Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը քննարկում է Աբրահամի համաձայնագրերին Բաքվի միանալու հարցը. Ըստ «Ռոյթերզի»՝ նախապայմանը հայ-ադրբեջանական կարգավորումն է


ԱՄՆ նախագահն ու նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, արխիվ
ԱՄՆ նախագահն ու նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, արխիվ

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Բաքվի հետ ակտիվ քննարկումներ է անցկացնում, որպեսզի Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի որոշ դաշնակիցներ միանան Աբրահամի համաձայնագրերին, հաղորդում է «Ռոյթերզը»՝ հղում անելով հարցին քաջատեղյակ հինգ աղբյուրների։

Աբրահամի համաձայնագրերը ստորագրվեցին Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում՝ 2020-2021 թվականներին՝ Իսրայելի և չորս արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Նախագահության երկրորդ ժամկետի մեկնարկին Թրամփի վարչակազմը հայտարարեց՝ այս համաձայնագրերի ընդարձակումն ու նոր երկրների ներգրավումը շարունակում է մնալ գերակա խնդիր։

«Ի տարբերություն արաբական երկրների, սակայն, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրներն արդեն իսկ սերտ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, ինչը նշանակում է, որ համաձայնագրերի ընդլայնումը հիմնականում խորհրդանշական կլինի՝ հնարավորություն տալով խորացնել կապերը առևտրի և ռազմական համագործակցության ոլորտներում», - ասել են «Ռոյթերզի» աղբյուրները՝ անանուն մնալու պայմանով։

Հայ - ադրբեջանական կարգավորումը՝ նախապայման


Միաժամանակ, ըստ լրատվամիջոցի, Աբրահամի համաձայնագրերին միանալու համար Վաշինգտոնը նախապայման է դնում Ադրբեջանի առաջ՝ պահանջելով նախ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Ըստ «Ռոյթերզի» աղբյուրների՝ այդ հարցը քննարկվել է նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատարած այցի ժամանակ, դրանից հետո էլ Ուիթքոֆի օգնական Արյեհ Լայթսթոունն է գարնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել։

Ավելի ուշ Թրամփի բանագնացը այդ մասին նաև հարցազրուց էր տվել. - «Ես խոսում եմ մի շարք երկրների՝ «Խաղաղության Աբրահամի համաձայնագրերին» միանալու մասին: Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք մեր կարծիքով շատ-շատ մոտ են իրենց միջև հակամարտության վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, հնարավոր է ցանկություն հայտնեն միանալ «Աբրահամի համաձայնագրերին»: Սա մի մեծ նախաձեռնություն է նախագահի համար, և նա հավատում է դրան»:

Այս քննարկումների շրջանակներում, ըստ «Ռոյթերզի», Ադրբեջանի պաշտոնյաները կապ են հաստատել նաև Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում՝ Ղազախստանի պաշտոնյաների հետ՝ գնահատելու նրա՛նց հետաքրքրությունը Աբրահամի համաձայնագրերին միանալու հարցում։

Աբրահամի համաձայնագրերի «նոր նշանակությունը»

«Ռոյթերզը» նշում է՝ 2020 թվականի սեպտեմբերին Սպիտակ տան սիզամարգում ստորագրված պատմական այդ փաստաթղթերը հիմա արդեն ավելի հեռուն գնացող նշանակություն ունեն Թրամփի վարչակազմի համար։ Եթե տարիներ առաջ դրանց նպատակն էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մի կողմից Իսրայելի, մյուս կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի ու Սուդանի միջև, ապա հիմա ընդլայնման երկրորդ փուլը, կարծես, թե վերածվում է ԱՄՆ-ի և Իսրայելի փափուկ ուժի կիրառման, հարաբերությունների սերտացման մեխանիզմի:

Օրինակ, երբ տարիներ առաջ Սուդանը միացավ այդ համաձայնագրին, ԱՄՆ-ը ոչ միայն հանեց այդ երկիրը ահաբեկչությունը հովանավորող պետությունների
ցուցակից, այլև $1.2 մլրդ վարկ տրամադրեց։ Նույն կերպ, երբ Մարոկոն ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը, դրա դիմաց Միացյալ Նահանգները ճանաչեց Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի նկատմամբ։

Ադրբեջանի դեպքում, ըստ իսրայելցի և ադրբեջանցի վերլուծաբանների, սեղանին է Կոնգրեսի կողմից Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո ընդունված 907-րդ բանաձևը, որով Բաքուն տարիներ շարունակ Վաշինգտոնից աջակցություն չէր
ստանում։

Ու թեև Սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգների նախագահները պարբերաբար սառեցել են այդ արգելանքը, սակայն այն, փաստացի, շարունակում է մնալ Ամերիկայի գործիքակազմում։

Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ «եռանկյունի»

Բացի այդ, ըստ իսրայելական մամուլի, Իսրայելը վերջին ամիսներին բանակցում է Վաշինգտոնի հետ՝ Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության հիմք ստեղծելու համար։

Իսրայելում իշխող կոալիցիայի անդամ, խորհրդարանի «Շաս» կուսակցության պատգամավոր Սիմոն Մոշիաշվիլին, մասնավորապես, անցած մայիսին հատուկ նախագիծ էր ներկայացրել խորհրդարան՝ կոչ անելով է՛լ ավելի ամրապնդել Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքը և դիտարկել այդ երկիրը Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում ներառելու հնարավորությունը։ Մոշիաշվիլին, ըստ «Ջերուսալեմ փոսթի», պնդել էր, թե «Աբրահամի համաձայնագրերին միացող երկրները անմիջապես ստանում են տարբեր տնտեսական և անվտանգության խթաններ»։

Բացի այդ, մի շարք ազդեցիկ ռաբբիներ՝ ԱՄԷ-ի գլխավոր ռաբբի Էլի Աբադիի գլխավորությամբ, ով, ի դեպ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մտերիմ գործընկերն է և մեծ դեր է խաղացել Աբրահամի համաձայնագրերի կնքման գործում, անցած գարնանը նամակ էին ուղարկել նախագահ Թրամփին՝ խրախուսելով Բաքվի ընդգրկումը Աբրահամի համաձայնագրերին միացած երկրների շարքում:

Այդ բանակցությունների ֆոնին՝ անցած ամիս Ստեփանակերտում կազմակերպված մեդիա ֆորումի ժամանակ, Ալիևը, առանց մանրամասները բացահայտելու, հայտարարեց, թե շուտով Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են հասնել նոր, ավելի բարձր մակարդակի։

«Դոնալդ Թրամփի օրոք մենք տեսնում ենք ամուր համագործակցության մեծ ներուժ, և շատ դրական ուղերձներ ենք ստացել Վաշինգտոնից։ Հույս ունենք, որ տեսանելի ապագայում կարևոր հանգրվաններ կլինեն, որոնք կբարձրացնեն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մակարդակը», - ասել էր Ալիևը:

«Ռոյթերզը» փաստում է, որ հյուսիսում Ռուսաստանի, հարավում՝ Իրանի միջև ընկած Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի և Արևմուտքի միջև առևտրային հոսքերի կարևոր օղակ է․ Կովկասը և Կենտրոնական Ասիան նաև հարուստ են բնական պաշարներով, այդ թվում՝ նավթով և գազով, ինչը տարբեր խոշոր տերությունների մղում է մրցակցել տարածաշրջանում ազդեցության համար:

Գործակալության հետ զրույցում երկու աղբյուր նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ ամերիկյան քննարկումները դեռ սաղմնային փուլում են, մինչդեռ Ադրբեջանի դեպքում բանակցությունները բավական առաջ են գնացել, և գործարքը կարող է կնքվել մի քանի շաբաթվա կամ՝ ամիսների ընթացքում։

Օրեր առաջ համաձայնագրի ընդարձակման մասին նաև նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն էր խոսել՝ Fox News-ին տված հարցազրուցում. - «Աբրահամի խաղաղության համաձայնագիրը կընդարձակվի, և ես չեմ զարմանա, եթե մինչև այս տարեվերջ դրան միանան 6-10 երկիր», ասել էր նա:

Հատկանշական է, որ անցած մարտին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ, Բուշի վարչակազմի օրոք պաշտպանության փոխնախարար Սեթ Քրոփսին կարծիք-հոդված էր հրապարակել Wall Street Journal-ում, պնդելով, որ սա պատմական պահ է, և Վաշինգտոնը պետք է մերձեցնի հարաբերությունները Բաքվի հետ։

«Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության եկան՝ վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ գրեթե 40-ամյա հակամարտությանը։ Համաձայնագիրը արևմտամետ Ադրբեջանին ռազմավարական հենարան է տալիս՝ թուլացնելու Իրանի սպառնալիքը տարածաշրջանում և դրանից անդին»,- գրել էր Բուշ ավագի վարչակազմի օրոք ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը՝ հավելելով. - «Իրանի դեմ պաշտպանական պատնեշ ծառայելուց բացի Ադրբեջանը կարող է օգնել Վաշինգտոնին ապահովել Միջին միջանցքը՝ Ասիայից դեպի Եվրոպա գլոբալ առևտրային ուղին, որը կշրջանցի Ռուսաստանը և Իրանը»։

Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան նաև մանրամասներ էր հայտնել կուլիսային բվանակցություններից, նշել, որ այս տարվա փետրվարին Երուսաղեմ կատարած այցելության ժամանակՀիքմեթ Հաջիևը քննարկել է Աբրահամի համաձայնագրերին՝ Ադրբեջանի միանալու թեման: Դրանից առաջ էլ իսրայելամետ լոբբիստական խումբ է այցելել Բաքու, ինչից հետո իսրայելական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ Begin-Sadat Center-ը մեծ վերլուծական հոդված էր հրապարակել՝ հիմնավորելով, որ Բաքուն «կատարյալ կլինի այս խմբում»։

Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը

Ի դեպ, ամիսներ առաջ, երբ նախագահ Թրամփի բանագնաց Ստիվ Ուիթքոֆը խոսել էր Աբրահամի համաձայնագրերին միացող նոր երկրների մասին, այդ շարքում Ադրբեջանից բացի նաև Հայաստանն էր նշել։

«Ազատությունն» այդ ժամանակ հետաքրքրվել էր Հայաստանի արտգործնախարարությունից՝ արդյո՞ք Երևանը քննարկում է փաստաթղթին միանալու հնարավորությունը։

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ», - անցած մայիսին ասել էր արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ փաստացի չբացառելով, որ կարող է քննարկում լինել նաև այդ հարցի շուրջ:

«Ազատությունը» նաև հետաքրքրվել էր՝ Հայաստանին եղե՞լ է Աբրահամի համաձայնագրերին միանալու առաջարկ, ի՞նչ է Երևանը պատասխանել։ Հայաստանի արտգործնախարարությունից այս հարցերին չէին պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG