Մատչելիության հղումներ

«Կառուցապատողն ապահովեց հողամասի վերադարձի պրոցեսը». Միկոյան 64-ի բնակիչների փոքրիկ հաղթանակը


Դավթաշենի 6 շենքերից բաղկացած նորակառույց համալիրի բնակիչներն ավելի քան մեկ տարվա պայքարից հետո փոքրիկ հաղթանակ ունեն:

Ի սկզբանե թաղամասին պատկանող շուրջ 4000 քմ տարածքը, որտեղ, ըստ նախագծի, պետք լինեին զրուցարաններ, կանաչ տարածք ու շատրվաններ, բնակիչների պնդմամբ, կառուցապատողն առանձնացրել էր, քաղաքապետարանից նոր հասցե ստացել, որ տեղում կրկին շենքեր կառուցեր: Ի թիվս այլ խնդիրների, բնակիչները նաև սա էին անօրինական համարում:

Օրերս լավ լուր են ստացել՝ բնակիչներին պատկանող հողամասը վերադարձվել է բնակիչներին: Այս թաղամասում բնակարան գնած Հայկ Սմբատյանն իր կամքից անկախ, ստիպված այս ոլորտի փորձագետ է դարձել. - «Կառուցապատող ընկերությունը եկավ կառուցողական դաշտ ու ապահովեց այդ հողամասի վերադարձի պրոցեսը»:

Ավելի քան 1000 բնակարան ունեցող նորակառույց թաղամասը պետք է շահագործման հանձնվեր 2022-ի հոկտեմբերին, սակայն 2025-հուլիսն է, դեռ հատուկենտ բնակիչներ են սեփականության վկայականներ ստացել, շենքն անգամ շահագործման թույլտվություն չունի, թեև շուրջ 50 տոկոսով բնակեցված է: Ավելին՝ կառուցապատողը սնանկ է ճանաչվել: Այս ամենի ֆոնին, 4000 քմ հողատարածքն իրենց վերադարձնելու փաստն ուրախալի լուր է բնակիչների համար, բայց, եթե կառուցապատող N&S Construction-ն այն չբարեկարգի, չկանաչապատի ու չդարձնի այնպիսին, ինչպես հաստատված էր նախագծով, ապա համալիրը շահագործելու համար վերջնական փաստաթուղթը՝ շահագործման ակտը, չի ստանա:

Քաղաքապետարանը նորակառույցներին ավարտական ակտ տրամադրում է միայն այն դեպքում, երբ կառույցի շինարարությունը ավարտված է՝ նախագծին համապատասխան, և երբ սահմանված նորմերից շեղում չկա: Բայց սա դեռ չի նշանակում, որ շենքը պիտանի է բնակեցման: Հաջորդ քայլով, առնվազն 6 ամիս ժամանակ է տրամադրվում կառուցապատողին, որ ավարտի մնացած աշխատանքները: Եթե պետական մարմինները ստուգում ու պարզում են, որ ամեն ինչ անվտանգ է, շենքը պիտանի է օգտագործման, արդեն տրվում է շահագործման ակտ: Պարզ ասած՝ մինչև շենքը չունենա այս վերջնական փաստաթուղթը, պիտանի չէ բնակեցման համար: Չնայած սրան, Երևանի շատ նորակառույցներ, բնակեցված են առանց այս թղթի, այդ թվում՝ այս համալիրը:

18 հարկանի 6 շենքերից բաղկացած համալիրը կառուցել է N&S Construction-ը։ Համալիրն ավարտին հասցնելու՝ քաղաքապետարանի հատկացրած ժամկետը կառուցապատողն 8 անգամ երկարացրել էր: Ավարտական ակտը ստանալուց շուրջ 8 ամիս անց կառուցապատողը սնանկ ճանաչվել: Բնակիչներից մեկն էր սնանկության պահանջով դատարան դիմել:

Մյուս բնակիչները կասկածներ ունեն, որ դա կազմակերպված սնանկություն էր, որ կառուցապատողն ազատվի պետության հանդեպ կուտակած միլիոնների հասնող պարտքերից: Իրավապահներին ու վարչապետին ուղարկած նամակում նաև այդ կետը կար, պահանջում էին ստուգել սնանկության ողջ պրոցեսը:

Առհասարակ համալիրը դեռ շատ խնդիրներ ունի, բայց բնակիչները հույս ունեն, որ իրենց այս փոքրիկ ձեռքբերումը վերջին չի լինի, պնդում են՝ եթե իրենց բոլոր պահանջները լուծումներ չստանան, կանգն չեն առնելու: Ի դեպ՝ Միկոյան 64-ի բնակիչներ շուրջ 1 տարի հանդիպում էին պահանջում նաև Երևանի քաղաքապետի հետ, բայց երբ բողոքի ակցիայով Երևան -Եղվարդ մայրուղին փակեցին, հաջորդ օրը Ավինյանը նրանց ընդունեց:

Այս համալիրի գործը դատարանում է, բնակիչների պահանջով փոխվել է նաև սնանկության գործով կառավարիչը, Հայկ Սմբատյանն ասում է՝ կասկածներ ունեին, որ նա շեղվել է իրավական ճանապարհից, հետո արդարադատության նախարարությունը նրան որակազրկել է: Հիմա նոր կառավարիչ ունեն, հույս ունեն, որ ի վերջո կստանան իրենց սեփականության վկայականները՝ առանց կառուցապատողի կողմից ավելորդ պահանջների: Բայց մինչ այդ կառուցապատողը պետք է բարեկարգի բնակիչներին վերադարձրած 4000 քմ տարածքը, որ շենքի վերջնական փաստաթուղթը՝ շահագործման ակտն էլ չմնա օդում:





XS
SM
MD
LG