Միացյալ Նահանգները առաջարկում է Իսրայելի բանակցությունները Համասի հետ անցկացնել «ամեն ինչ կամ` ոչինչ» ձևաչափով, այսինքն՝ դադարեցնել պատերազմը՝ Գազայի հատվածից բոլոր 50 իսրայելցի պատանդներին միաժամանակ վերադարձնելու դիմաց, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Նրա խոսքով, առևմուտքում ահաբեկչական ճանաչված Համասի հետ բանակցությունների նպատակը պատերազմի ընդլայնումը չէ, այլ՝ դրա դադարեցումը։
Ուիթկոֆը երեկ Թել Ավիվում հանդիպել է իսրայելցի պատանդների ընտանիքների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել լարված մթնոլորտում՝ պատանդներ Ռոմ Բրասլավսկուն և Էվիատար Դեյվիդին պատկերող նոր տեսանյութի հրապարակման ֆոնին։ Կադրերից դատելով՝ երկու պատանդներն էլ շատ հյուծված են և ծայրահեղ ծանր վիճակում։
Հարազատները տեղի ունեցածը անվանում են «ժամանակակից Հոլոքոստ»՝ մեղադրելով Իսրայելի կառավարությանը քաղաքական սխալ հաշվարկների, բանակցությունները ձգձգելու և կոնկրետ գործողությունների բացակայության համար։
Համասը հայտարարել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։ Զինված խմբավորումը պնդում է, թե Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հարձակումը «բացել է աշխարհի աչքերը պաղեստինյան հարցի վրա»։