Մատչելիության հղումներ

Ռուս պաշտոնյաների հետ հանդիպում Հայաստանի կառավարությունում. արդյոք քննարկվե՞լ են վաշինգտոնյան պայմանավորվածությունները


Ռուս պաշտոնյաների հետ հանդիպում Հայաստանի կառավարությունում, որից հետո Երևանի տարածած պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ հիշատակում չկա՝ արդյոք քննարկման թեմա դարձե՞լ են նաև վաշինգտոնյան վերջին պայմանավորածությունները:

Երևան են եկել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, նրանց ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպմանը հայկական կողմից ներկա էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում։

Մի քանի օր առաջ հենց Օվերչուկն էր ասել՝ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում: Այնուհանդերձ, ռուս պաշտոնյան հավելել էր՝ կան որոշ նրբություններ, որոնք պետք է ճշգրտեն կողմերի հետ:

«Չնայած կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ այդ թեման չի հիշատակվում, բայց ես կարծում եմ, որ ինչպես Իրանի նախագահի այցի պարագայում, այնպես էլ այս դեպքում, Օվերչուկի և Գալուզինի այցը առաջին հերթին նպատակ է հետապնդում հստակեցնել այդ պայմանավորվածությունների վերաբերյալ դետալները», - ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:

2020-ի պատերազմից հետո տրանսպորտային ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն Մոսկվայի մասնակցությամբ էին քննարկում, անգամ փոխվարչապետերի հանձնաժողով ստեղծվեց, որը 2 տարի է հանդիպումներ չի անցկացնում, փաստացի, չի գործում:

Ռուսներն ուղիղ չեն ընդդիմանում Վաշինգտոնի միջնորդությամբ, նաև մասնակցությամբ ապաշրջափակման պայմանավորվածությանը, սակայն Մոսկվայից հայտարարում են՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս պետք է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։

«Ռուսաստանը վերջին տարիների ընթացքում փորձում էր վերահսկողություն հաստատել այդ կոմունիկացիայի նկատմամբ կամ առնվազն լինել այդ կոմունիկացիայի ֆասիլիդատորը: Մենք տեսանք, որ այդ ջանքերը մեծ հաշվով կյանքի չկոչվեցին: Այն համգամանքը, որ հիմա ամերիկյան թեկուզ մասնավոր ընկերությունը կարող է այդ գործառույթը կատարել, չի կարող չանհանգստացնել Մոսկվային», - ասաց Գրիգորյանը:

Երևանն ու Վաշինգտոնը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Դրա դետալները դեռ հայտնի չեն, ԱՄՆ նախագահ Թրամփը միայն հայտարարել է «միջանցքը զարգացնելու» հայ-ամերիկյան գործընկերության մասին, որը 99 տարով է: Իսկ Հայաստանի փոխարտգործնախարարը՝ որ ընկերությունը կգրանցվի Հայաստանում, իսկ բաժնեմասերը կկիսվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Վանան Կոստանյանը, սակայն, վստահեցրել էր, թե սա նշանակում է ամերիկյան անվտանգային ներկայություն տարածաշրջանում:

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը չի կիսում Հայաստանի վարչապետի լավատեսությունը, թե տարածաշրջանային գործընկերների մտավախություններն այս ծրագրի վերաբերյալ այլևս փարատված են:

«Քանի դեռ այդ դետալները պարզ չեն, իսկ ես կարծում եմ, որ այս սկզբնական փուլի լավատեսությունը կապված է այն բանի հետ, որ ինքնիշխանության, իրավազորության ու նաև տարածքային ամբողջականության սկզբունքները շեշտված են, այնուամենայնիվ, տարբեր ձևակերպումների հետ կապված և այդ ձևակերպումների մեկնաբանությունների հետ կապված խնդիրներ ունենալու ենք: Քանի դեռ այս իրավիճակը կա, ես չեմ կարծում, թե ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի, բայց նաև Հայաստանի ներսում այդ մտահոգությունները կարելի է փարատված համարել», - ընդգծեց նա:

«Եթե կենտրոնանանք համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, այլև Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր օգուտներ», - Վաշինգտոնից հետո վարչապետ Փաշինյանը ջանում էր Թեհրանին ու Մոսկվային տնտեսապես շահագրգռել:

Բայց վարչապետի հայտարարությունից հետո էր Օվերչուկն ասել՝ իրենց նրբություններն են հետաքրքիր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերին, նախ և առաջ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից: «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական երկաթուղուն, արդյոք ապաշրջափակման ու երկաթգծի գործարկման դեպքում դրա ապագայի՞ հարցն է Մոսկվային հետաքրքրում, այդքան էլ հստակ չէ:

Քաղաքագետը կարծում է՝ Ռուսաստանի հիմնական մտահոգությունները ոչ թե տնտեսական են, այլ՝ աշխարհաքաղաքական: Չի բացառում, որ անշուշտ ռուսական կողմը կարող է նաև կոմերցիոն հետաքրքրություն ունենալ. - «Ստրատեգիական նշանակություն ունեցող այս թեմայում Ամերիկայի ներկայությունն, իհարկե, չի կարող ողջունելի լինել Ռուսաստանի կողմից»:

Եթե իր շահերի հետ հակասություն տեսավ, Գրիգորյանը կարծում է, Մոսկվան ակտիվորեն խոչընդոտելու է «Թրամփի ուղու» իրականացմանը.- «Դրա համար Ռուսաստանը դեռևս լծակներ ունի, այդ լծակները հիմնականում տնտեսական և էներգետիկ են, բայց նաև իրավական բնույթի լծակներ ունի: Օվերչուկն իր հարցազրույցի մեջ շեշտել է, որ Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ լինել, հայ-իրանական սահմանին ևս կանգնած են ռուս սահմանապահներ, ես կարծում եմ, այս իրավիճակը կարող է փոխվել մոտ ապագայում, բայց դեռևս այդ լծակը ևս գոյություն ունի: Ռուսաստանը վստահաբար օգտագործելու է այդ բոլոր լծակները՝ իր համար ավելի նպաստավոր արդյունքների հասնելու համար»:

Երևանում Օվերչուկին ուղեկցում էր փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, որը սովորաբար տնտեսական հարցեր քննարկող փոխավարչապետի նախորդ այցերի ժամանակ ներկա չի եղել:







XS
SM
MD
LG