր. անցյալում թողնելով սև-սպիտակի բաժանումը ... Ես գիտեմ , թե ինչպես անել այս ամենը ու անելու ենք միասին»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը պնդում է՝ Կարապետյանի ուղերձը հաջորդ խորհրդարանական ընտրությունների համատեքստում դիտարկել պետք չէ. Չնայած դատարանի որոշում դեռ չկա, բայց պատգամավորը մյուս թիմակիցների նման Կարապետյանների ակտիվությունը կապում է այսպես կոչված «Հեղաշրջման պլանի» ու իրավապահների հրապարակած ձայնագրությունների հետ:
«Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն ընտրությունների հետ, էդ մարդիկ կյանքո՞ւմ են ընտրություն տեսել , ընտրության մասնակցել: Էդ մարդկանց ամեն ինչը պետք է դիտարկել միայն ու միայն Բագրատ Գալստանյանի ու նրա թիմակիցների ձայնագրություններով: Էդ մարդու անունը հո գրվա՞ծ էր էն ձերբակալված տեռորիստների ցուցակներում՝ կոնկրետ գործառույթներով՝ կոչ + 5000», - ասաց իշխող կուսակցության վարչության փոխնախագահը:
Ի՞նչ է պատրաստվում անել քաղաքական հայտ ներկայացրած Կարապետյանը, պարզ չէ, փոխարենը նրա աջակիցները, կարծես, արդեն որոշել են իրենց կարգախոսը՝ «Մեր ձևով»:
Կարապետյանը ձերբակալվեց եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո, իրավապահները հանցակազմ են տեսել նրա «մեր ձևով կմասնակցենք» արտահայտության մեջ: Երեկվա հավաքի ընթացքում մի քանի անգամ հնչեց այս կարգախոսը, մասնակիցներն էլ «Մեր ձևով» հեշթեգով շապիկներ էին կրում:
Ակցիայից հետո Կարապետյանների հետագա անելիքների վերաբերյալ լրագրողները պարզաբանումներ փորձեցին ստանալ նրա եղբորորդուց՝ Նարեկ Կարապետյանից: Նա, սակայն, փակագծեր չբացեց. - «Հետագա քայլերի մասին հանդես կգանք հետագա ցուցումներով, չենք ուզենա հիմա տեղեկացնել, սակայն, ուզում եմ ասել՝ սա մեծ ճանապարհի սկիզբ է»:
Հավաքին ու Կարապետյանի ուղերձին իշխանություններն ակտիվորեն են արձագանքում՝ նաև կոշտ արտահայտություններ կիրառելով:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, օրինակ, գրել է. - «Դուք կարող եք մարդուն տալ բարձրախոս, որ նա խոսի, բայց չեք կարող տալ գաղափար, որ դնի խոսքի մեջ: Որովհետև խոսացողին կարող եք առնել փողով, բայց գաղափարը` ոչ: Դատարկախոս, անգաղափար, անհավատ անաստվածներ»:
Ի դեպ, «Մեր ձևով» կարգախոսը նաև իշխանականների գրառումներում է արձագանք գտել, նրանք էլ «Ձեր ձևով» հեշթեգն են կիրառում՝ ռուսերեն տառերով: