Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:
Թուրքական NTV-ն էլ հայտնում է, որ հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին։ Ըստ լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների, Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը, ենթադրաբար, Հայաստան կժամանի «Ալիջանի» սահմանային անցակետով:
«Հանդիպումը կարող է ներառել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու որոշումների կայացում և նախկինում համաձայնեցված որոշումների իրականացում», - նշում է լրատվամիջոցը։
Հայ և թուրք բանագնացները դեռ 2022-ի հուլիսին Վիեննայում՝ չորրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն մինչ օրս պարզ չէ, թե երբ իրականություն կդառնա այդ պայմանավորվածությունը։
32 տարի առաջ փակված անցակետը երկու անգամ է բացվել։ Առաջին անգամ կամուրջը բացվեց 2023-ի փետրվարին․ Երևանը 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա՝ Ադիյաման քաղաքում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների համար։ Երկրորդ անգամ կամուրջը 10 օրով բացվեց այս տարվա մարտին՝ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու համար։
Պաշտոնական Անկարան ասում է, որ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-թուրքական սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում։
Անցած շաբաթ էլ Չինաստանում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Փաշինյանը և Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։