Առողջապահական բյուջեն ավելանում ու ավելանում է, բայց ամեն տարի, տարվա կեսից սկսած, պետպատվերից օգտվող սոցիալական հատուկ խմբերը նույն նախադասությունն են լսում՝ «պետպատվերը սպառվել է, հետո եկեք»։
Ուռուցքային հիվանդության դեմ քիմիաթերապիա անցնող տղամարդուն КТ հետազոտություն է պետք՝ բուժման ընթացքը հասկանալու համար, ասել են՝ երեք ամիս սպասիր: Այս խնդրին բախված բազմաթիվ այլ քաղաքացիների «Ազատության» նկարահանող խումբը հանդիպես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի բակում։ Տղամարդը իր հերթին չէր սպասել, վճարել էր։
Ինչո՞ւ է այսպես, հարցը երկու օր առաջ խորհրդարանական հանձնաժողովում քննարկման ժամանակ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ուղղեցին մի քանի պատգամավորներ։
«Պետպատվերի հետ կապված ես որևէ խնդրի մասին տեղյակ չեմ, պետպատվերը գործում է, եթե խնդիր կա, կխնդրեմ անպայման մեզ տեղեկացնել։ Մենք խնդիր չունենք պետպատվերի իրականացման հետ կապված», - արձագանքեց փոխնախարարը:
Իշխանական պատգամավորներից Էդգար Հակոբյանը ստիպված էր պատմել այն, ինչ իր հետ է տեղի ունեցել։ Հնգամյա որդուն հետվիրահատական բարդությամբ հիվանդանոց է տարել և լսել ճիշտ այն նախադասությունը, որ հիվանդանոցներում լսում են սոցիալական տարբեր խոցելի խմբերի մարդիկ. - «Պետպատվեր չկա։ Ամեն դեպքում ես հնարավորություն ունեի էլի այդ վճարը կատարելու, վճարեցի, բայց կարծում եմ՝ խնդիր կա, սոցիալապես անապահով խավի մեր հայրենակիցները, չգիտեմ, այդ դեպքում ի՞նչ պետք է անեին»։
Հիվանդանոցում նրան բացատրել են, որ պիտի հերթագրվի, մի ամսից էլ հերթը հասնի։ «Հերթագրման ժամկետը, այո, նորմալ երևույթ է, և եթե անհետաձգելի չէ», - նշեց նախարար Նանուշյանը։
Պատագամավոր Հակոբյանն էլ ասաց. «Անձամբ ես բժիշկների հետ խոսել եմ, հրատապ եղել է, ու ասել են՝ «նախարարությունից մեզ ասել են՝ անցած երկուշաբթի օրվանից էլ պետպատվեր չկա»։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ երկու ահազանգ ուներ, մեկը վերականգնողական բուժման կարիք ունեցող երեխայի վերաբերյալ, մյուսը՝ ուռուցքով հիվանդի. - «Երկուսին էլ օգոստոս ամսվա կեսին ասել են, որ պետպատվեր այլևս չկա»։
Փոխնախարարը պնդում է՝ «խախտումներ չկան», իրավապաշտպանը հակադարձում
Ավելի ուշ առողջապահության փոխնախարարը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց այս դեպքերին, ուսումնասիրել է դրանք ու պարզել՝ անհետաձգելի, հրատապ բուժօգնության կարիք չի եղել պատգամավոր Խաչատրյանի ահազանգերի դեպքում, իսկ Էդգար Հակոբյանը պիտի որդուն հիվանդանոց տաներ պոլիկլինիկայի ուղեգրով։ «Խախտումներ չկան», - եզրափակել է առողջապահության փոխնախարարը։
«Խախտումներ կան», - պնդում է «Առողջության իրավունք» կազմակերպության համանախագահ Անուշ Պողոսյանը և նշում, - «հասել ենք նրան, որ բանավոր հրահանգներ է գնում նախարարությունից, օրինակ, երեխաների ախտորոշման հետ կապված ուղեգրումները արեք խիստ անհրաժեշտության դեպքում կամ մի արեք»։
Պողոսյանի խոսքով՝ ահազանգեր ունեն, որ երեխաների անվճար ախտորոշման ու լաբորատոր հետազոտությունների պետպատվերը չկա, մեծահասակների դեպքում՝ թանկարժեք КТ, МРТ քննությունները։ Այս հետազոտություններն, օրինակ, քաղցկեղով հիվանդների դեպքում հրատապ են, մարդիկ չեն կարող սպասել, շեշտում է իրավապաշտպանը։ Այն, որ պետպատվերը թիրախին չի հասնում, համարում է ոչ թե փող չլինելու, այլ սխալ կառավարման հետևանք. - «Բժշկական հիմնարկներում պետպատվերի հավելագրումներով միլիոնների վնաս են հարցրել։ Այսինքն՝ չկա հիվանդ, բայց կան փաստաթղթային ձևակերպումներ և պետպատվերի ձևակերպում»։
Կառավարության հատկացրած պետպատվերի գումարը հիվանդանոցներին է բաշխում Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը։ Ղեկավար Սամվել Խարազյանն այսօր անպատասխան թողեց մեր զանգերը։
Անուշ Պողոսյանի պնդմամբ՝ հիվանդանոցներում հավելագրումներից բացի մեկ այլ խնդիր էլ կա՝ դիմելիությունն աննախադեպ աճել է, հիվանդներն են շատ, թե՞ ուղեգրվում են անիմաստ, ուսումնասիրություն կա՞, հարցնում է։
«Առողջապահության նախարարությունը ասում է՝ «ես անսահմանափակ ձեզ օֆերտա եմ տվել», չի վերահսկում այդ անսահմանափակ օֆերտայի արդյունքում ուղեգումները, և գալիս է, հասնում է իններորդ ամիսը, արդեն այդ պատվերը, այսինքն այն բյուջեն, որը տրամադրված է առողջապահության կազմակերպման համար, ուղղակի սպառվում է։ Եվ ի՞նչ են անում, ասում են, մի ուղեգրեք»։
Առողջապահության փոխնախարարը, արձագանքելով պատգամավորների ահազանգերին, շեշտել էր՝ անընդհատ մոնիթորինգ են իրականացնում, որ հերթերը շատ չերկարեն։
Իրավապաշտպան Պողոսյանը պնդում է՝ այսօր հնարավոր չէ հերթագրվել դեկտեմբերից շուտ անվճար բուժօգնության սպասումը կարող է իմաստ չունենալ: