ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է համարում: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի սենատորների հետ ճաշի ժամանակ:
Թվարկելով իր նախագահության օրոք իր գնահատմամբ արտաքին դիվանագիտական հաջողությունները՝ Թրամփը դրանց շարքում շատ հպանցիկ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել:
«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և [խաղաղության համաձայնագիրը] բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց՝ բանակցային սեղանին է համաձայնեցված փաստաթուղթը նախաստորագրելու գաղափարը: Այս մասին լուրերը սկսեցին շրջանառվել Աբու Դաբիում մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին զուգահեռ, ընդ որում՝ տեղեկությունը տարածեցին ադրբեջանական աղբյուրները: Այդ հանդիպումից հետո, սակայն, որևէ կոնկրետ համաձայնության մասին չհայտարարվեց:
Ավելի վաղ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարել էր, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, վարչապետի մամուլի խոսնակը նշել էր՝ «ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ», պարզաբանել էր՝ Հայաստանի օրենսդրությամբ միայն գյուղատնտեսական հողերը կարելի է վարձակալության հանձնել;
Նազելի Բաղդասարյանը, սակայն, չէր հստակեցրել՝ արդյոք դեսպանը ԱՄՆ ապաշրջափակման այդ նույն առաջարկի մասին է խոսում, որը, ըստ «Քարնեգի» հիմնադրամի, Թրամփի վարչակազմն արել է Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապուղու վերաբերյալ: Պաշտոնական Երևանը չի հերքել, որ նման առաջարկ եղել է: