Կառավարությունը մտադիր է փոփոխել քաղաքացու գույքը հանրային շահի համար վերցնելու պայմանները, դրանք, ըստ էության, խստացնելով քաղաքացու, դյուրացնելով՝ կառուցապատողների համար:
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում Արդարադատության նախարարության փոփոխությունները փորձագետներն ու իրավաբանները որակում են մտահոգիչ, պնդում՝ դրանով կխախտվեն հանրային շահի համար գույքից զրկվող քաղաքացիների իրավունքները:
Ամենակարևոր խնդիրն առանց դատարանի գույքը քաղաքացուց վերցնելու դրույթն է, ասում է այս գործերով մասնագիտացած փաստաբան Դավիթ Ասատրյանն ու վկայակոչում Սահմանադրությունը, որի համաձայն ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ՝ դատական կարգով, այն էլ՝ օրենքով նախատեսված դեպքերի:
«Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ այդտեղ վիճելի հարց կա, որովհետև ձեր Սահմանադրության մեջ գրված է, որ չեք կարող առանց դատարանի որոշման անձանց սեփականազրկեք», - ասաց փաստաբանը:
Ըստ այժմ գործող օրենքի, իր գույքը ինքնակամ գնորդին չհանձնող քաղաքացու դեպքում, երբ նա չի համաձայնում առաջարկվող գումարի չափին, կողմը դիմում է դատարան, իսկ այդ ընթացքում դատարանը կասեցնում է սեփականազրկման գործընթացը: Բայց Արդարադատության նախարարությունը մտադիր է հանել այդ կասեցման դրվագը: Եվ անկախ նրանից, թե քաղաքացու գործը դատարանում է, նրա գույքը կօտարվի հանուն հանրային շահի:
«Պետք է որոշակի երաշխիքներ ապահովեն, պետք է նախնական փոխհատուցում լինի, պիտի համարժեք լինի, օրինակ, գումարի չափը պետք է համարժեք լինի գույքին, պետք է ինքնակամ կառույցները հաշվի առնվեն», - ասաց Ասատրյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովն ամիսներ առաջ ուսումնասիրել էր նախագիծն ու որոշ կետեր, այդ թվում՝ կասեցման դրույթը, խնդրահարույց որակել: Փաստաբան Ասատրյանի խոսքով, այժմ շրջանառվող նախագծում փոփոխվել է այդ հատվածը, կասեցման հնարավորություն է տրվել բացառիկ դեպքերում, իսկ թե որոնք են այդ բացառիկները, կորոշի դատարանը: Կարծում է՝ դատարաններն էլ 99 տոկոս դեպքում չեն ճանաչի բացառիկ:
«Բնականաբար այնպես է բարձր շեմ վերցրած, որ դատարաններ չգիտեմ ինչ փաստեր պետք է ներկայացնել: Ամբողջ ինստիտուտը նրանում է կայանում այս ամբողջի մեջ, որ հնարավորինս քիչ փոխհատուցեն, այսինքն, ինքնակամ կառույցները չփոխհատուցվեն և այլն, երկրորդ՝ հնարավորինս ամեն ձև կառուցապատողների համար ավելի արագ, ավելի արդյունավետ, առանց որևէ խնդրի, որ կարող է դատարաններն իրենց կասեցնեն և այլն, արագ բնակիչներին զրկեն սեփականությունից ու տարածքը կարողանան կառուցապատման տակ դնեն», - նշեց նա:
Երկրորդ խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը եզրահանգել է՝ եթե քաղաքացին խոչընդոտի իր գույքը վերցնելուն, ապա այն առանց դատարանի կվերցնեն նրա ձեռքից, և մյուս կողմն ինքը կորոշի՝ որքան վճարել քաղաքացուն:
«Պետությունն ասում է՝ եթե դու խոչընդոտես կառուցապատողին մտնի ներս, ինքը կարա միջին գին որոշի քո համար ու դու այլևս դատարաններում, որևէ տեղ չես կարող գնալ դա վիճարկել: Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ բացահայտեք՝ ինչ է նշանակում խոչընդոտել: Իրենք ընդհանրական են ասում, այսինքն, ցանկացած բան, որ ինքը չեկավ դուռը բացեց, Հայաստանում չեղավ, այսինքն այստեղ շատ կամայականություն կա», - ասաց Փաստաբանը:
Մեկ այլ հարց էլ կա քաղաքացու կողմից գործընթացը խոչընդոտելու դեպքում: Եթե որոշվում է, որ քաղաքացին խոչընդոտել է, օրինակ՝ դուռը չի բացել, որ գնան տունը չափագրեն, կա՛մ տանը չի եղել, կա՛մ այլ խնդիրներ են ծագել, ապա, միևնույն է, գնահատողները որոշում են փոխհատուցման չափն ու վերջ՝ այն այլևս անփոփոխ է, քաղաքացին այլևս այդ չափը չի կարող վիճարկել:
«Պետությունն ասում է՝ կամ թույլ տուր մտնեմ նայեմ, կամ էլ ինքս կորոշեմ մոտավոր արժեք», - նշեց Ասատրյանը:
Մի խնդիր էլ կա. եթե մինչև հիմա փոխհատուցում են տվել նաև քաղաքացուն պատկանող հողի վրա կառուցված ինքնակամ շինությունների համար, ապա այս նոր փոփոխությամբ դրանք այլևս արժեք չունեն:
Արդարադատության նախարարության առաջարկած այս փոփոխությունները խնդրահարույց է համարում նաև Իրավունքի զարգացման ու պաշտպանության հիմնադրամը: Մինչդեռ նախարարությունն իր հիմնավորումներում եզրակացրել է՝ այս փոփոխություններն արվում են հստակեցնելու ոլորտը, լուծելու այս տարիների ընթացքում գոյացած խնդիրները, այդ թվում՝ գնահատող ընկերությունների ոլորտի:
«Ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն գերակա շահ ճանաչելու նպատակների անխափան, ժամանակին և ամբողջական իրագործումը` միաժամանակ սեփականատերերի համար ապահովելով գույքի գնահատման առավել ամբողջական կարգավորումներ, նոր երաշխիքներ, իրենց իրավունքների դատական պաշտպանության առավել ամբողջական գործիքակազմ», - գրված է Արդարադատության նախարարության եզրակացության մեջ:
Ավելին՝ պնդում են այս փոփոխությունները հիմնավորվում են նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից: