Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ, հայտնում է Reuters-ը։
68-ամյա Իշիբան Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը հանձնարարել է անցկացնել արտակարգ ընտրություն: Նա մամուլի ասուլիսում ասել է, որ կշարունակի իր պարտականությունները կատարել մինչև իրեն փոխարինողի ընտրվելը։
Ճապոնիայում կառավարող կոալիցիան, որի կազմում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Կոմեյտո» կուսակցությունը, հուլիսին կայացած ընտրությունների արդյունքներով կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում:
Մինչև կիրակի օրը նա մերժում էր հուլիսին Վերին պալատի քվեարկության ժամանակ տեղի ունեցած վերջին պարտությունից հետո հրաժարական տալու կոչերը։ Դրա փոխարեն նա կենտրոնացել էր ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի մանրամասների ճշգրտման վրա՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի հետ:
«Ճապոնիայի կողմից առևտրային համաձայնագրի ստորագրմամբ և նախագահի կողմից գործադիր հրամանագրի ստորագրմամբ մենք հաղթահարել ենք կարևորագույն խոչընդոտը», - ասել է Իշիբան և նշել, - «ես կցանկանայի էստաֆետը փոխանցել հաջորդ սերնդին»։