Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրում են խաղաղության համաձայնագիրը Վաշինգտոնում, 8-ը օգոստոսի, 2025
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրում են խաղաղության համաձայնագիրը Վաշինգտոնում, 8-ը օգոստոսի, 2025

Երևանն ու Բաքուն այսօր միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո Ֆեյսբուքում գրեց. - «Այս Համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»։

Մինչ բուն տեքստը հրապարակելը Կառավարությունը գաղտնազերծեց օգոստոսի 5-ի որոշումը, որով գործադիրը, ինչպես պարզ դարձավ, հավանության է արժանացրել համաձայնագրի թե՛ ստորագրման, թե՛ նախաստորագրման առաջարկությունը: Ստացվում է՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ վարչապետի գլխավորած պատվիրակությունը պատրաստվել է նաև ստորագրման սցենարի:

2022 թվականի մարտից մեկնարկած հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի գաղնազերծմամբ հաստատվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը, առաջնորդվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Սա փաստաթղթի նախաբանից հետո առաջին հոդվածն է.

«Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»։

Երևանը բանակցությունների մի փուլում պնդում էր՝ տարածքային ամբողջականության ճանաչմանը զուգահեռ պետք է պայմանագրում կոնկրետ քարտեզի հղում լինի, բայց դրան դեմ էր Բաքուն: Այսօր պաշտոնապես արդեն պարզ դարձավ՝ պայմանագրի տեքստում որևէ թվականի կոնկրետ քարտեզ հիշատակված չէ:

Հաջորդ հոդվածով կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի: Չեն ձեռնարկի որևէ գործողություն, որը ամբողջությամբ կամ մասամբ կխաթարի մյուսի տարածքային ամբողջականությունը: Բայց ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանն օկուպացրել է:

Փոխարեն համաձայնել են զերծ կմնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Չմիջամտել միմյանց ներքին գործերին, շարունակել աշխատել սահմանազատման ուղղությամբ՝ սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով: Մինչ այդ էլլ՝ քայլեր սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

Երևանն ու Բաքուն իրենց երկրներում թույլ չեն տա նաև ծայրահեղականության որևէ դրսևորում.

«Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։

Սա այն կետն է, որը հայաստանյան ընդդիմությունն անվանում է ռևանշիզմի դեմ պայքար: Նրանց գնահատմամբ՝ այս կետն Ալիևի պահանջ է: Եվ եթե սա միայն ընդդիմության պնդումն է, ապա հայտնի է, որ 7-րդ և 15-րդ հոդվածները հենց Ադրբեջանն է առաջարկել, Երևանը երկար ժամանակ ընդդիմանում էր, ի վերջո ընդունեց դրանք: Եվ միայն դրանից հետո՝ մարտ ամսին կողմերը հայտարարեցին տեքստի ամբողջական համաձայնեցման մասին:

Դժվարությամբ համաձայնեցված այդ երկու կետերը վերաբերում են միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելուն և երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Ընդ որում՝ հայցերը հետ կանչելու հստակ ժամկետ է նշված՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Բայց հայցերից հրաժարվելուն զուգահեռ համաձայնագրում չկա հոդված, որով կլուծվի ադրբեջանական գերության մեջ գտնվող 23 հայերի ճակատագիրը: Առանձին հոդված կա, որով կողմերը կփորձեն լուծում տալ անհետ կորածների խնդրին.

«Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց»:

Ընդհանուր առմամբ պայմանագրի մյուս հոդվածների բովանդակությունը նույնպես մինչ հրապարակումը հայտնի էր՝ կողմերը համաձայնագրի վավերացումից հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, կկնքեն համագործակցության պայմանագրեր, կստեղծեն երկկողմ հանձնաժողով պայմանագրի կատարումն ապահովելու համար: Ներպետական օրենսդրությանը հղում չեն անի համաձայնագրի որևէ կետի չկատարումը հիմնավորելու համար: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերով վավերացում անցնելուց հետո:

Երևանի և Բաքվի միջև համաձայնեցված այս փաստաթուղթը Վաշինգտոնում շաբաթավերջին ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց Բաքվի նախապայմանների պատճառով: Բուն համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը երկու նախապայման է ներկայացնում, որոնցից մեկը՝ ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարումն արդեն իրագործված է: Վաշինգտոնում արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ մոտ երեք տասնամյակ առաջ Ղարաբաղյան հակամարտության համար ձևավորված կառույցը լուծարելու հարցով: Ալիևը վաշինգտոնյան բանակցություններից հետո վստահ պնդում էր, թե կփոխվի նաև Հայաստանի Սահմանադրությունը, որից հետո ցանկացած պահի արդեն խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել:

«Եվ հիմա պիտի աշխատենք հաջորդ փուլի վրա, որպեսզի ստորագրենք», - իր հերթին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG